Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի շահագործումն արդեն որերորդ անգամ հետաձգվում է: Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանաhովը դեկտեմբերի 4-ին հայտարարել է, թե երկաթգծի վրա առաջին գնացքը կշարժվի 2013թ. վերջին: Իսկ vesti .az-ը, փորձելով արդարացնել երկաթգծի շահագործման ձգձգումը, գրել է, որ 2011-ի հոկտեմբերի 11-ին, 2012-ի մարտի 13-ին, 28-ին, հուլիսի 26-ին, հոկտեմբերի 6-ին, 21-ին եւ նոյեմբերի 7-ին երկաթգծի Ախալքալաքի տարբեր հատվածներում պղնձի եւ ալյումինի մեծ խմբաքանակների գողության դեպքեր են եղել, եւ նշել, թե Ախալքալաքը Սամցխե-Ջավախքի կենտրոնն է, որտեղ հիմնականում հայեր են բնակվում, ուստի գողությունների փաստերը կարելի է դիտարկել իբրեւ Հայաստանի կողմից կազմակերպված սադրանք: Նաեւ գրում է, թե գողացված պղինձն ու ալյումինը հայերը տեղափոխում են Հայաստան եւ այնտեղ վաճառում:
ՀԱՐՑ. Ծանո՞թ եք խնդրին, թե՞ ոչ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս հայտարարությունը, եւ առհասարակ, ինչո՞ւ են լռում մեր համապատասխան մարմինները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, տեղյակ եմ: Խնդիրն այն է, որ ի սկզբանե միջազգային հանրությունը չողջունեց այդ երկաթգծի կառուցումը, քանի որ այն չի լուծում տարածաշրջանի խնդիրները, այլ մեծացնում է փակուղիները: Հայաստանի շրջափակումը կամ դրա խորացումը շահեկան չէ ոչ մեկի՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար: Հետեւաբար, սկզբից եւեթ դրա կառուցումը մնաց Ադրբեջանի վրա, որն անգամ ֆինանսավորեց վրացական հատվածը: Ադրբեջանից հնչող ներկայիս հայտարարություններն ընդամենը երկաթգծի շինարարության ձախողումը հայկական կողմի վրա բարդելն է եւ ոչ ավելին: Իսկ թե ինչու են լռում Հայաստանի պատկան մարմինները ու չեն արձագանքում, բացատրություն չունեմ:
ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
“Ժառանգություն” կուսակցության
քարտուղար
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանն այդքան մեծ շահագրգռվածություն չունի, որ այդ երկաթգծի շահարկումը հետաձգվի: Այն ավելի շատ Ադրբեջանի խնդիր է, քանի որ կան տարածաշրջանային խնդիրներ` Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, եւ այդ իսկ պատճառով էլ, սա իմ անձնական տեսակետն է, Ադրբեջանը սպասում է, որ տարածաշրջանային խնդիրները որոշակի չափով հստակեցվեն, եւ նոր իմանա իր անելիքները: Իսկ ո՞վ է ասում, որ լռում ենք, սա ուղղակի հրապարակման ենթակա բան չէ եւ հասարակության հետ կապ չունի: Սա ավելի շուտ դիվանագիտական հարց է, եւ ինֆորմացված եմ, որ մեր դիվանագետները տալիս են համարժեք պատասխան: Կդժվարանամ ասել, թե երբ այն կշահագործվի, բայց որ կշահագործվի, հաստատ է: Հայաստանի համար այս երկաթգծի բացումը մի կողմից լավ է, քանի որ ճանապարհ է բացվում, բայց կա մի բացասական հարց, որ կան տարածաշրջանային խնդիրներ, եւ գուցե երկաթգծի շահագործման ձգձգումը մեզ համար ձեռնտու լինի:
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ