Մեկնարկում է Հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ից 11-ը Հայաստանում կմեկնարկի Հայ-Վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը: Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ  ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ու Վրաստանի Կոմպոզիտորների Միության հետ համատեղ տեղի ունեցող այս նախագիծը կկայանա հանրապետության երեք քաղաքներում՝ Դիլիջանում (Արվեստի պետական քոլեջի դահլիճ, ժամը 14:00), Գյումրիում (Արվեստի դպրոցի դահլիճ, ժամը 16:00) և Երևանում (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահ, ժամը 18:00): Երեք համերգային օրերի ընթացքում կհնչեն Օտարի Տատաշվիլիի, Կախա Ցաբաձեի,  Գեորգի Շավերզաշվիլիի, Զուրաբ Նադարեյշվիլիի,  Օմար Մինդորաշվիլիի, Իրակլի Ցինցաձեի, Վաժա Ազարաշվիլիի և Մակա Վիրսալաձեի   կամերային ստեղծագործություններից՝ հայ երաժիշտների կատարմամբ: Թվարկված վերջին երեք հեղինակները Վրաստանից ժամանող պատվիրակության հետ ներկա կգտնվեն համերգներին: Ի դեպ, վրացական պատվիրակությունը Հայաստան կժամանի հուլիսի 8-ին: Նրանք կհանգրվանեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը:
– Այս նախագիծը կնպաստի երկու բարեկամ երկրների երաժշտության տարածման գործընթացի զարգացմանը: Կոմպոզիտորների Միությունը շարունակում է իր որդեգրած սկզբունքներով  առաջնորդվել և ստեղծել երաժշտական կամուրջներ աշխարհի տարբեր երկրների միջև, նշել է ՀԿՄ Նախագահ Արամ Սաթյանը

Հավելենք միայն, որ համերգների մուտքն ազատ է:




Լրահոս