ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Էռնեստ Մկրտչյանը, Սարգիս Այվազյանի կողմից իր բջջային հեռախոսահամարին ուղարկված վիրավորական արտահայտություներով և հայհոյանքներով կարճ հաղորդագրությունների կապակցությամբ, ընկերոջ` Վարդան Վարդանյանի հետ 2014թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, իր ավտոմեքենայի մեջ վիճաբանել է Սարգիս Այվազյանի հետ: Վիճաբանության ընթացքում քննիչը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Այվազյանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իսկ Վարդան Վարդանյանը վերջինիս ծեծի է ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ:
Էռնեստ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ Վարդան Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ևհայտարարվել հետախուզում:
Նշենք, որ արարքը կատարելու պահին Է. Մկրտչյանը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ ԷռնեստՄկրտչյանի կողմից դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և Վ. Վարդանյանի կողմից ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: