Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից ընթացիկ տարում բնակարաններ ստանալու իրավունքից զրկված 400-ի հասնող ընտանիքները, ովքեր համալրելու են գյումրեցի` բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 3500 ընտանիքների շարքերը, նույնպես հայտնվել են անելանելի վիճակում, ահազանգում է “Շիրակ կենտրոնը”: Նրանցից շատերը ապրում են այնպիսի ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում, որոնք վաղուց շարքից դուրս են եկել և դարձել ոչ պիտանի բնակության համար:
“Շիրակ կենտրոնի” ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակարանային իրավունքից զրկվածներից առավել ծանր է միայնակ կանանց և բազմանդամ ընտանիքների վիճակը: Եթե նրանք նախկինում ընդգրկված լինելով բնակարանային փախհատուցման ենթակա անօթևանների ցուցակում, հույս ունենալով, որ երբևէ բնակարան են ստանալու, մի կերպ դիմանում էին այդ կացարաններում, որոնցում թե ձմռան, թե ամռան ամիսներին գորշ և սոսկալի պայմաններ են ու գրեթե միշտ նույն ջերմաստիճանն է, ինչպիսին դրսում է, ամռանը՝ սաստիկ շոգ, ձմռանը՝ սաստիկ ցուրտ, ապա բնակարանային իրավունքից զրկվելուց հետո նրանք հայտնվել են նաև հոգեբանական ծանր վիճակում:
Այդպիսի ծանր սոցիալական և հոգեբանական վիճակում է գտնվում նաև օրերս բնակարան ստանալու իրավունքից մերժված և իր տնակում միայնակ ապրող 51-ամյա Անահիտ Ցոլակյանը:
Առավել մանրամասն “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում: