Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները, բառի ամենաուղիղ իմաստով, անտեր են մնացել. նրանք առաջնորդ չունեն եւ չգիտեն՝ ինչն ինչպես անել: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հրաժարվում են առաջնորդել՝ ակցիային մասնակցելով որպես քաղաքացիներ, վարկաբեկված քաղաքական լիդերներին չեն լսում, իսկ մարդիկ, ում խոսքը լսելի է, այս պահին դեռ լռում են՝ չհասկանալով, թե ինչ խաղ է գնում: Միայն հայտնի է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները՝ մեծից փոքր, պահանջում են էլէներգիայի սակագնի բարձրացման մասին կայացված որոշումը չեղարկել:
Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. նրանք, ինչպես միշտ, կիսաքայլերով են փորձում լուծել խնդիրը, այն էլ ժամանակավոր: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ լավ կլինի՝ ընտրենք աշխարհում մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն, «եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավվեն նաեւ բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, եւ այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետեւյալ հարցերին`
– ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, եւ
– սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:
Եւ մինչ այդ ՀՀ Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը»:
Նախ նկատենք, որ այն հայտը, որը ներկայացվել է ՀԷՑ-ի կողմից ՀԾԿ հանձնաժողովին՝ որպես էլէներգիայի սակագինը բարձրացնելու հիմնավորում, արդեն բավականին խոսուն փաստաթուղթ է: Ու ամենեւին էլ կարիք չկա միջազգային հանրությանն այս գործին խառնելու, քանի որ այդ փաստաթղթերում փողերի անխնա ծախսը անզեն աչքով է երեւում: Ինչո՞վ էր զբաղված Ռոբերտ Նազարյանը, որ մի աուդիտ էլ չարեց:
Բացի այդ՝ հիշեցնենք, որ ամեն տարի ՀԷՑ-ում աուդիտ է անցկացվում: Ընդ որում, համաձայն ՀԷՑ-ի պարտավորությունների՝ այդ աուդիտը պետք է անցկացվի աշխարհի ամենահայտնի աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Կոնկրետ 2014 թվականին ՀԷՑ-ում աուդիտ է անցկացրել «Էրնսթ ընդ Յանգ» ընկերությունը եւ հայտնաբերել է, որ ՀԷՑ-ը վարկային մի շարք պարտավորություններ չի կատարել, եւ ռիսկային է նրանց վարկ տրամադրելը: Ասել է թե՝ ՀԷՑ-ը հուսալի գործընկեր չէ: Հիմա ի՞նչ նոր բան պետք է պարզի Սերժ Սարգսյանի առաջարկած աուդիտը: Ի վերջո, աուդիտը չի կարող բացահայտել ատկատները, չարաշահումները եւ թալանի այն մեխանիզմը, որը կիրառվել է ՀԷՑ-ում:
ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչությունն էլ տակավին վերջերս՝ 1-2 տարի առաջ, լայնամասշտաբ ստուգումներ իրականացրեց ՀԷՑ-ում, խոշոր տուգանքի ենթարկեց ՀԷՑ-ին, եւ անգամ կապարակնքվել էին այդ ընկերության համակարգիչները: Բայց անհասկանալի գթասրտությամբ պատմությունը «փակվեց»: Հիմա նորից աուդիտի մասին խոսելը, մեղմ ասած, ժամավաճառության պես մի բան է:
ՀԷՑ-ում անհրաժեշտ են քննչական գործողություններ, որոնց կատարման արդյունքում կբացահայտվեն այն չարաշահումները, կոռուպցիոն երեւույթները, որոնք առկա են այդ ընկերությունում տարիներ շարունակ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կարծես թե հրաժարվում է քրգործ հարուցելու մտքից. դե, իհարկե, վտանգավոր է, ի՞նչ իմաստ ունի այդտեղ մտնելը:
Բայց այս իրավիճակում անհրաժեշտ է այնպիսի քննություն, որը կարող է բացահայտել մեխանիզմը, թե ինչպես են ՀԷՑ-ի գումարները թալանվել, ինչ կապ է եղել գործող իշխանության կոնկրետ օղակների եւ ՀԷՑ-ի տնօրինության միջեւ՝ գումարները մսխվելիս: Միայն այդ հարցերի պատասխանը ստանալուց հետո կկարողանա անկախ աուդիտը պարզել՝ ՀԷՑ-ը, որպես բիզնես, ինչ արդյունավետությամբ կարող է աշխատել, եւ արդյո՞ք էլէներգիայի սակագնի թանկացումը հարցի միակ լուծումն է:
Բացի այդ՝ շատ կարեւոր է նաեւ պարզել, թե ինչ միջոցներով է պատրաստվում ՀՀ Կառավարությունը մարել այն 200 մլն դոլարը, որը սպառազինության անվան տակ վարկ է ստացել, բայց կծախսի որպես էլէներգիայի սակագնի փոխհատուցում: Այդ վարկն, ի վերջո, ՀՀ քաղաքացիների ուսերին է ծանրանալու, եւ գրավն էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ Սերժ Սարգսյանը չեն դրել իրենց միջոցներից: Այնպես որ, վարկով խնդիրը կարգավորելը էլի քաղաքացիների «գրպանին» է հարվածում:
Եւ վերջապես, հնարավոր չէ՞ արդյոք մի անգամ լիարժեքորեն բավարարել հասարակական պահանջը. ի վերջո, իշխանությունից մինչեւ ամենաթունդ ընդդիմադիրը պնդում են, որ Բաղրամյանում հավաքվածների «չեղարկում» պահանջը արդարացված է: Արդյո՞ք Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովն իրապես այնքան անկախ է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում ազդել նրա վրա՝ ստիպելով չեղարկել իր իսկ կայացրած որոշումը: Ի դեպ, այդ իրավունքը հանձնաժողովն ունի իր կանոնադրությամբ: Ի՞նչն էր խանգարում չեղարկել որոշումը, նոր աուդիտ անցկացնել, եթե իշխանական բուրգում չկա ներքին մտավախություն, որ իրականացված թալանը կարող է բացահայտվել, որում իրենք անմասն չեն:
Իրականում ՀԷՑ-ի շուրջ բարձրացած աղմուկը բավականին արհեստական է, քանի որ ցանկության դեպքում այն պետական կառավարման հանձնելու գործընթացը դժվար չէ կազմակերպել: Եթե միայն Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Նազարյանը, Երվանդ Զախարյանն ու Կարեն ճշմարիտյանը հավաքեն իրենց այն գումարները, որոնք երկրից դուրս են հանում՝ ապահով պահելու կամ շրջանառելու համար, ՀԷՑ-ը կարող է դառնալ պետական սեփականություն: Էլ չենք թվարկում այն թանկարժեք նվերների գները, որոնք իշխանական էլիտայի ներկայացուցիչները տանում են իրենց հետ՝ հարսանեկան այս կամ այն արարողությանը մասնակցելիս, արդեն «սեւ բյուջեից»: Այնպես որ, դժվար չէ որոշումը չեղարկել, աուդիտ անել եւ ՀԷՑ-ը պետականացնել, ուղղակի գործ ունենք ցանկության բացակայության եւ իշխանական գծուծության հետ:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՄԱՅԻՍԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության քրեական գործը Հայաստանի իրավապահներին փոխանցելու մասին քաղաքական պայմանավորվածությունը` ՀՀ եւ ՌԴ իշխանությունների միջեւ, ձեռք է բերվել այս տարվա ապրիլի 24-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան կատարած այցի ժամանակ: Իսկ համապատասխան իրավական փաստաթղթերը ստորագրվել են արդեն մայիսի 8-ին` Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ: Ի սկզբանե ենթադրվել է, որ այդ մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ արդեն գործի նախաքննությունն ամբողջությամբ ավարտված կլինի: Սակայն էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի սկսվելուց հետո որոշվել է հենց այս փուլում այդ մասին հայտարարել՝ հակառուսական տրամադրությունները ՀՀ-ում չխորացնելու համար:
Ի դեպ, Ավետիսյանների փեսան՝ Արթուրը, քրեական գործը ՀՀ իրավապահներին հանձնելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ուրախ է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կատարեց իր խոստումը: «Մեր կորուստը կորուստ է, բայց գոնե շատ հարցերի պատասխան այս քայլով հույս ունենք, որ կստանանք: Մենք անգամ չէինք էլ սպասում, որ ընդհանրապես գործը կփոխանցվի, բայց արդյունքը կա, հիմա սպասենք զարգացումներին»,- ասաց Ավետիսյանների փեսան:
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆԵՆ
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե երբվանից եւ ինչպես են սկսելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված աուդիտի գործընթացը, պատասխանեց, որ ինքն այս օրերին հենց այդ հարցով է զբաղված: Դիտարկմանը, թե հասարակությունը չի վստահում ՀՀ իշխանություններին, հայտարարեց. «Ես կարծում եմ, որ դա շահարկվում է, որովհետեւ մենք երբ կհրապարակենք պայմանները, թե ինչպես է ստուգվելու, ով է ստուգելու, դուք արդեն ձեր հարցերի պատասխանները կունենաք, դա կլինի հրապարակային: Մենք այժմ այդ ամենն ենք մշակում, որպեսզի տանք բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հուզում է հանրությանը: Դա կլինի հրապարակային ու դուք կիմանաք ով է անելու, ինչ է հետազոտելու: Մենք առայժմ մշակում ենք պայմանները, գործընթացը կլինի, բոլորն էլ կտեղեկանան»,- պատասխանեց փոխվարչապետը:
ԲԱ ԱՄՈԹ ՉԷ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարության նոր ձեւավորվելուց հետո լրագրողները արձանագրել էին, որ նորանշանակ նախարարները պատրաստակամ պատասխանում են լրագրողների հարցերին: Սակայն վերջին շրջանում, երբ հաճախակիացել են Կառավարության ձախողման մասին խոսակցությունները, նախարարները սկսել են հնարավորինս խուսափել լրագրողների հետ շփումներից: Ասենք, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հարցերին նույնիսկ այո կամ ոչ պատասխանելուց է խուսափում եւ հարցերին ի պատասխան՝ ինչ-որ «ծկոցներ» է միայն արտաբերում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի որոշ մարզերում այս տարվա սեպտեմբերի 13-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս առիթով ՀՀ Կառավարությունն իր վաղվա նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի 64 մլն 721 հազար 200 դրամ: ՏԻՄ ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին հատկացվելիք գումարից 2 մլն 80 հազար 300 դրամը կտրամադրվի ՀՀ ոստիկանությանը:
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱԿ խմբակցությունը երեկ հրավիրած արտահերթ նիստում քննարկել է «էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական ընդվզման առկա իրավիճակը, գազի սակագնի հետ կապված խմբակցության կողմից պատրաստած հատուկ կարծիքն ու նյութերը, խմբակցության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման եւ «ՀԷՑ»-ի գործունեության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները» եւ որոշել ի մի բերելով կատարված ուսումնասիրությունները` գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտներում կատարված չարաշահումների, ապօրինությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը ուսումնասիրելու եւ քննություն անցկացնելու, ինչպես նաեւ՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով գլխավոր դատախազին ներկայացնել հաղորդում հանցագործության մասին:
ՀԵՏԱՊՆԴԵ՞Լ ԵՆ
Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամներ Մաքսիմ Սարգսյանին եւ Վաղինակ Շուշանյանին անհայտ անձինք հետապնդել եւ վախեցրել են, ինչի պատճառով էլ նրանք որոշել են «լքել» Բաղրամյան պողոտան եւ դադարեցնել պայքարը` Մ. Սարգսյանը երեկ ասել է, որ հետապնդում իսկապես եղել է իր եւ Վաղինակի նկատմամբ, սակայն նրանց չեն վախեցրել: «Ես շուրջ 3 տարի է՝ փողոցային պայքարի մեջ եմ, եղել են թե՛ հետեւելու պրոցեսներ, թե՛ ծեծ եւ այլն: Ինչի՞ց կամ ումի՞ց պետք է վախենամ: Ես չեմ անում ինչ-որ բան, որից պետք է վախենամ: Որեւէ նման բան չկա, դա ապատեղեկատվություն է: Եթե վախեցնելու դեպք լիներ, ես կհրապարակեի մամուլում այդ մասին իմ իսկ անվտանգության համար, բայց հիմա նման բան չկա»,- հայտարարել է Մ. Սարգսյանը:
ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր գեղարվեստական տնօրեն ունի: Այս պաշտոնում կրկին նշանակվել է օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը: