Այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի էնեգետիկ համակարգից տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ են անհետացել, ինչի դիմաց վճարել եւ վճարում են սպառողները: Սակայն թալանը վերացական երեւույթ չէ, եւ ենթադրում է մարդկանց որոշակի խումբ` հանցակցության խիստ որոշակի աստիճանով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնավորեցման գործընթացի մասին հատկապես վերջին շրջանում շատ է գրվել, բայց կարծում ենք՝ ավելորդ չի լինի, եթե եւս մեկ անգամ արձանագրենք այն պաշտոնյաների անունները, ում ձեռամբ այդ ամենն իրականացվել է:
Ռոբերտ Քոչարյան- փաստացի հենց նա է ՀԷՑ-ի ներկա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն: Նա ՀԷՑ-ի մասնավորեցումը նախաձեռնեց 2001 թվականին, անմիջապես այն բանից հետո, երբ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ստեղծված իրավիճակում ավարտեց Հայաստանում ողջ իշխանությունն իր միանձնյա տիրապետության տակ վերցնելու գործընթացը: Սակայն այնպես ստացվեց, որ ՀԷՑ-ի սեփականաշնորհման` 2001-ին սկսված գործընթացին ռուսական ընկերությունները չկարողացան մասնակցել, եւ ժողովրդի դժգոհության պատճառաբանությամբ` գործընթացը դադարեցվեց: Այն վերսկսվեց 2002-ին եւ հատուկ այնպես կազմակերպվեց, որպեսզի հենց ռուսական ընկերություն դառնա ՀԷՑ-ի սեփականատերը: Օֆշորում գրանցված «Միդլենդ Ռեսուրզեզ» ընկերությունը ՀԷՑ-ը գնեց 37 մլն դոլարով՝ 12 մլն-ը վճարելով ընկերության բաժնետոմսերի, իսկ 25 մլն էլ պարտքերը մարելու համար: Հետագայում ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը «Միդլենդ Ռեսուրզեզից» գնեց ՀԷՑ-ը, բայց գործարքի արժեքն այդպես էլ հայտնի չդարձավ: Այդ ժամանակ մամուլը գրեց, որ Հայաստանի նախագահի ընտանիքը մի շատ կլորիկ գումարի տեր է դարձել:
Արմեն Մովսիսյան- Սույն պաշտոնյան, որը 13 տարի շարունակ (2001-2014 թվականներ) զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը, հիրավի կարող է համարվել մութ գործարքների եւ ֆինանսական աճպարարությունների անգերազանցելի վարպետ: Նշենք, որ ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործընթացը սկսվել է նրա՝ էներգետիկայի նախարար դառնալուց անմիջապես հետո: ՀԷՑ-ի հետ տեղի ունեցած խայտառակությունից բացի՝ հենց նույն Արմեն Մովսիսյանի ձեռքի գործն է նաեւ «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակը: Մեկուկես տասնամյակ շարունակ «Նաիրիտի» հետ կապված ֆինանսական «տեղաշարժերի» շնորհիվ Մովսիսյանը Հայաստանի ղեկավարության համար ապահովել է մոտ կես միլիարդ դոլար: Այդքան են կազմում «Նաիրիտի» պարտքերը, որոնց երաշխավորը ՀՀ Կառավարությունն է, եւ որոնք վերջնահաշվարկում վճարելու են Հայաստանի հարկատուները:
Դավիթ Վարդանյան- մեր երկրի ունեցվածքի սեփականաշնորհման հարցում իր ուրույն դերակատարությունն ունեցած այս գործչի ստորագրությունը եւս դրված է ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործարքի ներքո: Նա 3 տարի շարունակ՝ 2000-ից 2003-ին, զբաղեցրել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի պաշտոնը: Մինչ այդ` Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, ընդդիմադիր է եղել, սակայն Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո շատ արագ դարձավ իշխանություն: Իսկ իր պաշտոնավարման տարիներին համարվում էր Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը: Ուշագրավ է, որ հենց նրա ձեռամբ «ջրվեցին» նաեւ «Արմենտելի» սեփականաշնորհման հետ կապված մութ գործարքները, քանի որ տեւական ժամանակ ղեկավարելով նախագահին (Ռոբերտ Քոչարյանին) կից համապատասխան հանձնաժողովը` Դավիթ Վարդանյանն, ի վերջո, այնպես արեց, որ գործարքի բոլոր շահագրգիռ կողմերը ջրից միանգամայն չոր դուրս եկան:
Վարդան Խաչատրյան- ՀԷՑ-ի սեփականաշնորհման ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը եւ իր ստորագրությամբ վավերացրել է այդ գործընթացը: Խաչատրյանը հայտնի էր նրանով, որ կյանքից մեծ պահանջներ չուներ. նրա թուլությունը գիշերային ակումբներն էին, որոնց այցելությունները երբեմն ավարտվում էին սկանդալներով:
Հարություն Փամբուկյան- Դեռ 1999թ-ից լինելով Աժ պատգամավոր` այս գործարարը լրագրողներին եւ հանրությանը առավել հայտնի դարձավ հենց ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործընթացում ունեցած իր մասնակցությամբ: 2002-ին ՀԷՑ-ի սեփականաշնորհման ընթացքում մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ հենց նա է կազմակերպել «Միդլենդ Ռեսուրզեզի» միջոցով ՀԷՑ-ը ռուսներին փոխանցելու գործարքը: Այլ կերպ ասած՝ նա մի անձնավորություն է, ում ստորագրությունը սեփականաշնորհման փաստաթղթերում չես գտնի, բայց առավել քան կարեւոր դերակատարություն է ունեցել այդ գործարքում, ինչի շնորհիվ կարողացավ հաջորդող տասը տարիներին հսկայական շահույթներ ստանալ եւ Հայաստանում ծաղկեցնել իր բիզնեսը` զուգահեռաբար մինչեւ 2012 թվականը լինելով պատգամավոր:
Սերժ Սարգսյան- ՀԷՑ-ի սեփականաշնորհման ժամանակ նա համատեղում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: Նրա ստորագրությունը եւս ՀԷՑ-ի սեփականաշնորհման գործարքի տակ չկա, բայց միեւնույն է՝ նա եւս այն անձանցից է, որը ոչ միայն ողջ գործաքին քաջածանոթ է եղել, այլեւ անմիջական ստվերային մասնակցություն է ունեցել: Իսկ հետագայում` 2009-ից սկսած, հանձն է առել ՀԷՑ-ի թալանած փողերը սպառողների հաշվին «փակելու» գործընթացը:
Իհարկե, վերը թվարկված անձանցից բացի՝ բազմաթիվ այլ պաշտոնյաներ եւս իրենց մասնակցությունն են ունեցել ՀԷՑ-ի սեփականաշնորհման խայտառակ գործարքին, սակայն նրանք հիմնականում եղել են կատարողներ, իսկ, այսպես ասած, առանցքային դեմքերը հենց վերը բերված անձինք են, ովքեր գործարքի կնքման պահին եւ դրան հաջորդած տարիներին անձնական օգուտներ են ունեցել: Այսօր, սակայն, նրանք բոլորը` առանց բացառության, անարգել վայելում են Հայաստանի ռազմավարական կարեւորության այս համակարգը ռուսներին «նվիրելու» պտուղները: Ռոբերտ Քոչարյանը ճամփորդում է, զբաղվում գերթանկարժեք կենդանիների որսով, պարապ ժամանակն էլ նվիրում է ներքաղաքական ինտրիգների դյութմանը: Արմեն Մովսիսյանը եւս վայելում է պաշտոնավարման տարիներին «ետ գցածը»՝ զուգահեռաբար զարկ տալով տարբեր բիզնեսների, մասնավորապես` ջայլամաբուծությանը:
Դավիթ Վարդանյանի մասին առհասարակ բոլորը մռացել են, մինչդեռ նա չափազանց շատ բան գիտեր այդ տարիների «ալան-թալանի» մասին: Հավանաբար, նաեւ շատ լավ գիտեր բոլորի հետ ճիշտ հարաբերվելու ձեւն ու չափը, դրա համար էլ այսօր հանգիստ վայելում է կուտակածը:
Դե, իսկ «քաջ նազար»-ի բախտ ունեցող Վարդան Խաչատրյանը թեեւ զբաղեցնում է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը, սակայն նույնպես առանձնապես չի հիշվում: Ըստ ամենայնի, նա հիմա հանգիստ կերպով վայելում է իր երբեմնի երազանքը` «մի բակալ սառը պիվան», եւ էլի շատ այլ բաներ:
Գործարար Հարություն Փամբուկյանը Հայաստանից քամելով հնարավորը` ներկայումս իր հաջող բիզնես գործունեությունն է շարունակում Ռուսաստանում: Նրա մոտ ամեն բան լավ է լինելու, քանզի ռուսները հաստատ չեն մոռանա, թե ինչպիսի ծառայություն մատուցեց իրենց:
Դե, իսկ Սերժ Սարգսյանն էլ առայժմ հաջողեցնում է «խփել ինչքան ուզում է» եւ ում ուզում է: Զուգահեռաբար նաեւ աշխարհին ներկայանալ որպես ժողովրդավար եւ հանդուրժող ղեկավար, ինչի դիմաց էլ, ըստ ամենայնի, առաջիկայում, սահմանադրական բարեփոխումներն անցկացնելով` կստանա իշխանությունը երկարաձգելու նոր հնարավորություն:
Թեեւ շատերին կարող է թվալ, որ այս մարդիկ անպատիժ են մնալու, բայց վաղ թե ուշ գալու է այն օրը, երբ բոլորը պատասխան են տալու իրենց արածների եւ նաեւ չարածների համար:
Վահագն Հովակիմյան