ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը Երեւանի Քաջազնունու փողոցի 4/1 եւ 4/3 հասցեում կանաչ տարածքի հաշվին շինարարություն է իրականացնում: Նա ընդլայնում է իրեն պատկանող «Յունիգրաֆ-իքս» ընկերության շրջանակը: Իհարկե, որպես օրինապահ քաղաքացի՝ նա ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թույլտվությունը, որի մասին ազդարարող ցուցանակի վրա գրված է: «Կառուցվում է հասարակական բազմաֆունկցիոնալ շենք՝ պատվիրատու՝ Էմմա Արիստակեսյան»: Նշենք, որ Սադոյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի եղբայրն է: Այս եւ այլ խնդիրների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արա Սադոյանի հետ:
-Պարո՛ն Սադոյան, ինչո՞ւ եք թույլ տվել, որ Կենտրոնի կանաչ տարածքի հաշվին կառուցապատում իրականացվի: Պատճառն այն է, որ շինարարությունը Ձեր եղբա՞յրն է իրականացնում:
 -Փաստացի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Սրանով ես ուզում եմ սկսել եւ ավարտել:
-Ինչո՞ւ այդպես կտրուկ: Կարող է ասեք, որ նման կառուցապատում չի էլ եղե՞լ:
-Նման կառուցապատում եղել է, կա երեւի, միգուցե, բայց այն, որ Տարոն Մարգարյանն այդ կառուցապատումը տվել է իմ եղբորը, իրականությանը չի համապատասխանում: Դուք ասում եք, որ կանաչ տարածքում կառուցվում է հասարակական բազմաֆունկցիոնալ շենք, եւ պատվիրատուն Էմմա Արիստակեսյանն է: Պարզ, կոնկրետ, հստակ երեւում է, որ քաղաքապետարանը թույլատրել է նրան:
-Իսկ ի՞նչ կապ ունի Էմմա Արիստակեսյանը Ձեր եղբոր հետ:
-Ոչ մի: Քաղաքապետարանն է համապատասխան թույլատվությունը տվել, եւ քաղաքապետի որոշումը ես ընդունում եմ ի գիտություն: Երեւանի քաղաքապետը, ինձ թվում է, դեռ սխալ որոշում չի կայացրել:
-Բայց քաղաքացիները բողոքում են: Դուք՝ որպես Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, մի՞թե չէիք կարող առարկել քաղաքապետին եւ պաշտպանել Ձեր բնակիչների շահերը:
-Ես կհասկանամ խնդիրը եւ միանգամից կարձագանքեմ: Եթե իմ հիշողությունը չի դավաճանում ինձ, ապա Քաջազնունու այդ հատվածում կանաչ տարածք չի եղել: Այդտեղ խորհրդային տարիներից եղել է կոլտնտեսական տաղավար:
-Բնակիչները հակառակն են պնդում` բողոքելով, որ նույն փողոցի մայթերի գազոններում քարե շինություններ են կառուցվել՝ դարձյալ կանաչի հաշվին: Ի՞նչ կասեք այս մասին:
-Մենք ունենք թեժ գիծ, եւ եթե լինում է նման ահազանգ, ես միանգամից արձագանքում եմ: Յուրաքանչյուր հարցին տրվում է համապատասխան լուծում:
-Հիմա թեժ գիծը մենք ենք եւ չենք զանգահարել, անձամբ Ձեզ հետ ենք խոսում: Ի՞նչ եք պատրաստվում անել:
-Աշխատանքային խմբին կուղարկեմ,  կփորձենք հասկանալ, թե ինչ խնդիր կա, եւ կպատասխանենք:
-Սրանից բացի, «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները դժգոհում էին, որ Կենտրոն վարչական շրջանն օգնություն է բաժանում: Բայց տոպրակը տրամադրելու համար պահանջում են լուսանկար եւ անձնագիր, ինչն էլ նրանց մտահոգության տեղիք է տվել: Մտածում են, թե ինչու նախկինում նման պահանջներ չեն ներկայացվել, եւ հիմա՝ նախագահական ընտրությունների շեմին, բնակիչներին ցուցակագրելուց բացի, անձնագիր ու լուսանկար են պահանջում:
-Այս փաստաթղթերի պահանջը որեւէ կապ չունի առաջիկա ընտրության հետ, եւ քաղաքացիները, որոնք ահազանգել են ձեզ, իրականում տեղյակ չեն Կենտրոն վարչական շրջանի կողմից տրամադրվող գրքույկների մասին: Գրքույկները մենք ստեղծել ենք տրվող օգնությունը կանոնակարգելու համար: Լուսանկարների մասին էլ ենք մտածել, եւ այն արվում է տեղում` սոցիալական բաժնում, եւ անվճար: Գրքույկի եւ լուսանկարի համար մեր բնակիչները ոչ մի գումար չեն ծախսում:
 -Իսկ ինչո՞ւ դա ժամանակին չի արվել եւ փաստացի արվում է հիմա՝ նախագահական ընտրությունների շեմին:
-Եկե՛ք խոսենք ներկայից:
-Ինչո՞ւ, չհասկանա՞նք, թե ինչու ժամանակին այդ մասին չեն հոգացել:
-Ժամանակին եղել են տարբեր սոցիալական ծրագրեր, եւ այսօր այդ սոցիալական գրքույկները, որ մենք տրամադրում ենք, տարբեր տարիներին դրանց հետ կապված եղել են գոհունակություններ, եւ այս ամենով ուզում ենք՝ բոլորը մեր ծրագրերից գոհ լինեն:
-Մարդիկ բողոքում են, որ դժվարացրել եք անգամ չնչին օգնություն ստանալու կարգը:
-Մենք միայն գոհունակություն ենք լսել: Այստեղ երկրորդ կարծիքն անմտություն է:
-Եթե գրքույկներով եք բաժանում, ինչո՞ւ եք անձնագրերը պահանջում:
-Անձնագրերի մասին այստեղ խոսք անգամ լինել չի կարող: Այն գրքույկը, որը տրամադրվում է քաղաքացիներին օգնության տրամադրման համար, կարող եք ուսումնասիրել եւ տեսնել, որ դրանում ոչ մի հետին միտք չկա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս