Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր սպանություն դեպք է եղել Երևանի Նոր Արեշ թաղամասում: Հրազենային վիրավորումից մահացել է 57-ամյա Վաղինակ Ասոյանը, ում վիրավոր վիճակում` բակի նստարանի մոտ, առաջինը տեսել է կինը: Սպանվածի հարևանուհին Armlur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը տեսել է` ինչպես է Վաղինակ Ասոյանը զրուցում հեռախոսով, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:
Իսկ տուժածի եղբայրը` Աբո Ասոյանը, նշեց, որ տեսնողներ են եղել` ինչպես է ինչ-որ մեկը սպիտակ «Ինֆինիտի» ավտոմեքենայի միջից կրակոցներ արձակում: Եղբոր խոսքով, սպանվածը առողջական խնդիրներ ուներ, նրան ապրելու շատ կարճ ժամանակ էր մնացել. «Հիվանդ թոշակառու տղա էր: Գնում էր դիալեզի, գալիս էր, օրերը հաշված էին: 8 փամփուշտ կար մարմնի մեջ, ո՞նց պիտի ողջ մնար»:
Թե ինչն է եղել սպանության պատճառը և ով է ոճրագործություն իրականացնողը, դեռևս հայտնի չէ, սակայն Աբո Ասոյանը վստահեցրեց, որ Վաղինակը որևէ մեկի հետ խնդիրներ երբևէ չի ունեցել:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրերական օրենսգրքի 104 (սպանություն) և 235 (ապօրինի կերպով զենք կրելը) հոդվածների հատկանիշներով: