
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ նա ասել է, որ վախեցնելու նպատակով է կրակել: Հիշեցնենք, որ Հենրիկ Ավագյանից բացի՝ այս գործով կալանավորվել են նաեւ Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը:
Վերջին երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության փորձին օժանդակելու եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով: Արա Բուդաղյանը մեղադրվում է սպանության փորձի դրդելու մեջ: Բոլոր երեքն էլ իրենց մեղքը չեն ընդունում: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բավական երկար ժամանակ գաղտնալսել է նշված անձանց հեռախոսները, եւ հենց հեռախոսազրույցների հիման վրա էլ նրանց կալանավորել են»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: