Բրյուսելում արած իր հայտնի հայտարարությամբ, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», Գագիկ Ծառուկյանն ըստ էության այրեց կամուրջները: Արդյոք դա մինչեւ վերջ հաշվարկված քայլ էր, թե եվրոպացիների կողմից «ընկալելի թեկնածու» համարվելուց չափից ավելի ոգեւորվելու արդյունք՝ դժվար է ասել: Ի վերջո, գաղտնիք չէ, որ Ծառուկյանը նման ֆորմատի հանդիպումների եւ լուրջ քաղաքական բանակցությունների փորձ ու հմտություններ չունի, եւ իր բնույթով լինելով բավականին էմոցիոնալ անձնավորություն՝ կարող էր պարզապես տուրք տալ անկեղծության պոռթկմանը: Առավել եւս, որ նրա այդ հայտարարությունը բացարձակ ճշմարտություն է: Խնդիրը, սակայն, ոչ թե հայտարարության բովանդակությունն է, այլ դրա հեղինակի ինքնությունը: Ընդ որում, ոչ միայն Ծառուկյանի բազմաթիվ ապօրինի բիզնեսների, կոռուպցիոն գործարքների արդյունքում կուտակած հարստության, այլեւ ոչ վաղ անցյալում ներկայիս կոռումպացված իշխանության ազդեցիկ մասը լինելու առումով: Իհարկե, Ծառուկյանի խոսնակները կարող են ասել, որ նա նկատի է ունեցել ոչ թե Սերժ, այլ Տիգրան Սարգսյանին, սակայն դա, մեղմ ասած, թույլ արդարացում է: Եվ ուրեմն` Հայաստանի քրեաօլիգարխիկ քաղաքական համակարգի կանոններով, Ծառուկյանը պետք է պատասխան տա: Երեկ արդեն հայտնվեցին դրա առաջին ծիծեռնակները` ի դեմս ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ժողինստիտուտի ամբիոններից մեկի վարիչ, համատեղության կարգով նաեւ սեփական տարածքների վարձակալությամբ զբաղվող բրոքեր Միքայել Մելքումյանի բազմաբնույթ գործունեությունը բացահայտող տեսահոլովակի եւ դրա հիման վրա ԱԺ էթիկայի հանձնաժողով ուղարկած «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ի դիմումի: (Տեսնես ո՞վ է մշակում այդ կենտրոնը): Մի կողմից, իհարկե, ողջունելի է, որ հասարակական կազմակերպությունը հետամուտ է բացահայտելու ԱԺ պատգամավորի կոռումպացված կերպարը, ի վերջո, չի բացառվում, չէ՞ որ Ծառուկյանը կարող է եւ տեղյակ չլինել Մելքումյանի՝ նախկին տարիների մութ գործարքների մասին: Մյուս կողմից, սակայն, ինչպես մեկ այլ ԲՀԿ-ականի` Վ. Օսկանյանի գործի հետ կապված նկատել էր ԱՄՆ դեսպան Հեֆերնը, այս պատմության շուրջ աղմուկի ժամանակն է մտահոգիչ: Բնականաբար, քչերն են կասկածում, որ Մ. Մելքումյանը ԲՀԿ ցուցակում ներգրավված ամենամանրիկ ձկներից մեկն է, ում հետ դեռեւս մեկ ամիս առաջ արված հարցազրույցը հենց հիմա օգտագործելով` իշխանությունները Ծառուկյանին առայժմ թեթեւ նկատողություն են տալիս, որին, անհրաժեշտության դեպքում, կհետեւեն ավելի խիստ միջոցներ: Իսկ դրա համար հարմար թիրախներ Ծառուկյանի շրջապատում որքան ասես կան: Այնպես որ, առաջիկայում թերեւս ականատես կլինենք կոռուպցիայի դեմ պայքարում նոր աղմկահարույց բացահայտումների, որոնց հետ կապված, ի դեպ, Ծառուկյանը որեւէ բան չի կարողանա ասել իր նոր եվրոհովանավորներին. ի վերջո, ինքն էր, չէ՞, բողոքում կոռուպցիայի դեմ անբավարար պայքարից:
ԿԱՄՈՒՐՋՆԵՐՆ ԱՅՐԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ