ՀԱՐՑ. Ես ու ամուսինս, երկար տարիներ բուժվելով անպտղության դեմ, այդպես էլ չկարողացանք երեխա ունենալ: Ուզում ենք որդեգրել առողջ փոքրիկի. ի՞նչ փաստաթղթերով եւ ո՞ւմ պետք է դիմենք, ու ի՞նչ կարժենա նման գործարքը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գայանե Պողոսյանի հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող, երեխա որդեգրել (դստեգրել) ցանկացող, Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները կառավարության 2010թ. մարտի 18-ի հ. 269-Ն որոշմամբ հաստատված կարգով դիմում են իրենց փաստացի գտնվելու վայրի մարզպետարանների (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումներ՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ` ներկայացնելով կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության պետական տուրքի օրենքի համաձայն` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից իրականացվող գործընթացի համար պետական տուրք չի նախատեսվում:
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների համար, ինչ խոսք, որդեգրման գործընթացի առավել պարզ ու թափանցիկ պայմանների ապահովումը բխում է միայն ու միայն երեխայի շահերից (չգիտես ինչու, չեն պատասխանում հարցին, թե ինչ փաստաթղթեր են պետք), բայց ինչպե՞ս հասկանալ, երբ հայ երեխան հանկարծ հայտնվում է օտար ափերում՝ կասկածելի մարդկանց հոգածության տակ, առանց հետադարձ հսկողության. նման իրավիճակների մասին ահազանգեր քիչ չեն լինում լրատվամիջոցներում: