Հուլիսի 9-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ Մոսկվայում կքննարկի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հեռանկարները: «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջեւ զրույցի ընթացքում կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության արդիական խնդիրները եւ ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության հարցերը»,- տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի հետ` պարզելու համար, թե ինչպես են ԲՀԿ-ում գնահատում ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ի եւ ՌԴ-ի առեւտրատնտեսական համագործակցությունը:
-Պարո՛ն Մելքումյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: ՌԴ եւ ՀՀ վարչապետները պատրաստվում են քննարկել ԵՏՄ շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերը: Ի՞նչ է տվել այդ համագործակցությունը, ի վերջո, վեց ամիս է, ինչ ԵՏՄ անդամ ենք, սակայն տնտեսվարողները նշում են, որ մինչ օրս որեւէ դրական տեղաշարժ եւ նկատելի օգուտ չկա այդ համագործակցությունից:
-ԵՏՄ-ն, որպես տնտեսական ու ոչ թե քաղաքական միություն, ես դրական եմ գնահատում, մենք էլ, այո՛, կողմ ենք քվեարկել այդ անդամակցությանը: Այժմ աշխատանքներ են տարվում, հիմքեր են դրվում, որպեսզի այդ շրջանառությունը ընդլայնվի, որը միանգամից չի լինի:
Իհարկե, տեղյակ եք, որ ապրանքաշրջանառությունը հայտնի պատճառներով իջած է՝ կապված ռուսական փոխարժեքի հետ, գիտեք, որ հայկական որոշ ապրանքներ արտահանման խնդիրներ ունեն` կապված ընդհանրապես Հայաստանի ներուժի հետ, բայց հիմա հիմքեր են դրվում, եւ դրա հետ կապված որոշ օրենսդրական նախաձեռնություններ ձեւավորվել են:
Օրինակ՝ դրան է վերաբերում շահութահարկի իջեցումը` կապված շինարարական ընկերությունների հետ եւ այլն, բայց ես կարծում եմ, որ դա միայն այդ օրենքներով չի, այստեղ պետք է նաեւ այնպիսի վիճակ լինի, որ Հայաստան-ԵՏՄ հարաբերությունները դառնան իսկապես շահավետ եւ արդյունավետ: Իսկ դրա համար պետք է փոխադարձ վստահելի հիմքեր դրվեն, կապեր լինեն, այսինքն՝ Հայաստանը պետք է կարողանա 180 միլիոնանոց շուկայի մասշտաբի համար համապատասխան ծավալի ապրանք արտահանել, այն, ինչում մենք հիմա դժվարություններ ունենք:
-Բայց չէ՞ որ, մինչ անդամակցելը, խոստումներ էին շռայլվում առ այն, որ ԵՏՄ-ն մեր առջեւ բոլոր դռները կբացի, եւ մենք կունենանք արտահանման ծավալների թռիչքաձեւ աճ: Մինչդեռ հիմա Հայաստանը կրկին «կոտրած տաշտակի» առաջ է կանգնել, ինչո՞ւ:
-Որպեսզի մենք այդ ծավալի ապրանք արտահանենք, պետք է ներդրումների ծավալն ավելանա, այսինքն՝ այն ներդրումների ծավալը, որը Հայաստանում կա, դա ես բավարար չեմ համարում: Պետք է իսկապես դրանք քառապատկվեն, հնգապատկվեն: Իսկ դրա համար որտեղից պետք է այդ փողը դնենք. ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է մատչելի վարկեր տրամադրի արտահանողներին, այսինքն՝ ամբողջ արտահանման գործընթացը պետք է ապահովագրվի, պետք է վարկեր տրամադրվեն Կառավարության երաշխիքներով:
Ես այդ հարցում տեսնում եմ, որ մենք մի քիչ դանդաղում ենք, ոնց որ դա լավ չի արվում, կամ տեսանելի չի, թե ինչպես է արվում: Դրա համար մենք պետք է ունենանք արտահանման այն գերակա ուղղությունները, որոնք գրել ենք այն ժամանակ ու ունենանք արդյունաբերական պետական ծրագիր, որպեսզի այդ ծրագիրը մինչեւ տարվա վերջ ձեւավորվի, ու մենք կարողանանք այդ ամեն ինչը զարգացնել:
Ուստի ես կառաջարկեի, որպեսզի շատ տեղերում ինքը՝ պետությունը մտնի ոչ միայն որպես երաշխավոր, այլեւ ինքը մտնի որպես բաժնետեր, պետությունը ձեւավորի այդ ամենը, սա մենք պետք է պարտադիր անենք: Մենք մեր տեղական շուկայում չենք կարողանա հաջողություններ ունենալ, որովհետեւ տեղական շուկայի վճարունակությունը փոքր է, մենք պետք է արտահանենք: Բայց դրա համար պետք չէ ինչ-որ հեծանիվ հնարել: ՀՀ-ն այդ երկրների հետ՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան ու հիմա էլ Ղրղստան, խորհրդային տարիներից ուներ աշխատանքի միջազգային բաժանման մասնագիտացում, թե ինչը ինչպես եւ որտեղ է եղել, այսինքն՝ եթե դրանք հանենք, նայենք, տեսնենք, թե ինչ է ու դա անենք նորի հետ միասին, կզուգակցվենք ու կհասկանանք, որ, այո՛, կարելի է արտահանել, բայց դեռեւս արտահանումը չի ստացվում:
Մենք Ռուսաստանից շատ բաներ ենք ներկրում եւ նաեւ արտահանում: Բայց կապված ռուսական ռուբլու, արեւմուտքի սանկցիաների ու այլ պրոբլեմների հետ՝ բացասական մեծ ազդեցություն կա, ինչը պետք է քայլ առ քայլ հաղթահարել:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը