Սերժ Սարգսյանի իշխանության ամենամեծ հանցանքն ամենեւին էլ այն չէ, որ այս ընթացքում երկրում սրընթաց աճել է աղքատությունը, արմատավորվել կոռուպցիան, քայքայվել տնտեսությունը, ոչ էլ արտաքին քաղաքականության բնագավառում գրանցված ձախողումներն ու ՀՀ-ի մեկուսացումներն են: Ս. Սարգսյանի իշխանության ամենամեծ հանցանքը երկրում ընտրակեղծիքների համակարգի արմատավորումը, ու որ ամենակարեւորն է, այդ հանցագործությանը պետությանը, պետական ինստիտուտներին մասնակից դարձնելն է: Պատահական չէ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանական համակարգը որակել է որպես կլեպտոկրատիա՝ ավազակապետություն:
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում, բացի 1991թ. նախագահական ընտրություններից, մյուս բոլոր ընտրություններում տեղ են գտել կեղծիքներ, որոնց պատճառով արդյունքները կասկածի տակ են առնվել: Ընդ որում, ընտրակեղծիքներն իրենց ծավալով ու բովանդակությամբ տարեցտարի գնալով ավելի կոպիտ ու զանգվածային են դարձել: Հատկապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ընդունված էին քվեատուփեր առեւանգելը, լցոնումները, ընդդիմադիր թեկնածուի օգտին քվեարկված թերթիկներն իշխանության թեկնածուի անվան տակ դնելը, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց ծեծելը, տեղամասերից հեռացնելն ու այսպես շարունակ: Այդ ընտրակեղծիքներն իրականացնում էին կոնկրետ կրիմինալ խմբավորումները, իսկ իշխանությունները պարզապես իրենց անգործությամբ նպաստում էին հանցագործությունների իրականացմանը: Տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին ամրագրված է միջազգային դիտորդական ներկայացուցիչների զեկույցներում:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից հետո, սակայն, աղմկահարույց ընտրակեղծիքները նվազել են: Տեղամասերում ընդդիմության ներկայացուցիչներին չեն ծեծում, քվեատուփեր չեն գողանում, լցոնումներ չեն անում: Սակայն սա չի նշանակում, որ մեզանում ընտրությունները չեն կեղծվում. կեղծվում են, այն էլ ավելի մեծ ծավալներով, պարզապես ընտրակեղծիքների մեխանիզմն այնքան է կատարելագործվել, որ դրանք անզեն աչքով նկատելի չեն: Ընդդիմությունն այս ընթացքում բազմիցս է բարձրաձայնել մոտ 500 հազար կեղծ անձնագրերի, ՀՀ ընտրություններին Վրաստանի ջավախահայ քաղաքացիների մասնակցության, գոյություն չունեցող ընտրողներին ընտրացուցակներում գրանցելու մասին: Պատահական չէ, որ չնայած արտագաղթի ահռելի ծավալներին՝ ՀՀ-ում գնալով ավելանում է ընտրողների թիվը: Այդ երեւույթը կարող է տեղի ունենալ միայն ընտրացուցակներն արհեստականորեն ուռճացնելու դեպքում: Առավել եւս, որ խորհրդարանական իշխող մեծամասնությունն էլ ամեն գնով հրաժարվում է օրենսդրության մեջ ամրագրել այնպիսի դրույթներ, որոնք կբացառեն նման հանցագործության իրականացումը:
Այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ընտրակեղծիք, այսինքն՝ պետական հանցագործություն են իրականացնում ոչ թե քրեական տարրերը, այլ պետական համակարգն ինքը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներն արդեն ձեւական բնույթ են կրում: «Հանձնաժողովները որեւէ ֆունկցիա չեն իրականացնում: Համայնքապետի, ոստիկանապետի սենյակում ավելի շատ հարց է լուծվում, քան ընտրական տեղամասում,-նշեց Մանուկյանը՝ հավելելով,-պետական մեխանիզմն է կառավարում ընտրությունները: Որքան իշխանությունների վիճակը վատանում է, որքան նրանց ձայները նվազում են, այնքան պետական ռեսուրսը սկսում է ակտիվ դերակատարություն ունենալ ընտրություններում: Կեղծիքի մեքենան ամբողջովին տեղափոխվել է պետական ապարատ»: Ընտրակեղծիքի այս մեխանիզմն անզեն աչքով գրեթե նկատելի չէ, եւ հավանաբար սրանով է պայմանավորված նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցների առավել մեղմ բովանդակությունը: Արամ Մանուկյանն այս կապակցությամբ նշեց. «Եվրոպացիները համեմատություն անում են երկու դաշտում, մեկը՝ մեզանից վատ երկրների հետ: Մասնավորապես՝ մեր վիճակը Ադրբեջանից, Բելառուսից, առավել եւս՝ Աֆղանստանից, լավ է: Եւ հետո, համեմատում են նախորդ ընտրությունների հետ. 2008թ. ընտրությունների ժամանակ քաղբանտարկյալներ կային, իսկ հետընտրական պրոցեսների ժամանակ եղավ 10 զոհ: Մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ կամ դրանից հետո զոհեր չեղան, քաղբանտարկյալներ չեղան»:
ԵՐԲ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ