Հաղորդավարուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԸ երկար տարիներ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, մի քանի տարի “Երկիր մեդիա”-ով ռուսերեն վարել է լուրեր, հիմա էլ աշխատում է “Արմենիա”-ում, վարում է “Բարի լույս, հայե՛ր” հաղորդաշարը, ինչպես նաեւ նկարահանվում էր “Եզրագծից այն կողմ” սերիալում: Զրույցի ընթացքում Գայանեին բացահայտեցինք նաեւ որպես ռեժիսոր: Նրա նկարած ֆիլմերից մեկը Ղրղըզստանում արժանացել է մրցանակի:
-Ղրղըզստանում անցնում էր “Միր” հեռուստաընկերության մրցույթ-փառատոնը, ես էլ ներկայացնում էի իմ ֆիլմը, որը կոչվում էր “Սիբիրյան նոթեր”` 2D տարբերակով մուլտֆիլմ էր լրագրողի մասին: Միտքս մի քիչ բարդ էր, բայց այն ուշադրություն գրավեց: Երբ ֆիլմս այնտեղ ճանաչվեց լավագույնը, ես վերադարձա, ինձ հրավիրեցին աշխատանքի “Երկիր մեդիա”, դրան նպաստեց այն փաստը, որ Ղրղըզստանում ես ստացել էի առաջին մրցանակը: Տարիներ անց նորից Հանրային հեռուստաընկերությունից ստացա ինձ համար շատ զարմանալի` սերիալում նկարահանվելու առաջարկ: Ես լուրջ մտավախություն ունեի, քանի որ որպես դերասանուհի ինձ ընդհանրապես չէի պատկերացնում: Սկսեցի նկարահանվել “Լքյալները” սերիալում Հրաչյա Հարությունյանի հետ: Կարելի է ասել՝ նա իմ առաջին ուսուցիչն է եղել այս ասպարեզում, շատ շնորհակալ եմ նրանից ու այն բոլոր մեծ դերաաններից, ում հետ հնարավորություն եմ ունեցել այդ ժամանակահատվածում խաղալ՝ Սամվելը Սարգսյան, Արտաշեսը Ալեքսանյան, կարող եմ շատ ու շատ անուններ ասել: Նրանց հետ աշխատելը մեծ դպրոց անցնելու պես մի բան է: Թեեւ ես մասնագիտությամբ դերասանուհի չեմ, բայց արդեն ունեմ տարիների փորձ, ու այն, որ ինձ վստահում են տարբեր դերեր, նշանակում է, որ ինչ-ինչ հաջողությունների հասել եմ այս ասպարեզում:
-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք:
-Մասնագիտությամբ արվեստաբան եմ, ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիան, նաեւ ասպիրանտուրան: Իսկ հեռուստատեսությունում հայտնվեցի՝ օգտագործելով իմ մասնագիտությունը: Մոտ 12 տարի է՝ հեռուստատեսության բնագավառում եմ: “Հայրենիք” հեռուստաընկերությունում ունեցել եմ հեղինակային հաղորդաշար, ներկայացել եմ նաեւ որպես սցենարիստ: Նկարահանեցի մի քանի վավերագրական ֆիլմեր: Որպես ռեժիսոր-վավերագրիչ՝ իմ փորձը շատ մեծ չէ, բայց յուրաքանչյուր ֆիլմ, որ արել եմ, արժանացել է բարձր գնահատականի, ընդ որում, մեր երկրից դուրս: Հետագայում ռեժիսորի իմ գործունեությունը ընդհատվեց, եւ ինձ առաջարկվեց մամուլի հետ աշխատանքը Հանրայինում` 5 տարի եղել եմ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի մամլո քարտուղարը, մոտ 3 տարի էլ վարել եմ “Բարի լույս” հաղորդաշարը:
-Հիմա կրկին առավոտյան արթնացնում եք հեռուստադիտողներին: Չե՞ք լսել քննադատություն` կապված Ձեր խոսքի հետ:
-Ես ընդունում եմ մասնագետների խորհուրդները եւ նրանց նկատողությունները: Համարում եմ, որ հաղորդավարի համար խոսքը շատ կարեւոր է, բայց առավել կարեւոր է միտքը: Շատ հաճախ ես ինքս էլ եմ զանգահարում, որ իմանամ՝ ինչպես ճիշտ ասեմ այս կամ այն արտահայտությունը, քանի որ ես ռուսական կրթություն ունեմ: Իսկ կառչել խոսքերից կամ իմ արտասանած բառերից՝ անիմաստ եմ համարում:
-Կարծեմ ինչ-որ պատկերասրահ էիք բացել, ինչո՞ւ փակեցիք:
-Ժամանակը ցույց տվեց, որ ես տեղը մի քիչ սխալ էի ընտրել: Հիմա աշխատում եմ սխալս ուղղելու վրա, այս պահին նոր տարածք եմ փնտրում: Պատկերասրահ էր՝ վաճառքի հնարավորությամբ, Սարյան 30 հասցեում էր, շատ գեղեցիկ տեղ էի սարքել, տրամադրություն փոխանցող, բայց, ցավոք, տեղը մի քիչ չօգնեց ինձ:
-Ի՞նչ էր այնտեղ ցուցադրվում եւ վաճառվում:
-Ցուցադրվում էին մայրիկիս նկարները, ու արդեն կային պայմանավորվածություններ այլ նկարիչների հետ, որոնց աշխատանքները պետք է այնտեղ լինեին: Միտքը չի սառեցվել, իրականացումը մի քիչ ժամանակ կպահանջի, հիմա էլ փորձում եմ գտնել իմ պահանջներին համապատասխան տարածք, որ նորից վերակենդանացնեմ պատկերասրահը:
-Եթե չեմ սխալվում, ժամանակին նաեւ Ձեր ռադիոալիքն ունեիք՝ ռադիո ,Երեւանե, ի՞նչ եղավ այն:
-Հրաշալի ալիք էր, որի ղեկավարը ես էի: Երբ ես Հանրայինից դուրս եկա, էլ չգիտեմ, թե ռադիո ,Երեւանե-ն ինչ ճակատագիր ունեցավ: Ես այնտեղ գեղարվեստական ղեկավարն էի, այսինքն՝ տնօրենը:
-Իսկ Հանրայինից դուրս գալու պատճառը ո՞րն էր:
-Անկեղծ ասած, պատճառներն ինձ համար էլ են անհայտ, բայց, լինելով մարդ, որը վստահաբար քայլում է առաջ, բնականաբար, բավական շատ դրական կողմեր գտա այդ ամենի մեջ: Որովհետեւ յուրաքանչյուր տեղ, երբ երկար ես մնում, լճանում ես, պետք է առաջընթաց լինի: Ինձ տրվեց այդ հնարավորությունը, ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիք: Ամեն ինչին պետք է նայել դրական տեսանկյունից:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ