Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրն այս տարի ամբողջությամբ կավարտվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարաններում տասնամյակների դադարից հետո իրականացվող նորոգման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում ընթերցասեր հասարակության համար ապահովվում են նոր ու հարմարավետ պայմաններ: Այս աշխատանքներն ամբողջողությամբ կավարտվեն ընթացիկ տարում, ու գրադարանները լիովին կծառայեն իրենց նպատակին: Ծրագրի շրջանակում շուրջ 2500 ընթերցողների առջև հարմարավետ պայմաններով իր դռները կբացի նաև Շենգավիթի թիվ 32 գրադարանը: Վարչական շրջան կատարած շրջայցի ընթացում քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների մանրամասները` պատասխանատուները զեկուցել են, որ գրադարանի 4-րդ կարգի վթարայնության  շենքն ամբողջությամբ քանդվել է և տեղում կառուցվում է նորը:

«Վերջին տարիներին Երևանի զարգացման ծրագրերում մենք առանձնակի կարևորում ենք քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատությունների հիմնախնդիրն ու, ըստ այդմ, նպատակային քայլեր ենք ձեռնարկում դրանք հետզհետե կարգավորելու ուղղությամբ: Այդ համատեքստում է նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների նորոգման և հիմնանորոգման խնդիրը, որի կարգավորման ուղղությամբ, 2012 թվականից սկսած, լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում: Եվ անցած 3 տարիների ընթացքում նորոգվել և հիմնանորոգվել է 36 գրադարան: Նշեմ, որ քաղաքապետարանի ենթակայության տակ ունենք 19 գրադարան՝ իրենց 18 մասնաճյուղերով, նաև 3 պահոց, ու այս տարի մենք ամբողջությամբ ավարտում ենք գրադարանների նորոգման աշխատանքները: Ի դեպ, նաև նշեմ, որ այս ծրագիրը բավականին սպասված էր, քանի որ մի քանի տասնամյակ շարունակ գրադարանների նորոգման աշխատանքներ ընդհանրապես չէին իրականացվել»,- ընդգծել է քաղաքապետը` հավելելով, որ վերջին 2-3 տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են իրականացվում նաև գրքային ֆոնդի համալրման ուղղությամբ: Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում շուրջ 30.000 կտոր նոր գրքեր են տրամադրվել մայրաքաղաքի գրադարաններին, ինչը ևս աննախադեպ է, քանզի ավելի քան 20 տարի համալրումներ չէր եղել:

«Մենք նաև քայլեր ենք ձեռնարկում նորոգված գրադարանները ոչ միայն գրքային ֆոնդով, այլև համակարգիչներով, ժամանակակից այլ սարքավորումներով և տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ: Արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվում էլեկտրոնային գրական ֆոնդեր ունենալու ուղղությամբ: Ու ես վստահ եմ, որ այս բոլոր աշխատանքների ավարտից հետո, շատ կարճ ժամանակ անց մեր համաքաղաքացիները, ինչպես հին ու բարի ժամանակներում, դարձյալ մեծ հաճույքով ու հաճախ կօգտվեն գրադարաններից»,- նշել է քաղաքապետը:

Ծանոթանալով գործընթացին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լինել հետևողական` սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու համար:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան այգու բարեկարգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում հանգստի գոտին կկահավորվի նստարաններով, զրուցարաններով, աղբամաններով ու մանուկների համար խաղահրապարակներով: Այգին ամբողջությամբ կապահովվի նաև արտաքին լուսավորության նոր համակարգով ու ոռոգման ցանցով: Շնորհակալություն հայտնելով ծրագրի կյանքի կոչման համար` ազատամարտիկի հայրը նկատել է, որ հանգստի գոտու բարեկարգումը ինչպես հարգանքի յուրօրինակ տուրք է, այնպես էլ տարածքի բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման լավագույն տարբերակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է բարեկարգման աշխատանքների ընթացքում ականջալուր լինել բնակիչների առաջարկներին և կարծիքներին, նաև հաշվի առնել նրանց կողմից առաջադրվող մոտեցումները:




Լրահոս