ԲԱԺԱՆԵՑԻՆ ՈՒ ՏԻՐԵՑԻՆ. ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլէներգիայի թանկացման դեմ ընթացող նստացույցի շուրջ վերջին երեք օրերին իրադարձությունները բավականին բուռն զարգացան: Նախ՝ շաբաթ օրր նախագահական նստավայրը տարածեց Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ տնտեսական ոլորտի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ: Ըստ այդմ, պարզվեց, որ իշխանությունները ժամանակավոր լուծում են գտել. «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունում միջազգային աուդիտ անցկացվի` պարզելու՝ արդյոք արդարացվա՞ծ է էլէներգիայի սակագնի թանկացումը: Մինչեւ աուդիտի ավարտը էլէներգիայի սակագինը չի բարձրանա, իսկ 6,93 դրամ տարբերությունն այդ ընթացքում կփոխհատուցի Հայաստանի Կառավարությունը: Սերժ Սարգսյանի ելույթի հաջորդ օրը` կիրակի, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք փաստացի հանդես էին գալիս, որպես նստացույցի կազմակերպիչ եւ համակարգող, հայտարարեցին բողոքի ցույցը Ազատության հրապարակ տեղափոխելու մասին: Սակայն նրանց հետեւից նստացույցի մի քանի հարյուր մասնակից գնաց, դրա համար էլ երեկ որոշվեց դադարեցնել փողոցային պայքարը: Նստացույցը մասնատվեց, բայց հիմնական մասը շարունակեց մնալ Բաղրամյան պողոտայում` արդեն առանց համակարգողների: Կողմերը սկսեցին իրար դավաճան անվանել: Եւ երեկ արդեն սկսեցին նշմարվել նոր «համակարգողները», որոնց 10 օր է՝ որեւէ մեկը չի տեսել: Երեկոյան արդեն մասնակիցների թիվը՝ նախորդ օրերի համեմատ, էապես նվազել էր: Եթե այսպես շարունակվի, ապա նստացույցը մեկ-երկու օրից ավել այլեւս չի տեւի, եւ բռնություն գործադրելու անհրաժեշտություն էլ չի առաջանա: Իշխանությունը գործեց իր ոճով՝ բաժանեց ցուցարարներին եւ տիրեց իրավիճակին՝ կոտրելով պայքարի ողնաշարը:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ինչ-ինչ հիմնավորումներով իշխանական որոշ լրատվամիջոցների, խոսքը հիմնականում հեռուստաընկերությունների մասին է, ամեն ամիս կլորիկ գումար է վճարում, որպեսզի այդ ԶԼՄ-ներն իրեն բարի աչքով նայեն եւ իրենց լրահոսում մշտական տեղ հատկացնեն: Արդյունքում, հեռուստաընկերությունները Սերգո Կարապետյանի ամեն քայլափոխը, անգամ շունչ քաշելու պահը հետեւողական լուսաբանում են: Մեր տեղեկություններով՝ գյուղատնտեսության նախարարը լրագրողներից խնդրել է հատուկ ուշադրություն դարձնել իր մարզային այցելությունների վրա: Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ Սերգո Կարապետյանն իրեն չխնայելով՝ ողջ օրը մարզերով է շրջում, բայց իրականում նա ընդամենը շոումենի կարգավիճակում է հայտնվել: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանից, որը կտրականապես հերքեց լուրը: «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- պատասխանեց Սմբատյանը:

 

 

 

 

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում վճարել թերթի վաճառքով զբաղվող «Պրեսս Ատտաշե» ընկերության 180 հազար դրամի պարտքը: Այս փաստը պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Ասեմ, թե բանն ինչումն է: «Հրազդան» ստադիոնը ինքը հարկային տեսչության ստուգումների արդյունքում հայտնվեց ֆինանսական փակուղու մեջ: 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք կարողանում տալ, եւ մեր աշխատակիցները բողոքել են դատարան, ընկել ենք ցայտնոտի մեջ… Դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի: Երբ հաշիվների վրա կալանք դրվեց, շատ պարտատերեր ունեցանք: Սնակն ճանաչվելու որոշումը եղել է, բայց մենք առողջացման ծրագիր ենք ներկայացնելու, որ մեր հաշիվները կալանքից ազատենք եւ կարողանանք մեր պարտավորությունները կատարել: Ստադիոնը սնանկ է ճանաչվել: Տոնավաճառն էր այդ մեծ կառույցը սպասարկում. կեսը Ծառուկյան Գագոն տարավ, հարկայինն էլ մյուս կեսը, եւ «Հրազդան» ստադիոնին սնանկացրեցին»:

 

 

 

 
Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական կողմը համաձայնել է Հայաստանի իրավապահներին հանձնել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության քրեական գործը: Այսպիսով, որոշվել է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանի դատարանում: Մասնավորապես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատավարությունը պետք է տեղի ունենա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Կոնկրետ դատավորի հարցը ՀՀ իշխանությունները դեռ չեն որոշել: Այդ հարցը, թերեւս կկոնկրետանա այն ժամանակ, երբ պաշտոնապես տեղի կունենա քրեական գործի ամբողջական փոխանցումը, եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը կկազմվի եւ կուղարկվի դատարան: Իսկ թե որտեղ կկրի իր պատիժը Պերմյակովը, դեռ հստակ չէ:

 

 

 

ԱՆՀԱՎԱՏԱՐԺԱՆ

Այս օրերին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայի ցուցարարների հետ շփումների ընթացքում արդեն անգամ անկառավարելիության աստիճանի բարկացած հայտարարում է, թե ոստիկանությունն է ժողովրդի պաշտպանը, թե իր համար անհասկանալի է, երբ ինչ-որ մարդիկ փորձում են կենդանի պատ կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, եւ որ պետք է վստահել ոստիկաններին եւ հավատալ իշխանություններին: Իսկ չվստահողներին եւ չհավատացողներին էլ Գասպարյանն առաջարկում է իր կողմից արդեն կիրառած «քաղաքական աղոթքի» մեթոդը:
Մինչդեռ, եթե իշխանությունները ցանկանում են, որ ժողովրդի մոտ վերականգնվի վստահությունն ու հավատն իրենց հանդեպ, ապա պարտավոր են շատ արագ եւ առարկայական քայլեր կատարել այդ ուղղությամբ: Եվ որպես առաջին նման քայլ կարող էր եւ պետք է լիներ հունիսի 23-ին խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ բիրտ ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ ոչ միայն գործ հարուցելը, այլեւ արդեն իսկ այս օրերին կոնկրետ արդյունքները ներկայացնելը: Սակայն կատարվածից յոթ օր անց Վահրամ Շահինյանի ղեկավարած հատուկ քննչական ծառայությունում դեռ մտմտում են` արժի արդյոք քրեական գործ հարուցել, թե ոչ:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանության կողմից իրականացված բռնությունների կապակցությամբ նույն Վլադիմիր Գասպարյանն իր չորսրոպեանոց խոսքում ուղիղ վեց անգամ ներողություն էր խնդրել` հավաստիացնելով, թե իրենց սխալներից դասեր կքաղեն, քանի որ ունեն այդ կամքը: Արդ` ինչու հենց հիմա ի ցույց չեն դրվում այդ դասերը, չէ որ հենց հիմա է, որ Բաղրամյան պողոտայում նստացույց անող երիտասարդներին տուն ուղարկելու համար այնքան կարեւոր է վստահության վերականգնումը: «Սանիթեքի» աշխատակցի դիմումին ոստիկաններն այնքան արագ արձագանքեցին` քրեական գործ հարուցելով եւ փորձելով պողոտայից հանել աղբամանները, ինչու նույնպիսի օպերատիվություն չի դրսեւորվում խաղաղ ցուցարարների եւ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նկատենք, որ այս հարցը երեկ Վալերի Օսիպյանին ուղղում էին հենց ցուցարարները, իսկ փոխոստիկանապետն, ինչպես միշտ, նման դեպքերում` «ջրում էր», փառք Աստծո, այս անգամ որ այդ անտանելի ջրցան մեքենայով:
Իսկ ինքը` Վլադիմիր Գասպարյանը, մոռացած իր ներողություններն ու բարեփոխվելու «քաղաքական կամքը», նախօրեին բղավում էր եւ հրահանգում «չքվել աչքից», նաեւ սպառնում ցուցարարներին, թե պողոտայից դուրս չգալու դեպքում «կմաքրվեն» հունիսի 23-ից «ավելի խիստ ձեւով»: Այսքանից հետո բնական է, որ Բաղրամյանը չի հավատում իշխանության «արցունքներին»:




Լրահոս