Քաղաքագետ և Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Al Jazeera-ի համար «Հայերը կորցրել են ռուսների հանդեպ իրենց հավատը» վերնագրով հոդված է գրել:
«Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ավելի քան մեկ շաբաթ տևած բողոքի ցույցերը ի ցույց դրեցին Ռուսաստանի ամբարտավանության հանդեպ հայերի վրդովմունքի թարմացված զգացումը»,-նշված է հոդվածում:
Հոդվածում քաղաքագետը մասնավորապես նշում է, որ տարիներ շարունակ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ հուսալի գործընկերն է մնում: Այս գործընկերությունն իր մեջ նաև ներառում է Ռուսաստանի կողմից ՀՀ երկու սահմանների պաշտպանությունը (Թուրքիա, Իրան):
«Սակայն բացի ինքնիշխանության այս հիմնարար խախտումից՝ ռուսական ռազմաբազայի պայմանագրի պայմանները բավականին վիրավորական են, քանի որ Ռուսաստանը ոչ միայն հրաժարվում է ռազմաբազայի տարածքի համար վարձավճար տալուց, այլև պարտավոր է կրել բոլոր օպերացիոն ծախսերը։
Սա ընդհանուր առմամբ դիտվել է որպես անհրաժեշտ փոխզիջում ՌԴ կողմից Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու դիմաց»,- գրում է Կիրակոսյանը:
Սակայն վերջինս նշում է, որ այս փոխզիջումները նոր մարտահրավերների են հանդիպում՝ շնորհիվ վերջին 3 զարգացումների:
Առաջին մարտահրավերը, ըստ քաղաքագետի, կայանում է նրանում, որ Ռուսաստանն արդեն երկար ժամանակ է` հանդիսանում է ՀՀ թշնամի Ադրբեջանի զենքի թիվ մեկ մատարարարը, ինչի հետևանքով զինադադարի խախտման լուրջ դեպքեր են գրանցվել, որոնց արդյունքում կան զոհեր:
Երկրորդ զարգացումը կայանում է այդ զինադադարի խախտումներին Ռուսաստանի արձագանքից առաջացած հիասթափությունը: Ադրբեջանը իր հարձակումների համար պատասխանատվության չի ենթարկվել, ինչը լրջորեն խաթարել է ՌԴ կողմից ՀՀ անվտանգությունն ապահովելու հավատը:
Երրորդ իրադարձությունը, որը խորապես բռնկեց և անձնականացրեց հանրային զայրույթը Հայաստանում, հունվար ամսին Գյուրիում մի ամբողջ հայ ընտանիքի սպանությունն էր ռուս զինվորականի կողմից: