ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. “Բարգավաճ Հայաստան” կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ:
Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով՝ հաշվի առնելով կուսակցության կշիռը, վարկանիշը, այլընտրանք լինելու, ինչպես նաև միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հնարավորությունները:
ԲՀԿ քաղխորհուրդը, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում ստեղծված կոնյունկտուրան և Գագիկ Ծառուկյանի` իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը, նպատակահարմար գտավ նախագահական ընտրություններին հանդես չգալ սեփական թեկնածուով և չսատարել որևէ այլ թեկնածուի։ Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը”։