ՑԱՆԿԱՑԱԾ ԱՈՒԴԻՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք Բաղրամյան պողոտայում շարունակելու են իրենց պայքարը, քանի որ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված աուդիտը ձեւական բնույթ է կրելու: Արմեն Մկրտչյանը նշեց նաեւ, որ իրենց կուսակցության անդամները Բաղրամյան պողոտայում են լինելու, սակայն ինքն այլեւս որեւէ առնչություն չի ունենալու «Ոչ թալանին» նախաձեռնության հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, Դուք հայտարարել եք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության ղեկավար կազմից դուրս եք եկել ու այլեւս որեւէ կապ չունեք նրանց հետագա գործունեության հետ: Ի վերջո, ինչո՞ւ որոշեցիք հեռանալ նախաձեռնությունից, ի՞նչը Ձեզ հիասթափեցրեց:
-Ես հիմա էլ Բաղրամյան պողոտայում եմ իմ ընկերների հետ, «Հայազն» կուսակցության անդամների հետ եմ ու շարունակում եմ պայքարել ժողովրդի կողքին, որովհետեւ ժողովուրդը որոշել է պայքարել Բաղրամյան պողոտայում: Ընդամենը հայտարարել եմ, որ նախաձեռնող խմբի հետ որեւէ կապ չունեմ, իսկ ես պայքարը չեմ կարող լքել, որովհետեւ պայքարը շարունակվում է, ու մեր վերջնական նպատակները դեռեւս հեռու են կատարվելուց:
-Բայց ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք, նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ պայքարն այլեւս քաղաքական բնույթ է կրում, ոմանք էլ ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին մեղադրեցին պայքարի պառակտման համար: Դուք ե՞ւս այդ տեսակետին եք: Ի՞նչ կատարվեց իրականում, մի՞թե իշխանություններին հաջողվեց պառակտել պայքարողներին:
-Բողոքի նախաձեռնության մեջ կար հետաքրքիր համերաշխություն, որը շատ մեծ գնահատականի է արժանի: Ես շարունակում եմ պահպանել մարդկային հարաբերությունները բոլորի հետ, բայց նախաձեռնության իմաստն արդեն կորավ, որովհետեւ դուրս եկավ, որ նախաձեռնությունը, ցավոք, չկարողացավ ամբողջ ժողովրդի կարծիքը համընդհանուր կերպով արտահայտել: Դա նորմալ երեւույթ է, նախաձեռնությունները հավերժ չեն, այլ մի ընդհանուր գործողության համար, ու ես կարծում եմ, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը պատվով կատարեց իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Ու եթե ընկերներս կշարունակեն այդ նախաձեռնությամբ աշխատել, ես ուղղակի բարի երթ կմաղթեմ:
-Նախօրեին հայտարարեցիք, որ Դուք Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ եք «տեղափոխվում», այնտեղ վրանային ավան ստեղծելու ու Ձեր պայքարը շարունակելու համար: Ինչո՞ւ, երբ ոստիկանությունը որոշեց «ցրել» բողոքի ակցիայի մասնակիցներին, հեռացաք Բաղրամյան պողոտայից, այնուհետեւ կրկին որոշեցիք վերադառնալ այնտեղ: Մշտապես հայտարարել եք, որ Ձեր խնդիրը ծեծ «ուտելը» չէ, այլ պայքարելը, հիմա ո՞րն է Ձեր պահանջը:
-Ես եղել եմ ե՛ւ Ազատության հրապարակում, ե՛ւ Բաղրամյան պողոտայում, տեսել եմ, որ Ազատության հրապարակում հավաքված զանգվածի ամբողջ ներկապնակը, մի քանի տասնյակից ավել մարդիկ, գտնվում են Բաղրամյան պողոտայում, տեղեկացել եմ, որ ոստիկանությունը պատրաստվում է ուժ կիրառելով Բաղրամյան պողոտայից դուրս հանել քաղաքացիներին՝ իմ ընկերների հետ վերադարձել եմ Բաղրամյան պողոտա: Եւ ամբողջ գիշերը ես անցկացրել եմ Բաղրամյան պողոտայում ու շարունակում եմ այստեղ գտնվել:
-Խոսակցություններ են շրջանառվում, թե «Ոչ թալանին» նախաձեռնությունը իշխանությունների կողմից «հովանավորություն» ունի, ինչի համար էլ մինչեւ այժմ նրանք հանդուրժում են այն իրավիճակը, որն առկա է: Որքանո՞վ է իրականությանը մոտ նման տեղեկությունը:
-Որտե՞ղ է այդ հովանավորությունը երեւացել, դրանք ծիծաղելի տեղեկություններ են: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ եղել են մշտապես անկեղծ ու որեւէ միտում չեն ունեցել: Դրանք ուղղակի հերյուրանքներ են, որոնց տարածումը նպաստում է մեր գլխավոր հակառակորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագրերի իրականացմանը, որովհետեւ այս շարժման ոչնչացումը միայն արդյունավետ է Սերժ Սարգսյանի ու իր ղեկավարած վարչակազմի համար: Այն ուժերը, որոնք որ կցանկանան, որպեսզի այս շարժումը ինչ-որ ձեւով տապալվի, ուղղակիորեն կնպաստեն Սերժ Սարգսյանի քաղաքականության առաջընթացին: Տապալվել ասելով ես նաեւ նկատի ունեմ Ազատության հրապարակում կամ Բաղրամյան պողոտայում գտնվող քաղաքացիների միջեւ մեկը մյուսի հանդեպ վիրավորանքներով թշնամանք առաջացնելը:
-Արդեն հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված աուդիտը տեւելու է 3-6 ամիս, արդյո՞ք Դուք այդ ամիսների ընթացքում շարունակելու եք փողոցային պայքարը եւ նստացույցերը:
-Իհարկե, աուդիտը անլուրջ պատճառաբանություն էր ժողովրդին ցրելու համար: Սերժ Սարգսյանը կատարեց իր հերթական մտածված քայլը, մեզ փորձեց մոլորության մեջ գցել: Իհարկե, նման աուդիտներ ամեն տարի ՀԷՑ-ում տեղի են ունենում, կարող եք ՀԷՑ-ի արխիվից ծանոթանալ, որ նման աուդիտները նոր չեն, ու բոլորն էլ դրա մասին շատ լավ քաջատեղյակ են: Ակնհայտ է, որ ցանկացած աուդիտ իշխանությունների կողմից հնարավոր է վերահսկել, եւ կարող են համապատասխանաբար թվերը փոխել: Իսկ իմ անձնական կարծիքով՝ մեր խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած խումբը լքեն ՀՀ իշխանությունը: Աուդիտն ընդամենը մի փոքրիկ հաջողություն էր, որը ճնշման ներքո եղավ, ընդամենը այսքանը:

 

 

 
ՀԷՑ-Ի ԱՈՒԴԻՏԸ ԿՏԵՎԻ 3-6 ԱՄԻՍ

Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում քննարկվել էին Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, համակարգի հետագա առողջացմանը եւ առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցերը: Ս. Սարգսյանը հայտարարել էր, որ իրենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ կապված աուդիտ են անցկացնելու, որպեսզի պարզեն, թե որքանով է արդարացված թանկացումը:

Ս. Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Առաջարկում եմ ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաեւ բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, եւ այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետեւյալ հարցերին` ինչքանո՞վ էր հիմնավորված սակագնի բարձրացումը, եւ սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին: Ինչպես նշեցի՝ համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչեւ եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից, Կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայրենի Կառավարությունը այս օրերին զբաղված է աուդիտի անցկացման տեխնիկական հարցերը լուծելով: Այժմ քննարկվում է, թե ովքեր եւ ինչ ընթացակարգով են կազմակերպվելու այդ աշխատանքները: Ու թեեւ ի սկզբանե նշվեց, որ աուդիտն արվելու է սեղմ ժամկետներում, հիմա, սակայն, պարզվում է, որ դա տեւելու է 3-6 ամիս:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով աուդիտի անցկացմանը, երեկ հայտարարել է, որ ՀԷՑ-ի աուդիտը կօգնի պարզել, թե որքանով էր արդարացված սակագնի բարձրացումը, եւ ինչ վտանգներ կարող է պարունակել սակագինը չթանկացնելը: «Սակայն չեմ բացառում, որ նույն խորհրդատվական ընկերությանը կդիմենք եւս մեկ հարցադրմամբ, որպեսզի նրանք վերլուծեն, թե որքանով է մինչեւ 2036թ. ռազմավարությունը համապատասխանում ժամանակակից միտումներին»,-նշել է նախարարը:
Հարությունյանը հավելել է, թե աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս: «Կան երեւույթներ, որոնք անխուսափելի են, այլ խնդիր է, թե ինչքանով է ճշգրիտ հաշվարկված այս ավելացումը, եւ ինչքանով է վստահելի այն պնդումը, որ այդ ամենի մեջ հաշվարկված չեն այն չարաշահումները, որոնք առկա են. վատ կառավարումը եւ այլն: Ես ամբողջովին դրանում համոզված եմ, բայց դրանում պետք է համոզված լինի նաեւ բնակչությունը»,-եզրափակել է Դ. Հարությունյանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ՌԵԿՏՈՐԻՆ ԿԱԶԱՏԵ՞Ն
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պետական ավարտական քննություններն անցել էին առանց հանձնաժողովների նախագահների մասնակցության: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, բացակայած նախագահները հետին թվով ստորագրել էին «վեդոմոստները»: Մեր տեղեկություններով՝ հրապարակումից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ուսումնասիրություններ է իրականացրել, որից հետո ռեկտոր Դավոյանին հայտարարվել է նկատողություն: Մեր աղբյուրները պնդում են, որ գործը հասել է նույնիսկ նրան, որ նախարարությունում քննարկում են Դավոյանին պաշտոնանկ անելու հարցը, պարզ չէ` պատճառը մեր արձանագրած խախտո՞ւմն է, թե՞ այլ խախտումներ էլ են հայտնաբերվել:

 

«ԴԱՐՈՅՆՔ»-Ը ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞
Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Դարոյնք» (Daroink) ընկերությունը, որը զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ, պատրաստվում է իր բիզնեսը տեղափոխել արտերկիր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Դարոյնքը» գործունեությունը կշարունակի Բելառուսում: Ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառն այն է, որ տեղական շուկայում ընկերությունը եկամուտ չի ունենում: «Դարոյնք»-ի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանի անունից «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ վերը բերված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

 

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը համեստ աշխատավարձով, բայց բավական ունեւոր կյանք է վարում: Նրա դրամական միջոցները 2014 թվականի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 35 մլն դրամ եւ 95 հազար դոլար: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 5 մլն 471 հազար դրամ: Սակայն առավել ուշագրավ են նրա որդիների հայտարարագրերը: Բաղդասարյանի մի որդին՝ Սերգեյը, նախորդ տարվա սկզբին ունեցել է «Toyota Land Cruiser Prado V6 4.0» մակնիշի մեքենա, որը 19 մլն դրամով օտարել է: Բայց 20 մլն դրամով գնել է «Toyota Land Cruiser 200 4.7» մակնիշի ավտոմեքենա: Մյուս որդին` Մելսիկ Բաղդասարյանը, անցած տարվա ընթացքում 10 մլն-ական դրամ արժեքով ձեռք է բերել «Hummer H3» եւ «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենաներ: Սակայն նույն տարվա ընթացքում երկու ավտոմեքենաներն էլ օտարել է: Նկատենք, որ ըստ Բաղդասարյանի որդիների հայտարարագրերի՝ նրանք դրամական միջոցներ չեն ունեցել, ուստի անհայտ է, թե ինչ գումարների հաշվին են նրանք ավտոմեքենաներ գնել եւ վաճառել: Ի դեպ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արթուր Բաղդասարյանի որդիները ավտոմեքենաների առուվաճառքով են զբաղվում:




Լրահոս