Ինչեր կբացահայտվեն Սդղլի գյոլում ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանի վերադարձից հետո, և ինչ կարգավիճակում կհայտնվի Տիգրան Խաչատրյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծի գործով տուժող Հարություն Զաքարյանը Մոսկվայից վերադարձել է Հայաստան: Եւ երեկ հիշատակված աղմկալի բացահայտումներն առջեւում են:

Տեղեկացնենք, որ տեղի ունեցած միջադեպից անցել է երկու ամիս, եւ այս ընթացքում ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել միայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամները: Ավելին՝ այս օրերին միայն մեղադրյալի  կարգավիճակում են հայտնվել մարզպետի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը` Աղալարը, մյուս եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիս Խաչատրյանը, որը հետախուզման մեջ է, մարզպետի վարորդի որդին՝ Դերենիկ Ղեւոնդյանը, եւ Շահում Դավթյանը, որը եւս մարզպետի մտերիմներից  է:

Ասել է,  թե  այս գործով արդեն 5 հոգու մեղադրանք է առաջադրվել, որոնց մեջ չկա կռվի հիմնական դերակատարը` մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Տիգրանի մասով ՀՀ քննչական կոմիտեում կայացվելիք վերջնական որոշումը կախված է մեկ անձից՝ Հարություն Զաքարյանից, որը ծեծի արդյունքում ստացել էր ամենածանր վնասվածքը եւ կանգնած էր աչքը կորցնելու վտանգի առաջ: Եթե տուժող Հարություն Զաքարյանը քննչական կոմիտեում պնդի իր խոսքերը, որ մարզպետի որդին է եղել իրեն ծանր վնասվածք հասցնողը, այդ ցուցմունքից հետո միայն հնարավոր կլինի խոսել Տիգրան Խաչատրյանին սպասվելիք պատժի մասին:

Եվ, ահա, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ հունիսի 30-ին Հարություն Զաքարյանը Մոսկվայից Երեւան է վերադարձել: Տեղեկացանք, որ նա Մոսկվայի «Նոր հայացք» գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնում տեսողությունը վերականգնելու համար 3 անգամ վիրահատվել է: Իսկ մինչ Մոսկվա տեղափոխվելը, Հարություն Զաքարյանը տեսողությունը վերականգնելու համար վիրահատության էր ենթարկվել նաեւ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Սակայն այս կենտրոնում հարազատներին հայտնել էին, թե տեսողությունը այլեւս չի վերականգնվի: Ուստի Զաքարյանները Հարությունի տեսողությունը վերականգնելու համար որոշել էին նրան տեղափոխել Մոսկվա: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Հարություն Զաքարյանի վերջին վիրահատությունը եղել է հունիսի 26-ին:

11716036_975710652472984_1052046126_n

Իսկ ի՞նչ արդյունք տվեցին Մոսկվայի լավագույն հիվանդանոցներից մեկում իրականացված վիրահատությունները:

«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ են հայտնվել Մոսկվայի «Նոր հայացք» գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնում վիրահատության ենթարկված Հարություն Զաքարյանի աչքի վիճակը բնորոշող վերջնական եզրակացությունները: Ըստ դրանց, Մոսկվայի գիտահետազոտական հիվանդանոցում, մինչ Հարությունին վիրահատելը, բժիշկները Զաքարյաններին զգուշացրել են, որ որեւէ երաշխիք չեն կարող տալ, թե տղայի աչքը վիրահատելով՝ հնարավոր է վերականգնել տեսողությունը: Ըստ ռուս բժիշկների գնահատականի՝ Հարություն Զաքարյանը տարել է աչքի ծանր տրավմա: Արդյունքում՝ Մոսկվայում երեք անգամ վիրահատվելուց հետո Հարությունի տեսողությունում որեւէ առաջընթաց չի արձանագրվել: Բժիշկները Հարությունի աչքի մեջ սիլիկոնի յուղ են լցրել, սակայն դա էլ արդյունք չի տվել: Կարդալով ռուս բժիշկների մոտ գտնվող փաստաթղթերում ամրագրված արդյունքները՝ տեղեկանում ենք, որ բժիշկները հանգել են այն եզրակացության, որ Հարությունի աչքը դեմքի վրա կկրի ընդամենը կոսմետիկ բնույթ: Ավելին՝ դատելով փաստաթղթերից՝ բժիշկները իրականացվող ինչ-որ անհրաժեշտ քայլերի մասին ոչինչ չեն հայտնել, որը կարող է հույս ներշնչել, թե հետագայում հնարավոր է վերակագնել Հարությունի տեսողությունը:

11696710_975710642472985_179164556_n

Տեղեկացնենք, որ փաստաթղթերի վերջնական արդյունքներում նշված է, որ Հարությունի տեսողությունը մնացել է նույն վիճակում, նա այդ աչքով միայն լույս է տեսնում: Ու թերեւս այդ պատճառով է, որ Հարությունը այլ ելք չունենալով՝ հոր՝ Գագիկ Զաքարյանի հետ վերադարձել է Հայաստան: Չի բացառվում, որ հոկտեմբերին եւս հերթական վիրահատության համար նա մեկնի Մոսկվա: Զաքարյանները հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում են՝ Հարությունի տեսողությունը վերականգնելու համար, բայց դեռեւս, ցավոք, անօգուտ:

Նկատենք, որ մինչ օրս դեռ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել նրա աչքի ծանր վնասվածքի համար:

Ըստ էության, առաջիկայում Հարությունին կհրավիրեն ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ եթե նա եւս մեկ անգամ պնդի, որ իրեն ծանր վնասվածք հասցնողը եղել է հենց Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, գործը նոր փուլ կթեւակոխի:

Մնում է հուսալ, որ Տիգրան Խաչատրյանն այս անգամ եւս չի կրկնի նախկին փորձերը` լքելով երկիրը կամ հորեղբոր որդու՝ Մայիս Խաչատրյանի նման թաքնվի, մինչեւ անցնի վտանգը:

Հ.Գ. Ըստ շրջանառվող լուրերի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս գնացել է Մոսկվա՝ փորձելու հանդիպել եւ համոզել Զաքարյաններին, Հարութին վիրահատած բժշկին, որպեսզի բժիշկները նկարագրեն, թե Հարությունի տեսողությունը դեպի լավն է գնում: Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի՝ մարզպետը Զաքարյաններին կլորիկ գումար է առաջարկել, որպեսզի Հարությունը իրենց համար ցանկալի ցուցմունք տա: Բայց դատելով մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի բովանդակությունից՝ կա՛մ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, կա՛մ էլ մարզպետը չի կարողացել համոզել տուժողներին: Թերեւս հավանականը երկրորդ տարբերակն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս