
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13.9 տոկոսով: Նվազել է նաեւ կոնյակի արտադրության ծավալները՝ 21.2 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ հանքային ջրերի ոլորտում. այստեղ արտադրության ծավալները նվազել են 24.9 տոկոսով: Փոխարենը օղու արտադրության ծավալները հունվար-մայիս ամիսներին աճել են 3.9 տոկոսով:
Ըստ էության, տեղական օղու արտադրության ծավալների աճը պայմանավորված է սպառողների գնողունակության անկմամբ: Հայտնի է, որ տեղական արտադրության օղին, ի տարբերություն ռուսական կամ ուկրաինական օղիների, բավական էժան է, եւ մարդիկ սովորաբար լավը գնելու հնարավորություն չունենալով՝ տեղական օղի են գնում:
Իսկ ինչ վերաբերում է գարեջրի, կոնյակի եւ հանքային ջրերի արտադրության ծավալների անկմանը, ապա այս դեպքում պատճառն այն է, որ տարվա սկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանք գրեթե չի արտահանվում: Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանից դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում էր հենց կոնյակ եւ հանքային ջուր, վերջին տարիներին ավելացել էր նաեւ գարեջրի արտահանումը: