ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱԼԱՆ «ՄԻԿԱ»-Ի ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեագիտության մեջ այսպիսի հասկացություն կա` հանցախումբ` մասնագիտացած այս կամ այն հանցատեսակի մեջ: Այդպես էլ նախաքննական մարմինը Ռուսլան, Դավիթ եւ Գեւորգ Անանյան եղբայրների գործունեությունը որակել է կայուն հանցախումբ, որը մասնագիտացել է բենզալցակայաններից գողության մեջ, ինչը հանգեցրել է ծանր հետեւանքի` սպանության:   
Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ 29-ամյա Ռուսլան Անանյանը երեւի ցանկացել է հետագայում բենզալցակայանի տեր դառնալ եւ եկամուտ ունենալ` առանց բենզին ներկրող ընկերությունների հետ գործարք կնքելու եւ փող ծախսելու: Եւ մի օր հարազատ եղբայրների` Դավիթ եւ Գեւորգ Անանյանների հետ որոշել է նաեւ բենզին եւ դիզվառելիք ձեռք բերելու աղբյուրներն ու ճանապարհը. 2011թ. սկզբին 3 եղբայրներով ստեղծել են կայուն կազմակերպված խումբ, Երեւանի Աջափնյակ համայնքում բնակարան վարձել եւ 2011թ. մարտի 10-ից մինչեւ 2011թ. ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարբեր մարզերում գործող բենզալցակայաններից գաղտնի հափշտակել մոտ 9 մլն դրամ (8.793.400 դրամ) ընդհանուր արժողության 1.538 լ «Պրեմիում» տեսակի բենզին եւ 4.266.725 դրամ ընդհանուր արժողության 10.520 լ դիզելային վառելանյութ: Եղբայրների տեսադաշտում են հայտնվել հայտնի գործարար Միքայել Բաղդասարովի «Միկա քորփորեյշն» ընկերության բենզալցակայանները, ինչպես նաեւ մասնավոր անձի պատկանող մի բենզալցակայան:
Տղաները գողությունը կատարել են միանգամից պահեստներից` տեխնիկական միջոցների գործադրմամբ եւ հարմարեցված գործիքների օգնությամբ: Ըստ քրգործի` նրանք առաջին գողությունը կատարել են 2011թ. մարտի 10-ից 24-ն ընկած ժամանակահատվածում. ապօրինի մուտք են գործել Էջմիածին-Երեւան ավտոճանապարհից դեպի «Մուսալեռ» տպարան տանող խաչմերուկին գտնվող Վահե Միրզոյանին պատկանող բենզալցակայանի պահեստային մաս, որտեղից իրենց «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գաղտնի հափշտակել են 1.114.840 դրամ ընդհանուր արժողության 1.450 լ դիզելային վառելիք եւ 1.238 լ «Պրեմիում» տեսակի բենզին:
Առաջին հաջող փորձից հետո եղբայրները գործի են անցել նաեւ ապրիլի 6-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում: Տարաներով բեռնված «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայով, որը եղբայրներին է վստահել նրանց ծանոթ մի վանաձորցի, տղաները գիշերը մտել են գյուղի սկզբնամասում գործող «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող բենզալցակայանի պահեստային մաս եւ հափշտակել 2.600 լ դիզվառելիք: Դրանից մոտ 10 օր անց եռյակը նույն «Ֆորդ»-ով ուղեւորվել է Աշտարակի խճուղի. մտել են Աշտարակի խճուղու 14 հասցեում գտնվող «Միկա քորփորեյշն»-ին պատկանող բենզալցակայանի պահեստային մաս, գաղտնի հափշտակել 1.600.000 դրամ ընդհանուր արժողության 4.025 լ դիզվառելիք եւ մեքենայով լքել դեպքի վայրը: Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը կրկին «այցի են եկել» նույն հասցեում գտնվող լցակայան եւ այս անգամ 2.145 լ դիզվառելիք գողացել:
Ապրիլի 26-ին դարձյալ վերցրել են նույն «Ֆորդ»-ը եւ ուղեւորվել Երեւան` «գործի». կեսգիշերին՝ ընթրելու ժամանակ, Ռուսլանը եղբայրներին առաջարկել է կրկին գնալ «Մուսալեռ»-ի մոտի նույն բենզալցակայան, քանի որ տեղանքին արդեն ծանոթ են: 2 ժամ անց «Ֆորդ»-ը կանգնեցրել են բենզալցակայանի պահեստից մի քիչ հեռու եւ սկսել գործը: Երբ համապատասխան միացումներն արվել են, եւ տղաների ինքնաշեն սարքով բենզինը սկսել է պահեստից արտահոսել տարաների մեջ, լցակայանի պահեստային մասում առաջին գողությունից հետո տեղադրված անվտանգության համակարգը սկսել է աշխատել: Սակայն գողերը գլխի չեն ընկել, քանի որ անվտագության համակարգից ստացված ձայնային ազդանշանը գրանցվել է տուժող Վահեի բջջային հեռախոսահամարին: Վերջինս պահեստի մոտ «Ֆորդ»-ը նկատելուց ու համոզվելուց հետո, որ գողություն են կատարում, շտապ տեղեկացրել է իր եղբայրներին` Գագիկին ու Սարոյին, եւ երեքով իրենց ավտոմեքենաներով անմիջապես մոտեցել են բենզալցակայանին: Մինչ այդ Ռուսլանը եւ Դավիթը հասցրել են 600 լ դիզվառելիքով եւ բենզինով լցրած տարաները բեռնել մեքենայի մեջ: Միրզոյաններն իրենց մեքենաներով մոտեցել են «Ֆորդ»-ին եւ ցանկացել փակել նրա ճանապարհը, սակայն Գեւորգն ու Դավիթը մեքենայով դիմել են փախուստի, իսկ Ռուսլանը թաքնվել է լցակայանի մոտ:
Միրզոյանները մեքենաներով հետապնդել են «Ֆորդ»-ով փախուստի դիմած Դավիթին եւ Գեւորգին: Այդ ընթացքում՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ խճուղու «Ամիգո» խաղատան մոտ Միրզոյանների 2 մեքենաները հավասարվել են «Ֆորդ»-ին եւ պահանջել կանգնել, սակայն «Ֆորդ»-ից ընթացքի ժամանակ Անանյանները հրազենից կրակել են իրենց հետապնդող Վահեի ու Գագիկի վրա: Րոպեներ անց Սարոն, տեղեկանալով, որ հանցագործների կրակոցներից եղբայրները մարմնական վնասվածքներ են ստացել, դադարեցրել է հետապնդումը, մոտեցել եղբայրներին եւ զանգել շտապօգնություն: Տուժածներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, Գագիկի կյանքը փրկել չի հաջողվել. մեկ օր անց` ապրիլի 28-ին, նա մահացել է: Դրանից հետո Դավիթն ու Գեւորգը դիմել են փախուստի: Իսկ Ռուսլանին իրավապահները բռնել են, առանձնապես խոշոր չափերի գողության համար մեղադրանք առաջադրել, առաջին ատյանի դատարանն էլ դատապարտել է 8 տարվա ազատազրկման` հասցված վնասի չափով գույքի բռնագրավմամբ: Սակայն ամբաստանյալը կարծում է, որ պատիժը խիստ է, եւ ՀՀ վերաքննիչ ատյանից խնդրել է համաչափ պատիժ:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս