Հայ բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել Բելառուս կատարած եռօրյա այցի և հանդիպումների վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկակական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, ինչպես նաև պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկի հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ հայ պատգամավորները վերահաստատել են, որ Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: «Ես դատապարտել եմ հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումը եւ անթույլատրելի համարել Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը: Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում», «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:
Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարևորվել է միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներում: Բելառուսում իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում հայ պատգամավորները բարձրաձայնել են նաև Հայոց ցեղասպանության մասին:
Շարմազանովն ընդգծեց, որ ինքն իր ելույթում շեշտել է, որ միգուցե չլինեին ֆաշիզմը և նացիզմը, եթե ժամանակին միջազգային հանրությունը համարժեք գնահտական տար Հայոց ցեղասպանությանը: «Ես ասել եմ, որ Հիտլերի նացիզմի և Մուսոլինիի ֆաշիզմի հոգևոր հայրերը երիտթուրքական, այնուհետև քեմալական Թուրքիայի կառավարություններն են, որոնց գործողությունները չեն արժանացել միջազգային հանրության համարժեք գնահատականին», ասաց Շարմազանովը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ հույս է հայտնել, որ այսուհետ բելառուս պատգամավորները միջազգային հարթակներում առավել ակտիվ կլինեն Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում: