«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին կբերեն Հայաստան: Իսկ թե քանի տարվա ազատազրկման կդատապարտվի մարդասպանության մեջ մեղադրվողը, կորոշվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորի հարցը դեռ հստակ չէ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպանվել էին Ավետիսյան ընտանիքի 7 անդամները: Սպանությունը կատարել էր Գյումրիում տեղակայաված 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը մինչ օրս գտնվում է ռուս իրավապահների մոտ: Վերջիններս երեք քրեական գործ են հարուցել Պերմյակովի նկատմամբ, իսկ ՀՀ քննչական կոմիտեն միայն սպանության հատկանիշներով է քրեական գործ հարուցել (104-րդ հոդվածի 2-րդ մաս):
Երբ գյումրեցիները բողոքի ալիք էին բարձրացրել` պահանջելով Վալերի Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «տղամարդու խոսք» տվեց նրան ՀՀ արդարադատությանը հանձնելու մասով, սակայն ամիսներ շարունակ դատախազը «մնացել էր» իր խոստման տակ: «ժողովուրդ»-ը մայիս 1-ին գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գաղտնի գնացել է Մոսկվա: Գրել էինք նաեւ, որ այցից հետո Գեւորգ Կոստանյանը այս գործի շրջանակներում գաղտնի գրագրության մեջ է ռուս իրավապահների հետ:
Եվ, ահա, հունիսի 27-ին ՀՀ նախագահի նստավայրից պաշտոնապես հայտարարություն տարածեցին, որ Սերժ Սարգսյանը ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյանների գործը կհանձնվի ՀՀ քննչական կոմիտեին. «Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը եւ ՀՀ համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, անկասկած, արտացոլում է գործընկերության եւ եղբայրության ոգին եւ լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին»:
Նկատենք, որ նախագահական նստավայրից այս լուրը հայտնեցին այն ժամանակ, երբ շուրջ մեկ շաբաթ մի խումբ երիտասարդներ Բաղրամյան փողոցում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված նստացուց էին անցկացնում: Կարծիքներ կան, որ Բաղրամյանում առկա հակառուսական տրամադրությունները կարող էին ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները, դրա համար էլ Ս. Սարգսյանը, ընդհանուր համաձայնության գալով ռուսական կողմի հետ, որոշեց Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու մասին լուրը հրապարակել: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի հանձնման քաղաքական որոշումը կայացվել է դեռեւս 2015թ ապրիլի 24-ին, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իսկ արդյո՞ք ուշացած չէր Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու մասին լուրի հրապարակումը. ի վերջո, ռուսական կողմը գործը ամիսներ շարունակ քննել է, մաքրել ու փակել բոլոր անցանկալի հետքերը, որոնք կարող էին հայ իրավապահները տեսնել: Եւ միայն 5 ամիս անց որոշվեց գործը տալ հայերին:
Ինչեւէ, բայց նույնիսկ այդ դեպքում մեր հասարակությանը հետաքրքիր է եւս մեկ հարց՝ արդյո՞ք Վալերի Պերմյակովը կհանձնվի հայկական կողմին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Վալերի Պերմյակովը կդատապարտվի հայկական դատարանում, ավելի կոնկրետ՝ Շիրակի մարզում: Այս մասին հստակ ակնարկ արեց նաեւ Սերժ Սարգսյանը, երբ տվեց «Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը» ձեւակերպումը: Սա նշանակում է, որ ոչ միայն վարույթի նյութերն են տրամադրվելու հայկական կողմին, այլեւ Վալերի Պերմյակովն «ամբողջությամբ» կհանձնվի հայ իրավապահներին: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ գործը կքննվի հենց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Իսկ ով կլինի այս գործով դատավորը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում այս օրերին քննարկում են նաեւ, թե ով պետք է դատի Պերմյակովին: Ու թեեւ համակարգիչն է ավտոմատացված կարգով ընտրում դատավորներին՝ ըստ գործերի, այնուամենայնիվ, այս դեպքում անհրաժեշտ է նախեւառաջ քաղաքական որոշում, քանի որ Պերմյակովը սովորական հանցագործ չէ:
Տեղեկացնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործեր քննող 4 դատավորներ կան, որոնց «թեկնածությունները» փորձենք դիտարկել՝ ըստ հավանականության:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործերով դատավոր Աշոտ Մանուկյանին այս գործը թերեւս չի հանձնվի, քանի որ նա Արթիկի եւ Մարալիկի գործերն է քննում: Հավանաբար, Արտակ Թադեւոսյանին էլ չեն հանձնի, քանի որ նա նորաթուխ դատավոր է, դեռ սովորելու շատ բան ունի, իսկ Պերմյակովի գործը բավականին փորձառու դատավոր պետք է քննի: Բայց այս դեպքում փորձառու լինելն էլ գուցե «չօգնի» գործին, քանի որ դատավոր Մովսես Հարությունյանը թեեւ վաստակաշատ դատավոր է, բայց մեկ տարի անց թոշակի է անցնելու, եւ դժվար թե որեւէ դատավոր հասցնի 7 անձի սպանության գործը 1 տարում քննել, դատաքննությունը երկար կտեւի: Նրանց շարքում մնաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որին էլ, ամենայն հավանականությամբ, «համակարգիչը կընտրի» որպես այդ աղմկալի գործը նախագահող դատավոր:
Իսկ որտե՞ղ կկրի իր պատիժը Վալերի Պերմյակովը, Հայաստանի քրեակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ Ռուսաստանի, դժվար է ասել: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ այս հարցով դեռեւս հստակ որոշում չկա, սակայն մեծ է հավանականությունը, որ նա իր պատիժը կկրի Ռուսաստանում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԸ ՏԵՂՈՒՄ ՉԷ
Ինչպես արդեն գիտենք՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հունիսի 24-ին հարցադրումներ է ուղղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Ավելին՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ Կարեն Անդրեասյանը նշված կառույցների ղեկավարներին իր հարցադրումներին պատասխանելու համար նվազագույն 3-օրյա ժամկետ էր սահմանել:
Իսկ թե կոնկրետ ինչ հարցադրումներ էր ուղարկել նշված կառույցների ղեկավարներին, այդ մասին մանրամասներ չկան: Միայն հայտնի է, որ երեկ լրացավ Կարեն Անդրեասյանի կողմից ուղարկված հարցադրումներին պատասխանելու ժամկետը: Ի՞նչ պատասխան է ստացել ՄԻՊ-ը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կարեն Անդրեասյանին բարեհաճել է պատասխանել միայն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հարցումները ստանալուց 2 օր անց:
Մեզ հասած տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանը ՀՀ առողջապահության նախարարից պահանջել է պատասխանել, թե ինչու է բժիշկը հրաժարվել օգնություն ցուցաբերել հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում բռնության ենթարկված աղջկան եւ ով է նա, արդյո՞ք պատժվել է: Թե ինչ են պատասխանել ՄԻՊ-ին, մեզ չհաջողվեց պարզել, բայց «Ժողովուրդ»-ին տված պարզաբանումը դուրս էր երեւակայության սահմաններից: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ «նշված անձը ՀՀ առողջապահության նախարարության քաղաքացիական բժշկական հաստատության աշխատակից չէ, ուստի մենք իրավասու չենք պարզել նշված բժշկի ինքնությունը»: Իսկ թե ով է մեր երկրում բժշկի հագուստով շտապօգնության մեքենա նստում եւ դեպքի վայր ժամանում, առողջապահության նախարարությունում տեղյակ չեն: Եւ այս մակարդակով էլ մեր երկրում բժշկական ծառայություն են մատուցում եւ Հիպոկրատի երդում տալուց հետո մարդկանց կյանքը փրկելու հավակնություն հայտնում:
Հետաքրքիր է՝ ԱՆ Արմեն Մուրադյանը գիտակցո՞ւմ է իր պաշտոնի լրջությունը, թե՞ միայն PR քայլերով ցանկանում է «թոզ փչել» հասարակության աչքերին, թե աշխատում է: Ամենայն հայոց Կաթողիկոսի անձնական բժիշկ լինելն ու նրա հրահանգները կատարելը դեռ չի նշանակում առողջապահության նախարարի գործառույթներն ապահովել: Հիշեցնենք, որ «Առողջապահության նախարարության առաքելությունն է առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը, դրանց իրականացման կազմակերպումը… բնակչության առաջնային եւ մաuնագիտացված բժշկական oգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը»:
Ըստ էության, նախարարությունն անկարող է ապահովել մաuնագիտացված բժշկական oգնություն ու ծառայություն:
Հ. Գ. Երեկ ՄԻՊ գրասենյակը հայտնել է նաեւ, որ հունիսի 23-ի միջադեպի կապակցությամբ վարույթ են հարուցել, իսկ ՀՀ ոստիկանությունը նրանց կպատասխանի մինչեւ հուլիսի 5-ը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՄՏՔԱՓՈԽՎԵՑԻՆ
Armlur.am_ի տեղեկացմամբ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 7-ին կայանալիք նիստում նախատեսվում էր քննարկել այս անգամ էլ ջրի սակագնի բարձրացման հարցը: «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն ՀԾԿՀ-ին գրություն էր ուղարկել, որով առաջարկում էր սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագները բարձրացնել: Բաղրամյան պողոտայի դեպքերի արդյունքում ընկերությունը հրաժարվել է իր մտադրությունից: