ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒՍՈՎ Է
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն` հարցնելով, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպումներ է ունեցել ՀՀ տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ եւ իր մտահոգությունը հայտնել, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում: ԱՄՆ դեսպանատունը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, ասել է. «Դեսպանը պարբերաբար հանդիպումներ է ունենում պետական պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության անդամների ու ԶԼՄ-ների հետ: Դեսպան Հեֆերնը նշել է, որ հուսով է, որ Հայաստանի ընտրություններն ազատ են ու արդարացի եւ կազմակերպված են արդյունավետորեն: Սա պահանջում է հավասար խաղի պայմանների ապահովում, որպեսզի ընտրություններն արտացոլեն ժողովրդի կամքը»:

ԱՅՍՕՐ
Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կհայտարարի ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման օրը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել են ՀՀ ԿԸՀ-ից: Դրանից հետո ԿԸՀ-ն կհաստատի նաեւ ընտրությունների ժամանակացույցը` հստակեցնելով նաեւ թեկնածուների առաջադրումների, գրանցումների եւ քարոզարշավի ժամկետները: Մնում է՝ հավանական թեկնածուները դադարեն «խաղեր տալուց» եւ հայտարարեն իրենց թեկնածությունը դնելու կամ չդնելու մասին:

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Ինչպես նշվում է ՀՀԿ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության 25-րդ համագումարին մասնակցել է նաեւ ՀՀԿ պատվիրակությունը: Քննարկվել են ՀՀԿ եւ Գերմանիայի ՔԴՄ կուսակցությունների համագործակցության հեռանկարները, նաեւ անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂՀ հիմնախնդրին եւ Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին: Երեկ արդեն պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:

ՍՊԱՆԵԼ ԵՆ
Երեւանի մայրաքաղաքային գնդում երեկ պայմանագրային զինծառայող է սպանվել: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը tert.am-ին սկզբում ասել է, որ սպանությունը կատարվել է հրազենի միջոցով: Ավելի ուշ նա տեղեկացրել է, թե զինծառայողի մարմինը հայտնաբերվել է զորամասի տարածքից դուրս գտնվող վայրում, եւ նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Էրեբունու բաժինը:

ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ հայտարարել է, թե երկրի փրկությունը կլինի, եթե ոչ կոալիցիոն ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, նախագահական ընտրություններին հանդես գան «միասնական բլոկով, միասնական ծրագրով»: «Եթե ոչ, արտագաղթի տեմպերն ավելանալու են: Մենք կարողացանք ապացուցել, որ նշածս չորս քաղաքական ուժերը միասնական պատրաստ են ԸՕ-ն բարելավել, պատրաստ են մենաշնորհների դեմ պայքարել, պատրաստ են պայքարել, որ արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացիություն ունեցող հայերը մասնակցեն ընտրություններին, պատրաստ են հակասահմանադրական հայտարարել այն հոդվածները, որոնք արգելակում են փոքրամասնության` նիստ անցկացնելու իրավունքը»,-ասել է նա:

ԵՐԹ
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսն անցկացնելու է երթ: Ինչպես տեղեկացնում է ՀԱԿ գրասենյակը, երթը մեկնարկելու է Ազատության հրապարակից:




Լրահոս