Երկրաշարժերը 2012-ի դեկտեմբերի 6-ից մինչեվ 12-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 6-ից մինչև 12-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 13 երկրաշարժ, որից 6-ը օգոստոսի 11-ին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումներն են: Դեկտեմբերի 6-ին 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Զաքատալա քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք: Հաջորդ օրը Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 3-4 բալ: Վերջին 5 երկրաշարժերի ուժգնություններն էպիկենտրոններում կազմել են 3 բալ: Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Մակու քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք: Դեկտեմբերի 8-ին և 9-ին 2 երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում` Վեդի քաղաքից 26 կմ հարավ-արևելք: Դեկտեմբերի 10-ին սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնն է Իրանի Խոյ քաղաքից 6 կմ հարավ-արևմուտք գտնվող հատվածը: Դեկտեմբերի 12-ին ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղ-Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Քարվաճառ քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով տեղի է ունեցել 4 երկրաշարժ: Դեռ երկար կպահպանվի սեյսմիկ ակտիվ վիճակը ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան տարածքում (Խաղաղ օվկիանոս): Դեկտեմբերի 7-ին նշված գոտում գրանցվել է 7.3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն, որին րոպեներ անց հետևել է 6.2 մագնիտուդով հաջորդ ստորգետնյա ցնցումը: Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է մինչև 2 մ բարձրությամբ ցունամիի մասին, ինչի հետևանքով համապատասխան տարածքում բնակչությունը հնարավորինս արագ տարհանվել է: Մոտավորապես 1 մետրանոց հարուցված ցունամին վնաս չի պատճառել: Երկարատև ստորգետնյա ցնցումները խուճապի են մատնել Միյագի պրեֆեկտուրայի բնակիչներին, մայրաքաղաքում Տոկիոյում ճոճվել են երկնաքերերը: Նույն օրը Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում գրանցված երկրաշարժն ունեցել է 6.3 մագնիտուդ: Դեկտեմբերի 10-ին Բանդա ծովում` ինդոնեզական կղզիների մոտ, տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն, որը թույլ զգացվել է Հյուսիսային Մալուկու նահանգում: Երկրաշարժերի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Տեղեկացնում են  “ՍՊԾ” գործակալությունից։




Լրահոս