«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ կեսօրից քիչ անց Ոստիկանությունը հատուկ գործողության դիմեց Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ: Նախ՝ Բաղրամյան պողոտայից հեռացվեցին որպես բարիկադներ ծառայող աղբամանները, ապա, առանց հատուկ միջոցներ կիրառելու, սակայն ուժ գործադրելով՝ բողոքի 46 մասնակցի բերման ենթարկելով՝ Ոստիկանությունը վերականգնեց երթևեկությունը: Երեկոյան երիտասարդները կրկին հավաքվեցին Ազատության հրապարակում՝ որոշելու հետագա անելիքները, ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց… Բաղրամյան պողոտան, 14 օր փակ լինելուց հետո, երեկ բացվեց: Լա՛վ է դա, թե՞ վատ, դժվար է միարժեք գնահատել: Որևէ մեկը չի կարող բացառել, որ թեկուզ առաջիկա օրերին Բաղրամյանը կարող է կրկին փակվել, կրկին փակ մնալ օրեր շարունակ:
Սակայն հատկապես վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, որ հենց այնպես Բաղրամյանը փակ պահելն օր օրի մաշում է շարժման էներգետիկան, որն աննախադեպ էր ընդամենը մի քանի օր առաջ: Եվ, որպեսզի փողոցը փակվի ոչ միայն ֆիզիկապես, այլև այդ փակումն ունենա բովանդակություն, անհրաժեշտ է նոր օրակարգ, գուցե նաև՝ նոր դերակատարներ, նոր պահանջներ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման չեղարկման պահանջն այլևս այդ դերը չի կատարում: Անկախ ամեն ինչից, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը մեծ դաս էր ինչպես՝ իշխանությունների, այնպես էլ՝ քաղաքացիների, քաղաքական ուժերի համար: Թե ով ինչպես կօգտագործի այդ դասը, պարզ կլինի առաջիկայում: Ակնհայտ է միայն, որ այսուհետ ցանկացած որոշման կայացումից առաջ իշխանությունները հիշելու են Բաղրամյանը, ընդդիմությունը ևս, որևէ առիթով հանրահավաք կամ երթ կազմակերպելիս՝ հիշելու է այն, որ 14 օր շարունակ փակված Բաղրամյան պողոտան էականորեն բարձրացրել է պայքարի նշաձողը: Մնում է այն պահպանել նաև առաջիկայում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։