«ԹՈՂ ՉԿԱՍԿԱԾԵՆ ԱՍՐՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի իշխող կուսակցությունները` ՀՀԿ-ն, «Ենի Ազերբայջան»-ը, «Եդինայա Ռոսիա»-ն ու «Նուր Օթան»-ը, երեկ Սանկտ-Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրացիա 21-րդ դարում» ֆորումի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Նպատակը եվրասիական երկխոսության ձեւաչափի ստեղծումն է: Ի դեպ, հուշագրի մասին տեղեկությունը տարածել են ռուսական ԶԼՄ-ները: Ուստի «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Խաչիկ Ասրյանի հետ: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Խ. Ասրյանը 5 օր ժամանակ էր տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որպեսզի հայերին ֆաշիստներ ու օկուպանտներ անվանելու համար ժողովրդից ներողություն խնդրի:
-Պարո՛ն Ասրյան ինչո՞ւ ՀՀԿ-ն ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ կա նաեւ Ադրբեջանի ստորագրությունը:
-Դա եղել է «Եվրասիական ինտեգրում» թեմայով քննարկման ժամանակ, որը կայացել էր Սանկտ-Պետերբուրգում, ամենավերջին րոպեին նրանց է միացել Ադրբեջանի կուսակցության ներկայացուցիչներից մեկը: Որեւէ հուշագիր կամ պայմանագիր չի ստորագրվել, այդ ամենը թյուրըմբռնում է, եղել է համաձայնագիր զուտ մասնակցության եւ քննարկման առումով: Իմ տվյալներն այդպիսին են:
-Ինքներդ՝ որպես ընդգծված ազգայնական, նորմա՞լ եք համարում ՀՀԿ-ի պահվածքը:
-Հանրապետական կուսակցությունը, առավել եւս՝ ես, այս ժամանակահատվածում եւ մոտ ապագայում եւս, չի կարող նստել կոնկրետ ադրբեջանցիների կամ նրանց կուսակցությունների հետ ինչ-որ բանակցությունների արդյունքում ինչ-որ պայմանագրերի կամ հուշագրերի ստորագրման համար: Դա ուղղակի բացառված է: Այդ առումով ես բացառում եմ որեւէ պայմանագրի կամ հուշագրի ստորագրումը նրանց հետ: Եթե Ադրբեջանը մտավ Եվրախորհուրդ, դա չի նշանակում, որ պետք է ասենք, թե եթե նա կա, մենք չենք լինի: Ընդհակառակը, մենք պետք է մտնենք այն գործընթացների մեջ, որում մուտք է գործում Ադրբեջանը:
-Հուշագիրը բացասաբար չի՞ անդրադառնա ՀՀԿ-ի վարկանիշի վրա` հաշվի առնելով առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունները:
-Ոչ միայն չեմ կարծում, այլեւ պետք  է ասեմ՝ անհրաժեշտ է ե՛ւ հասարակության, ե՛ւ հատկապես այն կառույցներին, որոնք բոյկոտում են, բացատրել ճշմարտությունը: Այնպես, ինչպես Ձեզ բացատրեցի: Մարդիկ տեղյակ չեն այդ գործընթացներից: Ցանկացած ժամանակ ես կարող եմ նրանց բացատրել, եւ կհասկանան, որ համագործակցության խնդիր չկա: Եւ բոյկոտողները թող չկասկածեն Հանրապետականի, ինչպես նաեւ Խաչիկ Ասրյանի հայրենասիրության վրա:
-Ո՞վ է մեղավոր, որ հասարակությունն այդ մասին տեղյակ չէ եւ ստորագրելուց հետո է իմանում:
-Ես չեմ կարող ասել, թե ինչու նրանք տեղյակ չեն կամ ինչու նրանց մանրամասն չեն բացատրել, բայց ես տեղեկացվել եմ իմ ընկերոջից` Արտակ Զաքարյանից:
-Այնուամենայնիվ, կա ստորագրություն, որը նորմալ չընկալվեց:
-Թեմայից շեղվում եք, ուզում եք ինձնից ինչ-որ բան դուրս հանեք, որ ես ինչ-որ բան ասեմ: Ես ասացի այն, ինչ կար: Ադրբեջանը չկար, վերջում է միացել:
-Բայց միացել է, չէ՞:
-Ի՞նչ է միացել կամ ստորագրել: Զուտ համաձայնագիր, որ 5 պետություններ քննարկել են Եվրասիական ինտեգրման թեման, որը կապ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների հետ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս