Վանաձորը նոր բժշկական կենտրոն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի բնակչությունն այսուհետ հնարավորություն կունենա օգտվել նորագույն սարքավորումներով հագեցած և վերապատրաստված մասնագետներով համալրված բժշկական կենտրոնի ծառայություններից:

«Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի բացմանը մասնակցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա շրջեց նորաբաց բժշկական կաբինետներով և վիրասրահով, ծանոթացավ կենտրոնի կողմից առաջարկվող ծառայություններին, կադրային և նյութատեխնիկական հնարավորություններին:

Նախարարը հետաքրքրվեց բուժաշխատողների աշխատավարձերի չափով:

«Նման կենտրոններն, անշուշտ,  նպաստում են  մեզ համար գերակա ուղղություն  համարվող կանխարգելման ծրագրեր իրականացնելուն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը:

Նրա գնահատմամբ` նման կենտրոնները նպաստում են նաև մարզերում  առողջապահության համակարգի հանդեպ բնակչության վստահության ձևավորմանը:

«Կենտրոնի բացումը կարևոր նշանակությւուն ունի  նաև մարզերի համաչափ զարգացման տեսանկյունից: Մենք խրախուսում և ողջունում ենք մեծ ներդրումները մասնավոր հատվածում, ինչը կնպաստի նաև հիվանդների հոսքի` դեպի Երևան նվազեցմանը»,- հավելեց  ՀՀ առողջապահության նախարարը:

Նորաբաց կենտրոնի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը և Լոռու մազպետարանին  կենտրոնի բացմանն աջակցելու համար` ակնկալելով հետագա սերտ համագործակցություն:

Նշենք, որ «Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը բացվել է 2007թվականին` ունենալով 20 աշխատատեղ:

Տարիների ընթացքում կենտրոնի տնօրինությունը ազգաբնակչությանն առավել որակյալ բժշկական օգնություն մատուցելու համար «Արարատ» բանկի հետ համագործակցությամբ և ֆինանսավորմամբ ծրագրեց Վանաձորում ստեղծել նոր բժշկական կենտրոն:

Վանաձոր մասնաճյուղի շինարարական աշխատանքները տևեցին շուրջ մեկ տարի: Ծրագիրը կյանքի կոչելու համար ներդրվել է 1 մլն ԱՄՆ դոլլար:

Նոր մասնաճյուղում  ավելացել են մատուցվող ծառայությունների տեսակները: Ելնելով պահանջարկից` կենտրոնը հագեցվել է  եվրոպական ժամանակակից սարքավորումներով,  մեծ աշխատանքներ ենք տարվել կադրերին վերապատրաստելու ուղղությամբ: Ներկայումս կենտրոնի  Վանաձորի մասնաճյուղի աշխատակազմը կրկնապատկվել է` հասնելով 40-ի:




Լրահոս