Հուլիսի 4-ին՝ Աբովյան քաղաքում, տեղի ունեցավ համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի անդամներ, այլ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Սա այն ջահն էր, որը վառվել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, հյուրընկալվել Քարվաճառում, Վարդենիսում, Բերդում, Վանաձորում, Արտաշատում:
Ջահակիրը 2014թ. բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության և Համաշխարհային երիտասարդական օլիմպիական խաղերի մրցանակակիր Նարեկ Մանասյանն էր: Երիտասարդ մարզիկը ջահը բերեց Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց՝ «Բերդ» պարի ուղեկցությամբ:
Միջոցառման մասնակիցներին և հյուրերին օրհնության խոսք ուղղեց Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: «Համահայկական ամառային 6-րդ խաղերին Կոտայքի մարզն ունենալու է բացառիկ մասնակցություն. մարզը ներկայանալու է ավելի քան 200 հոգանոց մարզական պատվիրակությամբ: Մենք լավագույնս ընկալում ենք «Միասնություն՝ սպորտով» կարգախոսը և մեր մարզին բնորոշ միասնությամբ մասնակցում այս միջոցառմանը», – ասաց մարզպետը:
Տոնական միջոցառումը շարունակվեց երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով: