«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված 4 անձանցից մեկը` Հենրիկ Ավագյանը, արդեն ազգային անվտանգության ծառայությունում խոստավանել է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ, սակայն հրաժարվում է գրավոր ցուցմունք տալ:
Եվ այսպես, գրել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործը շուրջ մեկ ամիս քննվում էր ՀՀ քննչական կոմիտեում: Սակայն հունիսի կեսերին ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջեց մարզպետի դեմ կատարված մահափորձի գործը` նյութերին ծանոթանալու համար, եւ որոշվեց այլեւս չվերադարձնել քննչական կոմիտե, այլ ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար: Ի դեպ, երբ գործը գտնվում էր ՀՀ քննչական կոմիտեում, այս գործով հարցաքննվել էին 30-ից ավել անձինք, որոնց մեջ էր եղել Գորիսի «Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը եւ 2013 հունիսի 1-ին մարզպետի տան մոտ փոխհրաձգության ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը:
Եվ, ահա, երբ գործը ուղարկվեց ԱԱԾ մոտ երկու շաբաթ անց՝ հուլիսի 1-ին, ԱԱԾ պետը «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով մարզպետի դեմ տեղի ունեցած մահափորձի գործին, հայտնել էր, թե այդ գործով «լավ» եզրակացության են եկել: «Լավի» արդյունքում, հայտարարությունից երկու օր անց՝ հուլիսի 3-ին, առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, խուզարկություն կատարվեց Բուդաղյանների տանը, որից հետո սպանված Ավետիք Բուդաղյանի մյուս եղբայը՝ Արա Բուդաղյանը, կանչվեց ԱԱԾ հարցաքննության:
Մեղադրանքն առաջադրվեց
Երեկ ԱԱԾ-ն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել: Ըստ ԱԱԾ-ի` կալանավորված անձանցից Հենրիկ Ավագյանի բնակարանին կից շինությունում հայտնաբերվել է այն ինքնաձիգը, որից կրակվել է մարզպետի ուղղությամբ: Արդյունքում, Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով:
Իսկ Կապանի բնակիչներ Գարեն Աթաջանյանին եւ Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության փորձին օժանդակելու եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով: Արա Բուդաղյանին էլ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության փորձի դրդելու համար:
Ավելին՝ նախաքննություն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված անձանց կալանավորելու համար, ինչը դատարանը բավարարել է:
Ինչ կապ ունեն մարզպետի մահափորձի գործով կալանավորված այս 4 անձինք եւ, առհասարակ, ինչպես է ԱԱԾ-ն դուրս եկել նրանց հետքի վրա:
Եվ այսպես, Սյունիքի մարզպետի դեմ մահափորձ իրականացնելու գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Խոստովանեց
Եվ այսպես, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը, իր հետ կալանավորված անձանցից ճանաչում է միայն Վիտալի Մինասյանին: ՄԵր տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ Վիտալին Արայից 200.000 դրամ պարտքով գումար է վերցրել՝ իբր մոր ծննդյան օրը նշելու նպատակով: Ավելի ուշ վերադարձրել է 130.000 դրամը, իսկ մնացած 70.000 դրամը երկար ժամանակ չի տվել:
Այս չարաբաստիկ 70.000 դրամի պատճառով Արա Բուդաղյանի եւ Վիտալի Մինասյանի միջեւ սկսվել է հեռախոսային խոսակցություն: Արան պարբերաբար զանգահարել է՝ իր պարտքն ուզելու համար: Վերջին անգամ հունիսի 6-10 ընկած ժամանակահատվածում՝ Ղարաբաղից գալու ճանապարհին է զանգահարել Վիտալիին եւ պահանջել, թե պարտքդ բե՛ր, տո՛ւր: Նա էլ պատասխանել է, թե կգաս, կտամ:
«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ի համար հենց այս խոսակցություններն են հիմք հանդիսացել, որպեսզի Բուդաղյանի նկատմամբ քրեական մեղադրանք առաջադրվի՝ որպես Խաչատրյանի սպանության փորձի դրդիչ: Սակայն Արա Բուդաղյանը բազմիցս, նաեւ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ինքը ճանաչում է միայն Վիտալիին, իսկ մյուս կալանավորված անձանց հետ կապ չունի եւ երբեւէ առնչություն չի էլ ունեցել: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ կտրականապես հերքում է իր առնչությունը մարզպետի դեմ մահափորձի գործին: Իսկ թե ինչ կպարզի նախաքննությունը, ժամանակը ցույց կտա:
Մեզ հաջողվեց պարզել, որ մահափորձի գործով կալանավորված Վիտալին եւ Հենրին հեռավոր բարեկամներ են, իսկ, ահա, Գարեն ու Հենրիկը՝ մտերիմ ընկերներ:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցամբ՝ ԱԱԾ-ում Հենրիկը բանավոր կերպով խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ: Իսկ կրակելու նպատակը եղել է միայն մարզպետին վախեցնելը եւ ոչ ավելին: Սակայն նա դեռ հրաժարվում է ցուցմունք գրել:
Դատելով ստեղծված իրավիճակից, ըստ էության, ԱԱԾ-ն նշված անձանց հետքի վրա դուրս է եկել հեռախոսային խոսակցությունները լսելու արդյունքում: Նույն հիմքով էլ ԱԱԾ խուզարկություններ է կատարել նշված անձանց բնակարաններում, եւ Հենրիկ Ավագյանի բնակարանին կից շինությունից հայտնաբերվել է այն ինքնաձիգը, որով կրակել են հենց մարզպետի ուղղությամբ: Իսկ գուցե այդ զենքը այնտեղ դրվել է, որպեսզի խուզարկուները գտնեի՞ն, իսկ կոնկրետ անձն էլ խոստովանե՞ր: Այս մութ պատմության մեջ բոլոր վարկածներն էլ կյանքի իրավունք ունեն:
Հ.Գ Հենրիկ Ավագյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի հետ երեկվա տեսակցությունից հետո որոշակի տեղեկություններ է ստացել եւ պետք է միջնորդություն ներկայացնի, որպեսզի «Հենրիկի կնոջ, ծեր մոր եւ երկու աղջիկների համար պաշտպանության միջոց կիրառեն, քանի որ որոշակի մտավախություններ կան»: Ըստ Էության, Հենրիկը իր պաշտպանյալին հայտնել է, որ խոստովանել է՝ հենց ինքն է եղել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակողը, դրա համար էլ անհրաժեշտ է, որ նրա ընտանիքի անդամները մարզպետի հնարավոր ոտնձգություններից պաշտպանվեն:
Քնար Մանուկյան