Չնայած մայիսի 17-ին համայնքների խոշորացման հարցով իրականացված տեղական հանրաքվեների արդյունքում մասնակիցների մեծ մասը դեմ էր արտահայտվել ծրագրին, այդուհանդերձ, այն իրագործվելու է: Եվ պիլոտային ծրագրերում ներառված համայնքների բնակիչներին այլ բան չի մնում, քան սպասել, թե երբ են իրականանալու համայնքների խոշորացման արդյունքում պաշտոնյաների խոստացած բարեփոխումները:
Տեղեկացնենք, որ այս տարի իրականացվելու է 3 պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Շինուհայր, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերով: Այսինքն՝ Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր համայնքները Թումանյան քաղաքի կազմում կմիավորվեն: Սյունիքի մարզում Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքները կմիավորվեն Շինուհայրի կազմում: Իսկ Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքները կմիավորվեն Դիլիջանի կազմում:
«Ժողովուրդ»-ը այս հարցի շուրջ զրուցեց մի քանի գյուղապետերի հետ եւ հետաքրքրվեց, թե այս ընթացքում գյուղացիներն ինչ են մտածում համայնքների ՛խոշորացման վերաբերյալ: ՀՀ Սյունիքի մարզի Խոտ համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գյուղի բնակիչներն անհամբեր սպասում են համայնքների խոշորացմանը: «Սպասում են խոստումներին: Ասել են, որ ներդրումներ են անելու գյուղում, ծրագրեր են իրականացնելու: Մենք էլ հույսով սպասում ենք»,- նշեց Խոտի գյուղապետը:
Իսկ, ահա, Լոռու մարզի Լորուտի գյուղապետ Հրաչյա Սահակյանն ասաց, որ գյուղի բնակիչները այդքան էլ հետաքրքրված չեն համայնքների խոշորացմամբ: «Բայց ես միանշանակ համաձայն եմ համայնքների խոշորացմանը, որովհետեւ հույս ունեմ, որ խոշորացումից հետո ժողովրդի վիճակը գոնե փոքր ինչ կբարելավվի: Հիմա ճանապարհների խնդիր ունենք, բայց խոշորացումից հետո, հուսով ենք, որ այն կլուծվի: Լավ կլինի, մի անհանգստացեք»,- հույս հայտնեց Լորուտի գյուղապետը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը գյուղապետերից տեղեկացավ, որ այս ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը համակարգիչներ է տրամադրում գյուղերին, որպեսզի կարողանան այդ կերպ կապ պահպանել կենտրոնական համայնքի հետ՝ փաստաթղթային գրագրության գործընթացում:
Սյունէ Համբարձումյան