«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու գործը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունից տեղափոխվել է ազգային անվտանգության ծառայություն:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին հնչել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մարզպետը դեպքից րոպեներ անց հայտնել է, որ իր «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ 25-30-ից ավել կրակոցներ էին արձակվել, որը տեւել էր մոտ 10 րոպե: Գրել էինք, որ դեպքի օրը մեքենայում եղել էր Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը: Ավելի ուշ այս գործով հարցաքննվել էին 30-ից ավել անձինք, որոնց մեջ էին եղել նաեւ Գորիսի «Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը եւ 2013 հունիսի 1-ին մարզպետի տան մոտ փոխհրաձգության ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արտակ Բուդաղյանը:
Ինչպես հայտնի էր՝ Սյունիքի մարզպետի դեմ իրականացված մահափորձի եւ մայիսի 2-ին Սդղլի գյոլ տարածքում նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասով հարուցված քրեական գործերը գտնվում էին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Եվ, ահա, հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պահանջով Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործի նյութերը ուղարկվել են նախաքննության օրինականությունը վերահսկող դատախազին՝ ծանոթանալու համար:
Ու մինչ դատախազությունում ծանոթանում էին մարզպետի որդու մասնակցությամբ ծեծի գործով նյութերին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մարզպետի դեմ մահափորձի գործը վերահսկող դատախազն էլ իր հերթին է ՀՀ քննչական կոմիտեից պահանջել գործը՝ նյութերին ծանոթանալու համար: Եվ այդ ուսումնասիրությամբ, ըստ ամենայնի, ինչ-ինչ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնց արդյունքում դատախազը որոշել է մարզպետ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործը հետ չվերադարձնել կոմիտե՝ այն ուղարկելով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:
Ի՞նչը կարող էր լինել այս որոշման պատճառը: Միգուցե, հերթական միջգերատեսչական կռի՞վն է պատճառը, թե՞ իսկապես այնպիսի հանգամանքներ են պարզվել, որ դատախազը գործն ուղարկել է ԱԱԾ-ը՝ ըստ երեւույթին առավել օբյեկտիվ քննություն կազմակերպելու համար: Նկատենք, որ շատ դեպքերում ՀՀ գլխավոր դատախազությունը միայն ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննված գործերը չէ, որ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար ուղարկում է այլ քննչական մարմին: Եղել են դեպքեր, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը նույն ԱԱԾ-ի կողմից քննված գործեր էլ է օբյեկտիվ քննություն իրականացնելու պատճառաբանությամբ ուղարկել հատուկ քննչական ծառայություն:
Իսկ թե ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան Սյունիքի մարզպետի դեմ տեղի ունեցած մահափորձի գործով ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող քննության արդյունքում, դժվար է ասել: Նկատենք, որ Սուրիկ Խաչատրյանը հաճախ է հյուրընկալվում քննչական կոմիտեում հարցաքննության կամ բացատրական աշխատանքների:
Իսկ ի՞նչ եղավ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործը: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` ՀՀ գլխավոր դատախազությունը այդ գործը արդեն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե: Նախաքննությունն այս մարմնում շարունակվում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԱՆԴԻ ՀԵՏԵՎԱ՞ՆՔԸ
Երեկ՝ առավոտյան ժամը 10:10-ի սահմաններում, ողբերգական միջադեպ է գրանցվել «Արմենիա» բժշկական կենտրոնում: 1982 թ. ծնված Հայկ Վարդանյանը երկու հրազենով ներխուժել է Հանրապետական հիվանդանոցի ծննդատան հիվանդասենյակ եւ կրակել պառկած կնոջ՝ 1988 թ. ծնված Միլենա Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել: Կատարվածից հետո կնոջը վիրահատության էին ենթարկել:
Նշենք, որ Միլենան ծննդաբերել էր 3 օր առաջ` կեսարյան հատումով: Կրակոցների ժամանակ նորածին երեխան եղել է մոր կողքին: Երիտասարդ աղջկա կյանքը, բարեբախտաբար, հաջողվել է փրկել, սակայն վերջինս շարունակում է մնալ ծանր վիճակում: Իսկ թե ինչն էր եղել կրակոցի պատճառը, պաշտոնապես դեռ ոչինչ հայտնի չէ:
Armlur.am-ի լրագրողը հանցագործության հետքերով գնացել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ խմբված մարդկանց հետ զրուցելիս պարզել է, որ ամուսնու այդ քայլի պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է կասկածը, որ ինքը չէ երեխայի հայրը: Ավելին՝ լուրեր են պտտվում, որ երիտասարդ զույգը ամուսնու կասկածների պատճառով մշտապես տարաձայնություններ է ունեցել: Բայց այս բոլոր հարցերի պատասխանը կտա քննությունը:
Տեղեկացնենք, որ փաստի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Իսկ, ահա, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 պարկուճ, 1 գնդակ, հրազենային վնասվածք՝ հիվանդասենյակի բազմոցին, երկու ատրճանակ (մեկը` տղամարդու տաբատի գրպանում):
150 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ
Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին հնչած կրակոցների գործով մեղադրողը միջնորդել է Արտակ Բուդաղյանին դատապարտել 150 հազար դրամ տուգանքի: Այս մասին 168.am-ին հայտնել է Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Դատախազության եւ Խաչատրյանների կողմից հետապնդվող մի պարզ մարտավարություն կա` ամեն գնով այնպես անել, որ Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվի սպառնալիքներ տալու համար, որպեսզի ցույց տան, թե քանի որ սպառնալիքներ եղել են, ուրեմն Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն իրավաչափ են»,- նշել է փաստաբանը:
«ՄՈՒՏԻԼՈՎՇԻԿՆԵՐԸ» ՉԿԱՅԻՆ
Երեկ առավոտյան Բաղրամյան պողոտա այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` արձանագրելով, որ առավոտյան ակտիվիստները բավականին սակաթիվ են` մոտ 60-70 հոգի, ասել է. «Բա ո՞ւր ա մեր կենդանի պատը, չե՞ն վախենում ոստիկաններից, որ հեսա կկոտորեն: Մեր սերնդի ծերուկ ավազակները ստեղ չե՞ն, գալիս, խառնում են ջահելներին, թողնում, թռնում են: Կռված տղերքը կռվարարություն չեն սովորացնում, նրանք խաղաղություն են սովորեցնում, այլ ոչ թե գալիս են, ֆոլկլյորով ասեմ` մուտիլովկով են զբաղվում»:
ՊՈՒՏԻՆԻ ԸՆԿԵՐԸ
Հունաստանի ճգնաժամի դրամատիկ զարգացումների մեղքը մեծապես ընկած է եվրոպացի բյուրոկրատների ուսերին: Giornale պարբերականի ներկայացմամբ` նման կարծիք է հայտնել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: «Եվրաբյուրոկրատիան հուսահատեցնում է: Մենք վաղուց ենք ասում, որ եվրոպական ինստիտուտները իրենց ներկայիս տեսքով ոչ ֆունկցիոնալ են: Եվ Հունաստանի դեպքում Եվրոպան ի ցույց է դնում արագ ու արդյունավետ գործելու լիակատար անկարողությունը»,- ասել է Բեռլուսկոնին:
ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ
Կանադայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները: Ցուցակը համալրել են 3 ֆիզիկական ու 14 իրավաբանական անձինք: Փաստաթուղթը ստորագրել է երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը: Իրավաբանական անձանց թվում, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել, հայտնվել են «Գազպրոմը», «Գազպրոմնեւտը», «Տրանսնեւտը» ու Marshall Capital Fund հիմնադրամը: Անհատական պատժամիջոցների են ենթարկվել Երիտասարդական եվրասիական միության ղեկավարներ Ալեքսանդր Դուգինը, Պավել Կանիշչեւը, Անդրեյ Կովալենկոն: