ՀՀ Ազգային ժողովի բակում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Այժմ վերանորոգվում են լողավազանն ու հարակից տարածքը:
Ուշագրավն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ` մասնավորապես հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ԱԺ բակում տեղի էր ունեցել միջոցառում, որն ընթանում էր հենց վերանորոգվող շատրվանի շուրջը:
Անտրամաբանական է, որ ԱԺ աշխատակազմը որոշել է քանդել մի շինություն, որը գործում էր ու որևէ հիմնարար խնդիր չուներ: Նշենք, որ նույն տրամաբանությամբ ԱԺ աշխատակազմը 87 միլիոն դրամի շինարարություն էր կատարել, որը վրդովվեցրել էր պատգամավորներին: Նույնիսկ մայիսի 26-ին բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին` պարզելու, թե ԱԺ-ի կապիտալ շինարարության համար 87 մլն դրամ է ծախսվել, ինչի՞ վրա է դա ծախսվել. «Ես ուզում եմ հիշել, թե ինչ շինարարություն է արվել, մի տեսակ չեմ մտաբերում»:
Հրայր Թովմասյանն էլ արդարացել էր, թե ԱԺ-ի աստիճաններն այնպիսին էին, որ այդ ցանկացած մեկը կարող էր աստիճաններից ընկնել, ոտքը կոտրել, ու իրենք այդ գումարով աստիճաներն են նորոգել: Այնպես են նորոգել, որ պատգամավորները դրանց արդյունքները չեն էլ «զգացել»:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը մեր հարցմանն ի պատասխան նշեց.«Ընդհանուր ամբողջ Ազգային Ժողովի վարչական տարածքի շրջակա միջավայրի և այլն վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Կարիք կար վերանորոգման, դրա համար վերանորոգվում է: Եթե չլիներ, չէին վերանորոգի: Վերանորոգվում են նաև ճանապարհները, ամբողջ ջրային համակարգը»: