Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Բաղրամյան պողոտայում 14 օր նստացույց անող ցուցարարներից մի քանիսին: Նրանք չդիմեցին ո´չ ջրցան մեքենայի, ո´չ էլ մահակների օգնությանը. նրանք պողոտան ազատեցին միայն ձեռքերի օգնությամբ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով պողոտայում գտնվում է Էլինար Վարդանյանի և Վահե Էնֆիաջյանի հետ, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու բերման ենթարկված ցուցարարների հետ:
«Բացառված է ուժի կիրառումը: Եթե վարչական իրավախախտումների ընթացակարգերով է՝ բնականաբար, իսկ եթե քրեական գործ կլինի՝ այլ ընթացք կստանա: Կարծում եմ՝ երեք ժամ հետո բոլորին բաց կթողնեն», – նշեց Պողոսյանը:
Հավելենք, որ պողոտայի երթևեկությունը վերականգնվել է: