ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վերջին շրջանում մշտապես հրաժարվում է լրագրողների հարցերին պատասխանել` բացառությամբ Հանրային հեռուստաընկերության լրագրողների: Կարապետյանն այնքան արագությամբ է անհետանում լրագրողների տեսադաշտից, որպեսզի կարողանա վայրկյան առաջ խուսափել իր համար անցանկալի հարցեր լսելուց ու դրանց պատասխանելուց: Սերգո Կարապետյանն արդեն չորսուկես տարի է, ինչ զբաղեցնում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, բայց թերեւս այդպես էլ չի ընկալել, որ ինքը պետական պաշտոնյա է եւ պարտավոր է պատասխանել լրագրողների հարցերին, անկախ այն բանից՝ դրանք իր սրտով են, թե ոչ: Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը մի պաշտոն է զբաղեցնում, որն իր էությամբ հանրային է եւ հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում: Նա պարտավոր է հասարակությանը հուզող հարցերին հստակ պատասխաններ տալ: Ծիրանների ֆոնին սելֆիներ անելը դեռ աշխատանք չէ:
Ի դեպ, Կառավարությունում եւս Կարապետյանի ինքնաքարոզչությունը ծիծաղի առարկա է դարձել: Գործընկերները միմյանց դիմելիս մեջբերում են նախարար Կարապետյանի խոսքերը. «Գելաս պակուշայ, ծիրան՝ պասմատրի»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը: Ի դեպ, երեկ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը վերջինիս ծննդյան տարեդարձի առիթով հեռախոսազրույց են ունեցել, կրկին քննարկվել է ՀԷՑ-ի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Իսկ ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ՌԴ իշխանությունները որոշել են ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել. նա, հավանաբար, Մոսկվայից Երեւան այլեւս չի վերադառնա որպես տնօրեն: Բիբինի պաշտոնանկության մասին լուրի առնչությամբ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ այն չի համապատասխանում իրականությանը, եւ որ իրենք երեկվա դրությամբ՝ մինչեւ ուշ երեկո, գլխավոր տնօրենի պաշտոնանկության մասին տեղեկություն չունեին:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ ակնհայտ անձի երկվություն է: Պարզվում է՝ Զախարյանը եւս դեմ է էլէներգիայի սակագնի բարձրացմանը: Իսկ թե ինչու նա այդ մասին չի հայտարարում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հետեւյալ կերպ է պատճառաբանել. «Դուք կարող եք ասել, որ ես դեմ եմ թանկացմանը, չեղարկե՛ք: Իսկ ես չեմ կարող ասել՝ դեմ եմ թանկացմանը, չեղարկե՛ք որոշումը: Որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխանները մենք պարտավոր ենք տալ որպես կառավարություն, որպես իշխանություն: Դա համակարգի կայուն պահպանումն է, անվտանգ էլեկտրոէներգիա մատակարարումն է, հուսալի մատակարարումն է, զարգացումն է ամբողջ համակարգի, եւ այլ խնդիրների պատասխանը մենք` Կառավարությունը, իշխանությունները պետք է տանք»: Այսինքն՝ նախարար Զախարյանը չի կարող դեմ արտահայտվել Էլէներգիայի թանկացմանը, բայց նրա միջի Հայաստանի բնակիչը դեմ է: Ու քանի որ անհայտ շահեր սպասարկող նախարար Զախարյանը ՀՀ քաղաքացի Զախարյանին ճնշել է, ուստի վերջինս չի կարողանում իր կարծիքն արտահայտել:
Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ինչպես հայտնի է, քննում էր ՀՀ քննչական կոմիտեն: Պարզվում է՝ հունիսի կեսերին ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել է մարզպետի դեմ կատարված մահափորձի գործը` նյութերին ծանոթանալու համար: Եւ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատախազությունում որոշել են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործը չվերադարձնել քննչական կոմիտե, այլ այն ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար: Թե ինչու է նման որոշում կայացվել, դժվար է ասել, քանի որ դատախազությունից պաշտոնապես հրաժարվեցին մեկնաբանել՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը: Ինչպես հայտնի է՝ շատ շրջանակներ, այդ թվում եւ իրավապահ համակարգում, չեն հավատում մարզպետ Խաչատրյանի մահափորձին: Տեսնենք՝ ԱԱԾ-ում հավատացողներ կլինե՞ն:
ԱՆԼՐՋԱՑՈՒՄ
Սերժ Սարգսյանի ծննդյան կապակցությամբ, ի թիվս այլ երկրների նախագահների, երեկ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ավելի ուշ իր շնորհավորանքները փոխանցել է նաեւ հեռախոսազրույցի միջոցով:
Բնականաբար, Բաղրամյան պողոտայում ընթացող վերջին օրերի զարգացումների ֆոնին այդ ուղերձը հարկ եղածից ավելի մեծ ուշադրության արժանացավ, թեպետ պետք է որ ընկալվեր իբրեւ սովորական ընթացակարգ դաշնակցային երկրների միջեւ: Սակայն քանի որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները ներկայումս ավելի շատ սենյորային-վասալային են, Պուտինի յուրաքանչյուր բառի, ժեստի կամ հոգոցի տակ քաղաքականության «գիտակները» նոր հեռանկարներ կամ նոր դավադրություններ են տեսնում: Նայած ինչ կողմնորոշման են: Ու մինչ Պուտինի յուրաքանչյուր բառին շունչները պահած հետեւող հանրապետականները այս բավականին ջերմ ուղերձը փորձում էին ներկայացնել որպես «ավագ եղբոր» կողմից Հայաստանի նախագահի հանդեպ բարձր ուշադրության դրեւորում եւ Բաղրամյան պողոտայում ընթացող զարգացումների ֆոնին Սարգսյանի դիրքերի ամրապնդման արձանագրում, հակառակ ճամբարից գնահատականներ էին հնչում, թե իր այդ ուղերձով Պուտինը պարզապես ծաղրել է Սարգսյանին:
Հատկապես քննարկվում էր Պուտինի շնորհավորական ուղերձի հետեւյալ հատվածը.«Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաեւ՝ մեծ հեղինակություն միջազգային ասպարեզում»: Պարզվում է՝ որոշ հակաիշխանական գործիչների ընկալմամբ` նշելով մի բան, որը չկա, այն է` հայրենակիցների հարգանքը կամ միջազգային հեղինակությունը, Պուտինը պարզապես նպատակ է ունեցել հեգնելու եւ վիրավորելու Սարգսյանին: Ընդ որում, ուշագրավ է, որ այս ծայրահեղ պարզունակ եւ պարզապես ժպիտ հարուցող մեկնաբանությունները երեկ լայնորեն տարածվում էին որոշ կայքերով:
Եվ հոգ չէ, որ Վլադիմիր Պուտինի այս ուղերձը, ըստ էության, մեկին մեկ կրկնում էր նախորդ տարվա` Սերժ Սարգսյանի 60-ամյակի առիթով հղված ուղերձի գնահատականները: Օրինակ` նախորդ տարվա շնորհավորանքում էլ ասված էր. «Ձեր գործունեությունը նախագահի պաշտոնում եւ ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին եւ միջազգային ասպարեզում բարձր հեղինակության»:
Այսքանից հետո մնում է միայն հորդորել ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձներ գրող ռեֆերենտի գրչի տակ «աշխարհաքաղաքական» զարգացումներ որոնողներին այդ աստիճան չանլրջացնել ո՛չ երկրի ղեկավարի ինստիտուտի, ո՛չ էլ սեփական հեղինակությունը: