ՆԱԽԱԳԱՀԻ ԱՊԱԳԱ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընդհանրապես ցանկացած մարդ որեւէ քայլի գնալուց առաջ նպատակ է դնում իր առջեւ: Այս առիթով “Ժողովուրդ”-ը հարցեր ուղղեց ՀՀ նախագահի ապագա թեկնածուներին:

ՀԱՐՑ. Ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը, եւ ո՞րը կլինի Ձեր առաջին քայլը նախագահ ընտրվելուց հետո:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ թեկնածությունը դնում եմ, քանի որ կարծում եմ՝ հատկապես Ազգային Ժողովի ընտրություններից հետո Հայաստանում այլեւս չկա որեւէ քաղաքական ուժ, որը կվերահաստատի արդարությունը: Ինչո՞ւ եմ ասում չկա այդպիսի ուժ, որովհետեւ ԱԺ-ում հայտնված ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հաշտվեցին իշխանությունների կողմից ներկայացված թվերի հետ: Ակնկալում էի, որ ընտրություններից հետո ընդդիմությունը չի հաշտվի այդ թվերի հետ ու չի վերցնի մանդատները, բայց մենք տեսանք, որ նրանք լուռ վերցրին մանդատներն ու խաղում են իշխանության խաղով: Իմ ասածի ճշմարտությունը հաստատում են ԱԺ-ում աշնանային նստաշրջանից մինչեւ օրս տեղի ունեցած երեւույթները: Հասկանալով, որ մեր երկրում այլեւս ընդդիմություն չկա, կրկնում եմ՝  ընդդիմությունն իր գործերով դա ցույց տվեց, որոշեցի այդ խնդիրը վերցնել ինձ վրա: Ինչո՞ւ վերցրեցի, քանի որ ունեմ ազգային գաղափարախոսություն, որը հենվում է “Սասնա ծռեր” էպոսի վրա, եւ էպոսի ուժը բավարար է, որ կարողանամ արդարություն հաստատել ՀՀ-ում: Նշեմ, որ ինձ որեւէ կուսակցություն չի առաջադրելու, եւ որեւէ կուսակցություն չի սատարում, ու այս ամենում կա պարզ պատճառ: Նախ ես չեմ ուզում որեւէ մեկի մոտ հաղթանակից հետո պարտավորված զգալ: Առաջին քայլս կլինի ներկայիս ԱԺ-ի լուծարումը, իհարկե,  ժամանակագրությունը թույլ չի տալիս առաջին մեկ ամսում նման բան անել, բայց նախագահն ունի այնքան հնարավորություն, որ կարող է ԱԺ-ն ինքնալուծարել: Կլինեն ԱԺ նոր ընտրություններ, եւ ես, լինելով ՀՀ նախագահ, հետեւելու եմ ընտրությունների արդար անցկացմանը: Այնուհետեւ ԱԺ-ի կողմից կձեւավորվի կառավարությունը, եւ եթե նոր ձեւավորված կառավարությունը չկարողանա կատարել իր առջեւ դրված պարտավորվածությունները, ապա հրաժարական կտա, նոր վարչապետ կընտրվի, եւ միայն այս ճանապարհով կարող ենք ազատվել օլիգարխիայից: Այսինքն, եթե ասեմ, որ ես գալիս եմ նախագահ դառնամ, որ Սամվել Ալեքսանյանին սնանկացնեմ, գիտեք՝ հաջորդն ինչ է լինելու. իմ բարեկամներից մեկն է դառնալու Սամվել Ալեքսանյանը: 
ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
էպոսագետ 
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ուզում եմ այն Հայաստանը, որը պատկանում է հայ մարդուն, որ իրավական է, սահմանադրական է եւ ժողովրդի համար ժողովրդավարական ու, ամենակարեւորը, հույս է տալիս իր քաղաքացուն: Իսկ առաջին քայլս այն կլինի, որ իմ օրինակով ցույց կտամ՝ օրենքն առաջին հերթին ինձ կվերաբերվի, հետո նոր մնացած բոլորին: 
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
“Ժառանգություն”կուսակցության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ 
շարունակելի




Լրահոս