ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Սյունիքի մարզում

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարեւմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատված, որտեղ հունիսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը՝ հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նա հրամկազմին տվել է համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ աշխատանքներն առավել արդյունավետ եւ խորքային իրականացնելու ուղղությամբ:

 

 

 
ՀԱՐՑ. Քույրս արդեն մի քանի տարի է՝ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մորաքույրս մինչ մահանալը նրան կտակել է սեփականաշնորհված իր բնակարանը: Խնդրում եմ ասեք՝ հիմա նրա մահից հետո քույրս ի՞նչ պետք է անի ժառանգորդության իրավունք ստանալու համար:

Թամարա Կիրակոսյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նա պետք է ժառանգության ընդունման մասին դիմում ուղարկի նոտարական մարմնին (նոտարին) ժառանգության բացման (ժառանգողի բնակության վայրի) հասցեով: Այդպիսի դիմում պետք է տալ ժառանգության բացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում (ՀՀ Քաղ. օր. 1227 հոդված): Կտակը պետք չէ կցել: Դիմումը գրվում է ազատ ձեւով: Կարող է դիմել նոտարին ըստ բնակության վայրի եւ վերցնել օրինակը:
Եթե նրան դժվար է ձեւակերպել ժառանգությունը (վճարել տուրքը, հավաքել փաստաթղթերը` քաղվածքներ գնարժեքի վերաբերյալ, բնակարանի իրավահաստատող փաստաթղթեր, գրանցել բնակարանի սեփականության իրավունքի անցումը եւ այլն), ապա կարող է նշված գործողությունները կատարելու համար լիազորագիր տալ որեւէ մեկին, ով բնակվում է ժառանգության բացման վայրում, որպեսզի նա ձեւակերպի ամեն ինչ իր անունից:

«Ձեր իրավարխորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ժառանգության բացման օրվանից դեռ չի լրացել սահմանված Ժամկետը (վեց ամիս), ապա տիկին Թամարայի քույրը պետք է ՌԴ-ից ուղարկի լիազորագիր, որի հիման վրա կիրականացվեն հետագա գործողությունները:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք: Եվ կցանկանայի տեղեկանալ, թե ի՞նչ ժամկետում եւ ի՞նչ կարգով անձը կարող է դիմել մասնակի կենսաթոշակ ստանալու համար:

Ռիմա Հայրապետյան (56 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մասնակի կենuաթոշակի իրավունք ունեն՝
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները՝ 55 տարին լրանալու եւ մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում.
2) թատերական եւ թատերահանդիuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները՝ 50 տարին լրանալու եւ մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:
Ընդ որում, մասնակի կենuաթոշակի իրավունք տվող մաuնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. պետբյուջեով կենսաթոշակների բարձրացման համար նախատեսվել էր շուրջ 34 միլիարդ դրամ, որն ուղղվեց այն խմբերին, որոնց կենսաթոշակների չափերը ցածր էին: Ի դեպ, 2013թ. տվյալներով՝ ծայրահեղ աղքատության շեմից (21,380 դրամ) ցածր կենսաթոշակ ստանում էր 68 հազար անձ, իսկ կենսաթոշակների բարձրացման արդյունքում՝ 12,800: Անցած տարվա տվյալներով` աղքատության ստորին շեմից ցածր (30,547 դրամ), 230 հազար անձ էր ստանում կենսաթոշակ:




Լրահոս