Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ ԱԺ ոչ մի խմբակցություն Կոմկուսին քաղաքական կոնսուլտացիաների չի հրավիրել, եւ եթե նույնիսկ լինի ՀՀ նախագահի մեկ միասնական թեկնածու, ապա իրենք չեն էլ սատարելու նրան:
-Պարո՛ն Թովմասյան, ՕԵԿ խմբակցությունը 2013թ. բյուջեում կառավարությանն առաջարկել էր կուսակցություններին տրվող գումարների չափն ավելացնել, սակայն գործադիրը պատասխանել է, թե օրենքով կուսակցություններին պետական աջակցության նպատակով նախատեսվել է շուրջ 75.7 մլն դրամ: ՀԿԿ-ն երբեւէ կառավարությունից փող ստացե՞լ է:
-Մենք երբեք այդպիսի գումարներ չենք ստացել, իհարկե, ՕԵԿ-ի բարձրացրած հարցը ճիշտ հարց է, որովհետեւ այսպես շարունակել չի կարելի, եթե ուզում ենք երկիրը ժողովրդավար զարգանա, ապա մենք պարտավոր ենք հոգալ նաեւ դրա ֆինանսական գոնե տարրական հարցերը: Եթե նման հարցերը չեն հոգում, ապա միշտ էլ կուսակցությունների համար դժվար կլինի հույսը դնել միայն անդամավճարների վրա: Անդամավճարների վիճակն էլ այսօր շատ ծանր է, որովհետեւ մարդիկ թշվառ վիճակում են, եւ այդ թշվառության մեջ առանձնացնել նաեւ կուսակցության անդամավճարը, բավական բարդ է: Խոսքս չի վերաբերում ՀԿԿ-ին, որովհետեւ մենք շատ կարգապահ ենք եւ մեր անդամավճարները մուծում ենք: ՀԿԿ-ն իսկապես լուրջ ներդրում է ունեցել ՀՀ-ի համար, երկիր է ստեղծել ու տվել այսօրվա ,ժողովրդավարներինե: Այսօր այդ ամենն իրենք վայելում են, իսկ ՀԿԿ-ն ոչինչ չի ստանում:
-Լավ, նշեցիք, որ ՀԿԿ-ն ֆինանսական առումով այսօր շատ վատ վիճակում է գտնվում, այդ դեպքում ինչպե՞ս եք մասնակցելու նախագահական ընտրություններին: Ի վերջո, 8 միլիոն դրամ գրավ պետք է մուծեք:
-Ես հաստատ համոզված եմ, որ ՀԿԿ-ն թեթեւ բաներ չի անի, ծանրակշիռ կուսակցություն է, նա լրջորեն կհաշվարկի իր բոլոր ռեսուրսները եւ այդ ռեսուրսների հետ կապված նոր քայլեր կձեռնարկի: Մեզ համար առանց այն էլ շատ ծանր նստեցին ,ազգակցականե ժողովի ընտրությունները: Մենք այն ժամանակ դիմել էինք հանգանակություններին եւ երկրորդ անգամ նույն քայլին դիմելը չգիտեմ ինչ կլինի՝ վայրենություն առնվազն: Պլենումը ծանրակշիռ որոշում կընդունի:
-Հաշվի առնելով Ձեր ունեցած ռեսուրսները՝ կարելի՞ է եզրակացնել, որ պլենումը դրական որոշում չի կայացնելու:
-Ես չեմ կարող ասել՝ դրական կլինի, թե բացասական, որովհետեւ մեր կուսակցությունը չի մասնակցում այս դիմակահանդեսին: Քիչ է մնում բոլորը հայտարարեն, թե իրենք են պրեզիդենտը: Մենք ուղղակի ծանր ու թեթեւ կանենք, նոր որոշում կընդունենք: Ես կարծում եմ, որ դա ընդամենը դիմակահանդես է լինելու, Ձեզ ի՞նչ է թվում՝ դա գաղափարական պայքա՞ր է լինելու: Եթե գաղափարական պայքար լինի, եւ փողախեղդ չանեն Թովմասյանին, ես համոզված եմ, որ սոցիալիստական գաղափարախոսությունը ՀՀ-ում առնվազն բացարձակ հաղթանակի կհասնի: Դուք կարծում եք, որ մենք ,ազգակցականե ժողովի ժամանակ այդքան ձա՞յն էինք հավաքել, ո՛չ: Կեղծիքները, ահաբեկումները, մարդկանց ընտրակաշառք բաժանելը եւ այլն, դա գցեց ժողովրդին թյուրիմացության մեջ:
-Եթե պլենումը որոշի, որ Ձեր թեկնածությունը չպետք է առաջադրեք, ո՞ւմ կսատարեք: Հնարավոր միասնական թեկնածուի գաղափարը ձեզ կմղի՞ միասնականության:
-Ո՛չ, այդպիսի բան հնարավոր չէ, որովհետեւ մենք չենք կարող սատարել այն կուսակցություններին, որոնք կրկնելու են այսօրվա վիճակը, մենակ թե ուրիշ դեմքերով: Երբ որ ընտրություններն ավարտվեն, էլի բոլորը կհանեն իրենց դիմակները ու դեռ այդ ժամանակ էլ ժողովրդին կմեղադրեն եւ նորից կշարունակեն իրենց քաղաքականությունը: Քաղաքականություն, որը շարունակվում է արդեն 22 տարի:
-Իսկ ՀԿԿ-ն ինչո՞ւ չմասնակցեց քաղաքական կոնսուլտացիաների, օրինակ՝ ԲՀԿ-ն հայտարարեց, թե արտախորհրդարանական ուժերին եւս հրավիրելու են իրենց կողմից կազմակերպված կոնսուլտացիաներին: Ձեր կուսակցությանը հրավիրե՞լ են:
-Քաղաքական կոնսուլտացիաները, ցավոք սրտի, կատարվում էին պառլամենտական կուսակցությունների միջեւ: Արտապառլամենտական կուսակցությունների հետ որեւէ քաղաքական կոնսուլտացիա չի եղել, եւ չեն հրավիրել: Ինչ էլ հայտարարեն, իրենց գործն է, ես ասում եմ, որ ես չեմ հրավիրվել, ահա հենց դա էլ դիմակահանդեսի մի շառավիղն էր, էլի՛:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ