ԿԻԼԻՆԿԱՐՈՎԻՆ ՏԵՂՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվում է 24-ամյա Վասիլ Շահվերդյանի գործով դատաքննությունը: Վերջինս մեղադրվում է վրեժխնդրության հողի վրա կատարված սպանության, ապօրինի զենք կրելու եւ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնելու մեջ:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Վասիլ Շահվերդյանը Գագիկ Կիլինկարովից վրեժխնդիր լինելու շարժառիթով 2012թ. հունվարի 12-ին Ալավերդի քաղաքի Հյուսիսային համալսարանի շենքի դիմաց հանդիպել էր վերջինիս եւ նրա ընկեր Արմեն Կոստանդյանին, որտեղ իր մոտ գտնվող եւ մարտականի վերափոխված ատրճանակով 7 կրակոց էր արձակել Գագիկ Կիլինկարովի ուղղությամբ: Նա մարմնի տարբեր մասերում եւ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ Արմեն Կոստանդյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել էր միջին ծանրության հրազենային մարմնական վնասվածք:
Դեպքից հետո Վոժի Գագոյի տղա անունով հայտնի Վասիլ Շահվերդյանը ներկայացել էր ոստիկանություն եւ հայտնել, որ սպանությունը կատարել է վրեժխնդրության հողի վրա, քանի որ տարիներ առաջ Կիլինկարովները սպանել էին իր եղբորը:
Ոստիկանները սպանվածի ավտոմեքենայից հայտնաբերել էին «Սայգա» տեսակի հրազեն: Հիշեցնենք նաեւ, որ սպանվածի եղբայրը՝ Արմեն Կիլինկարովը, անցյալ տարի դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման Արմեն Շաքարյանի սպանության համար: Ըստ ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունների՝ 2000թ. դեկտեմբերին Արմեն Շաքարյանը, Վասիլի եղբայր Գագիկ Շահվերդյանը, Լոռու ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ այլք վիճաբանել էին Գագիկ Կիլինկարովի հետ, որի ընթացքում Արմեն Շաքարյանը որսորդական հրացանով կրակել էր Գ. Կիլինկարովի ոտքերին, ինչից հետո վերջինիս եղբայր Արմենը վրեժխնդիր էր եղել Շաքարյաններից:
Լոռու մարզում վրեժխնդրություններն ու սպանությունները շարունակվում են:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս