ՀԱՐՑ. Ձմռան շեմին Երեւանի փողոցներում դեռ տեսնում ենք թափառող մուրացիկ երեխաների: Ի՞նչ աշխատանքներ են տարվում նրանց փնտրելու, գտնելու եւ համապատասխան հաստատություններում տեղավորելու ուղղությամբ, այս տարի քանի՞ նման երեխա է հավաքագրվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարածքային բաժինների կողմից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, ինչպես նաեւ հանցագործություն կատարած անչափահասների հայտնաբերում, եւ ձեւավորվում է Երեւանի տարածքում բնակվող մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահաս երեխաների շտեմարան, ինչպես նաեւ համատեղ քննարկվում են վերը նշված անչափահասների տեղավորման հետ կապված կողմնորոշման խնդիրները, պաշտպանվում նրանց իրավունքներն ու շահերը: 2012թ. բաժնի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ 6 թափառաշրջիկ, 4 իրավախախտ անչափահաս տեղավորվել է Հանրապետական թիվ 1 կրթահամալիրում: Տարվա ընթացքում բաժնի մասնագետների կողմից հայտաբերվել է մուրացկանությամբ զբաղվելու 4 դեպք, իրականացվել է կարիքների գնահատում եւ ըստ անհրաժեշտության տրվել խորհրդատվություն, սոցիալական աջակցություն: Վերը նշված անչափահասների եւ իրենց ընտանիքների նկատմամբ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության տարածքային բաժինների, ինչպես նաեւ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների կողմից իրականացվում է վերահսկողություն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսով ենք, որ «Երեւան քաղաքի տարածքում բնակվող մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահաս երեխաների շտեմարան»-ն իսկապես կնպաստի, որ նրանում ամփոփված անունները նման հեղինակավոր վերահսկողության պայմաններում հետագայում գտնեն իրենց տեղը կյանքում եւ ոստիկանական տեղեկագրերի հերոսներ չդառնան: