Օրերս ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանում աղքատության վերաբերյալ, մեղմ ասած, տխուր տվյալներ հրապարակեց: Ըստ այդմ, 2008-2011թթ. մեր աղքատ հայրենակիցները սկսել են 6,3 տոկոսով ավելի աղքատ ապրել, ասել է թե` պարզապես հայտնվել են թշվառության մեջ: Մինչդեռ հարուստները, ընդհակառակը, իրենց կյանքը բարելավել են: Եթե աղքատների սպառման ամսական մակարդակի անկումը կազմել է 4768 դրամ, ապա հարուստների դեպքում գրանցվել է 3571 դրամի աճ: Հաշվի առնելով սույն գերատեսչության թվանկարչական հմտությունները՝ կարելի է վստահ լինել, որ իրական պատկերն անհամեմատ ավելի սարսափելի է: Ըստ վերջին մարդահամարի տվյալների՝ Հայաստանում այսօր փաստացի ապրում է 2 միլիոն 870 հազար մարդ: Եվ եթե հիմք ընդունենք տարեսկզբին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հրապարակած` աղքատության 35,8 տոկոս ցուցանիշը (թեեւ վստահաբար` անցած 11 ամիսներին այդ ցուցանիշն աճել է), ապա ստացվում է, որ այսօրվա դրությամբ 1 միլիոն 27 հազար 460 մարդ աղքատ է: Ընդ որում, ըստ ԱՎԾ պաշտոնական տվյալների՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այդ մեկ միլիոնից ավելի աղքատները, փաստորեն, էլ ավելի են աղքատացել: Հիմա` տրամաբանական հարց. ո՞ւր է այդ մեկ միլիոնի բողոքի ձայնը: Ինչո՞ւ այն չի լսվում նախագահական ընտրությունների շեմին, այն դեպքում, երբ 2008թ.-ին այդ ձայնն այնքան ուժեղ էր, որ այն լռեցնելու համար իշխանությունները գնացին մարտի 1-ի : Ի վերջո, 2008թ.-ին, այն էլ պաշտոնական տվյալներով, այդ մարդիկ 6.3 տոկոսով ավելի կուշտ էին, սակայն նրանց գերակշիռ մասը դուրս էր եկել հրապարակ` պայքարելու իրենց աղքատության մեջ պահող ավազակապետության դեմ եւ երկրում իշխանափոխություն իրականացնելու համար: Մինչդեռ այսօր ոչ ոք չի էլ փորձում երկրի նախագահից պարզաբանում պահանջել, թե ինչու նա չիրականացրեց 2008-ին տված իր խոստումը, ըստ որի` հայկական ընտանիքների եկամուտներն առնվազն պետք է կրկնապատկվեին, իսկ կենսաթոշակային բարեփոխումներն էլ հանգեցնեին նրան, որ քաղաքացու թոշակը բավարարեր արժանապատիվ կյանքով ապրելու համար:
Գալիք նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս, սակայն ժողովուրդը կարծես թե քնած է խորը քնով, որը մի քիչ էլ շարունակվելու դեպքում կարող է վերածվել մահվան քնի` բառիս բուն իմաստով: Եվ դրա մեջ որքան մեղավոր է իշխանությունը, նույնքան էլ` եթե ոչ ավելի, ընդդիմությունը, որն արդեն անթաքույց ձեւով զբաղված է բացառապես սեփական քաղաքական շահի առեւտրով: Եվ այսօր դժվար է միանշանակ պնդել. ում են ավելի շատ ատում Հայաստանի՝ մեկ միլիոնից ավելի աղքատ քաղաքացիները` իրենց այդ վիճակին հասցրած ՀՀ իշխանությունների՞ն, թե՞ իրենց աղքատության մեջ լքած եւ հուսախաբ արած ընդդիմությանը:
Ո՞ՒՄ ԵՆ ԱՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ