Հայաստանի նկարիչների միությունն այսօր չունի որեւէ պետական աջակցություն, ավելին, այն համարվում է հասարակական կազմակերպություն: Նկարիչների միության խնդիրների շուրջ զրուցեցինք միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ հետ:
-Վերջերս միության 80-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես բացվեց: Նկարիչների միությունը տարվա ընթացքում կազմակերպում է 50-60 ցուցահանդես, դա աննախադեպ քանակ է եւ բավական դժվար գործ: Հիմնվում ենք մեր էնտուզիազմի վրա, քանի որ պետական բյուջեից մենք ոչ մի լումա չունենք:
Այս տարի առանձին բացվեց երիտասարդ նկարիչների ցուցահանդես: Մինչեւ իմ նախագահ դառնալը երիտասարդների նկատմամբ առանձին ուշադրություն չի եղել: Այնինչ երիտասարդները մեր վաղվա ապագան են, եթե մենք նրանց չխրախուսենք, չենք ունենա մեզ փոխարինողներ: Կա երիտասարդ նկարիչների միավորում, ակտիվիստներ, նրանք իրենց խնդիրներն ունեն, որ առաջ են քաշում:
–Ո՞րն է ամենամեծ խնդիրը:
-Ամենակարեւորը արվեստանոցների հարցն է, որը մենք չենք կարող լուծել: Երիտասարդ նկարիչն ավարտելուց հետո չգիտի` որտեղ ստեղծագործել: Մեկը տանն ունի պայմաններ, մյուսը չունի: Իսկ ժամանակին պետությունն այդ հարցով օգնել, աջակցել է` անվճար տրամադրելով արվեստանոցներ, հիմա այդ բանը չկա: Օրինակ՝ Ուկրաինայի նկարիչների միությունն ունի մեծ արվեստանոցային ցանց, որը տրամադրում է նկարիչներին, նույնը Ռուսաստանում է:
Մարտի սկզբին Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների երիտասարդ նկարիչների ցուցահանդես: Մեր աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունից 5 նկարիչ իրենց 4-5 ստեղծագործություններով կմասնակցեն այդ ցուցահանդեսին: Եթե մենք ունենայինք ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ, շատ ավելին կկարողանայինք անել:
-Իսկ այսօրվա երիտասարդների մեջ կա՞ն խոստումնալից նկարիչներ, որոնք վաղը կարող են դառնալ Այվազովսկի, Սարյան…
-Որպեսզի նրանք դառնան այդ կարգի նկարիչներ, համապատասխան վերաբերմունք է պետք հասարակության ու պետության կողմից, նաեւ համապատասխան դաշտ: Անշուշտ, կան տաղանդավոր նկարիչներ, բայց նրանց համար պետք է պայմաններ ստեղծել, որ աճեն: Սակայն այդ պայմանները հիմա բացակայում են:
-Նկարիչների միությունը չի՞ հովանավորվում պետության կողմից, երբեւէ չե՞ք դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը` աջակցություն ստանալու համար:
-Մշակույթի նախարարությանը շատ այլ հարցերով ենք դիմել, նրանց հնարավորությունները կա՛մ քիչ են, կա՛մ… Հիմա մենք հրապարակում ենք միության 80-ամյակին նվիրված կատալոգ, որի ֆինանսավորման մի մասը նախարարությունն է տրամադրել:
-Ունե՞ք վիճակագրական տվյալներ, թե այս վերջին տարիներին քանի նկարիչ է գնացել Հայաստանից:
-Ո՛չ, չունեմ: Այսօր Հայաստանի նկարիչների միությունում կա մոտավորապես 740 արվեստի գործիչ, նրանք բնակվում են Հայաստանում: Ամեն տարի միության անդամ դառնալու համար մեզ դիմում է 50-60 դիմորդ, քննությունն անցնելուց հետո ընդունվում է մոտավորապես 40-60 տոկոսը:
–Փաստորեն, Հայաստանի նկարիչների միության անդամ դառնալու համար պետք է քննությո՞ւն հանձնել:
-Այո՛, ամեն ինչ այդքան հեշտ չէ: Կարող եմ ներկայացնել կարգը: Պարտադիր պետք է լինեն մասնագիտական կրթություն ստացած: Պետք է առնվազն երեք անգամ մասնակցած լինեն մեր միության կողմից կազմակերպված ցուցահանդեսներին, գործերն էլ ընդունվելուց առաջ ստուգվում են:
-Ի՞նչ արտոնություններ ունեն միության անդամները:
-Այսօրվա արտոնությունները շատ քիչ են, ավելի շատ բարոյական կողմն է ու պրեստիժը, որ միության անդամ են: Ժամանակին արտոնությունները հետեւյալն էին. եթե դու միության անդամ էիր, ապահովված էիր պատվերներով, որը տարեկան կազմում էր 7000 ռուբլի: Հիմա մի քիչ բարդ է հասկանալ, որ այն ժամանակ նկարիչը տարեկան ստանում էր ամենաբարձր աշխատավարձը: Անվճար ստանում էին արվեստանոցներ, հաճախ նաեւ ներկեր, վրձիններ, բացի այդ, կային ուղեւորություններ եւ այլն: Այսօր այդ արտոնությունները չկան: Նկարիչների միությունը ոչ մի տեղից ֆինանսավորում չունի, մի բան էլ ավելացնեմ` այն հիմա հասարակական կազմակերպության կարգավիճակով է: Հայաստանում գրանցված է 4000-ից ավելի հասարակական կազմակերպություն, մենք էլ դրանցից մեկն ենք:
-Դուք Վերնիսաժում եղե՞լ եք, այնտեղ ցուցադրվող նկարներն առհասարակ արվեստի գործ կարելի՞ է համարել:
-Առաջին հերթին ասեմ, որ արվեստի գործն այդ գնով չի կարելի վաճառել, դրանք շատ էժան են: Մեջները կան արվեստի գործեր, բայց կան նաեւ այնպիսիները, որ անընդհատ կրկնվում են: Բայց սա շուկա է, ու եթե պահանջարկն այդպիսին է, ուրեմն դա էլ արվում է:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ