ՀՈՐԻՆԱ՞Ծ, ԹԵ՞ ԻՍԿԱՊԵՍ ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության ամենասիրած զբաղմունքներից մեկը ԱԺ-ում առաջարկված օրինագծերը մերժելն է: Այս առնչությամբ պետք է արձանագրենք 2 փաստ. մեկը՝ վատ, մյուսը՝ լավ: Սկսենք վատից. կառավարության կողմից մերժվում են բոլոր այն օրինագծերը, որոնք ինչ-որ կերպ բխում են ՀՀ շարքային քաղաքացիների շահերից: Անցնենք լավին. երբեմն մերժվում են նաեւ քաղաքացիների շահերին հակասող, անիմաստ, վնասաբեր, պետության փողերը անհարկի վատնելուն եւ առանց այն էլ հղփացած պաշտոնյաներին ավելի հղփացնելուն ուղղված առաջարկությունները: Այս առումով` այո, կառավարությունն առաջընթաց ունի:
Քննարկենք մի քանի օրինակ իշխանական կոալիցիայի անդամ “Օրինաց երկիր” կուսակցության առաջարկություններից, որոնք նույնպես արժանացան կառավարության մերժմանը:
Առաջարկ 1. Խմբակցության փորձագետների աշխատավարձը հավասարեցնել պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականների աշխատավարձին, ընդգրկել սոցիալական փաթեթի մեջ: 
Մեկնաբանություն. Հարգելի՛ ՕԵԿ, իսկ մի՞թե այդ փորձագետները 35 000 դրամ են ստանում եւ մի 2 փողոց էլ շատ են ավլում, որ նրանց աշխատավարձերը բարձրացնելու խիստ կարիք կա: Կարծում ենք՝ բյուջետային միջոցներն ավելի արդյունավետ ծախսելու տեղեր կան: Ապրի՛ կառավարությունը: 
Առաջարկ 2. Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի միանվագ նպաստը տրամադրել ոչ միայն աշխատող, այլեւ չաշխատող մայրերին:
Մեկնաբանություն. Ա՛յ սա ուրիշ հարց է: Տեսնո՞ւմ եք, եթե ՕԵԿ-ն ուզում է, լավ բաներ էլ է կարողանում առաջարկել: Բայց դե, սովորության համաձայն, լավ բաները մերժվում են: Ամո՛թ կառավարությանը:
Առաջարկ 3. Առաջին անգամ ամուսնացող զույգերին տրամադրել միանվագ նպաստ: 
Մեկնաբանություն. Նման դրական առաջարկներով ՕԵԿ-ն ապացուցում է, որ իրոք կարող է լինել “Օրինաց երկիր”, այլ ոչ թե, ինչպես ասում են, “Հորինած երկիր”: Ողջունելի է, որ իշխանական կոալիցիայում կան հասարակության շահերի մասին մտածողներ: Սակայն, ցավոք, առաջարկը մերժվեց: Այլ բան կառավարությունից չէր էլ կարելի ակնկալել:
Առաջարկ 4. Նախատեսել միջոցներ` կուսակցություններին տրվող գումարի չափը ավելացնելու համար:
Մեկնաբանություն. Նախորդ 2 խելամիտ առաջարկներից հետո այս մեկն արդեն հիասթափեցնող է. մի՞թե ՕԵԿ-ը միամտաբար կարծում է, թե կուսակցություններն այդ գումարների հույսին են մնացել: Թե՞ միգուցե իրենք են այդ գումարների հույսին: Կառավարությունը մերժեց: Միանգամայն տեղին: Շատ չերկարացնելու համար բավարարվենք նշված օրինակներով: Ցավալի է, որ օրենսդիրի եւ գործադիրի գործունեության մեջ այսօր դրականը տեսնում ենք այն, որ մերժվում են անհեթեթ առաջարկությունները, փոխանակ տեսնենք, թե ինչպես են կառավարության կողմից ընդունվում խելամիտ եւ քաղաքացու շահերից բխող առաջարկությունները: Արդյունքում` քաղաքացու համար ոչ մի դրական փոփոխություն:
Խաղատներում այցելուները երբեմն հաղթում էլ են, սակայն չեն հասցնում վայելել հաղթանակը, քանի որ հաղթած գումարն անմիջապես տանուլ են տալիս հաջորդ խաղերի ժամանակ, արդյունքում՝ հեռանում կորուստով: Այլապես խաղատան աշխատանքը ձեռնտու չի լինի տերերին: Հայաստանի Հանրապետությունն այսօր նման է մի մեծ խաղատան՝ տերերն ամեն դեպքում շահում են, իսկ այցելուները միշտ “մինուսով” են դուրս գալիս:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս