Դեկտեմբերի 7-ի առավոտյան Գյումրին մարդաշատ էր: Ակնհայտ տխրությամբ ու մտահոգությամբ, մեխակները ձեռքներին, յուրաքանչյուրն ինչ-որ տեղ էր շտապում: Ամենափրկիչ եկեղեցու բակում, որտեղ տեղադրված է երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանը, առավոտյան հարգանքի տուրք մատուցվեց: Արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, պետական կառույցների աշխատակիցներն ու բազմաթիվ գյումրեցիներ: Արարողության սկզբում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մատուցեց հոգեհանգստի կարգ: Ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելուց հետո շքախումբն ուղեւորվեց Գյումրու «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի Լալայան փողոց` մասնակցելու զինծառայողների համար կառուցված ծառայողական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում դեռ նախորդ տարվանից մեկնարկել էր երեք մուտք ու 33 բնակարան (9 հատ մեկ, 9 հատ երկու եւ 15 հատ երեքսենյականոց բնակարաններ) ունեցող այս շենքի շինարարությունը: Բնակարանամուտ տոնող 33 ընտանիքների համար դեկտեմբերի 7-ը, հիշատակի օր լինելուց զատ, դարձավ նաեւ երջանիկ ու շատերի համար երկար սպասված օր: Երկրաշարժի հետ կապված հիշողություններից ու տնակներից ազատվելու փաստից շատերը հուզվել էին ու չէին կարողանում արցունքները զսպել:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բնակարանամուտի առիթով նախ շնորհավորեց զինծառայողների ընտանիքներին, ապա շնորհակալություն հայտնեց ՀՀ ՊՆ-ին: «Մենք տարելիցները պետք է հիշենք, բայց դրանք հիշելուց զատ, պետք է կարողանանք նաեւ առաջ շարժվել, որ գյումրեցին կարողանա հասկանալ, որ կյանքը շարունակվում է, առաջ է գնում՝ չմոռանալով մեր անմեղ նահատակներին»,-իր խոսքում նշեց քաղաքապետը:
«Դեկտեմբերի 7-ը հայ ժողովրդի համար հիշատակի օր է,-ասաց Սեյրան Օհանյանն ու ավելացրեց,-այս խորհրդանշական օրը, քանի որ կյանքը շարունակվում է, մենք որոշել ենք նաեւ բնակարանամուտ տոնել: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ: Թող այս պայմանները հնարավորություն տան շատ զավակներ ունենալ: Լիքը-լիքը երեխաներ եմ ձեզ ցանկանում, մանավանդ տղաներ, որոնք պետք է մեր հայրենիքի պաշտպանության պատվավոր գործն իրականացնեն»:
Նշենք, որ պաշտպանության նախարարին հանդիպելու եւ իրենց խնդիրները ներկայացնելու համար նորակառույց շենքի բակ էին եկել նաեւ մի քանի զոհված զինվորների հարազատներ: Նրանք պահանջում էին, որ իրենց ապահովեն բնակարանով, ինչի հետ կապված՝ Ս. Օհանյանն ասաց, որ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին բնակարաններով կամ գումարով փոխհատուցման ծրագիրը 2013թ. եւս շարունակվելու է: Ի տարբերություն վերջին երկու տարիներին տրամադրված 500 մլն դրամի՝ հաջորդ տարի հատկացվելու է 3 մլդ դրամ:
Հ.Գ. Ափսոսանքով նկատենք, որ արդեն որերորդ տարին է՝ երկրի նախագահը հարկ չի համարում դեկտեմբերի 7-ին այցելել Գյումրի: Գուցե երեսատե՞ղ չունի:
Գյումրի