Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ զորակոչվել ու նվիրական ծառայության են անցել ՀՀ զինված ուժերում: Պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել բոլոր պատասխանատուներին խստագույնս պահպանելու օրինականության եւ արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում: Այդ մասին հայտնում են ՀՀ Պնախարարին առընթեր հասարակական խորհրդից:
“Հետեւողական քայլեր են արվում զորակոչից զորակոչ բացասական երեւույթները չեզոքացնելու, անարդարության, հովանավորչության ու կաշառքի սողանցքները փակելու, շահադիտական նկրտումներից գործընթացը զերծ պահելու ուղղությամբ:
Հասարակական խորհուրդը տեղեկանում է փաստերի, որոնք վկայում են ինչպես ձեռնարկված միջոցառումների արդյունավետության, այնպես էլ հասարակության շրջանում դրանց դրական ընկալման մասին: Սակայն կան բախտախնդիրներ, ովքեր հանդիպելով փակ դռների` “գործ դասավորելու” սին խոստումներ են տալիս մարդկանց` խաղադրույք կատարելով պատահականության վրա, եւ եթե ,բախտը ժպտում էե` փոխհատուցում են շորթում իրենց չարած գործի համար: Ահա թե ինչու այս երեւույթը կնքվել է “Բինգո” բնորոշ անունով: “Բինգո” մոլախոտը, լինի այն համակարգի ներսում, թե նրանից դուրս, իրականում հարցեր լուծելու ոչ մի լծակ չունի, այլ պարզապես սնվում է զարտուղի ճանապարհներ փնտրող մտայնությունից, ինչը, ցավոք, դեռեւս կաղապարում է շատերի գիտակցությունը:
Հասարակական խորհուրդը, զգուշացնելով խաբեբաների ծուղակն ընկնելու վտանգից, հորդորում է քաղաքացիներին բոլորի համար ընդհանուր, հավասար ու անխտրական սկզբունքի պահպանման մեջ փնտրել սեփական շահը:
Բարի ծառայություն ենք մաղթում մեր նորակոչիկներին: Աստված թող պահապան լինի հայոց բանակի բոլոր զինծառայողներին”,- ասված է հաղորդագրության մեջ: