Ցավոք, որևէ հասարակություն ի զորու չէ հեռու պահել երեխաներին տարբեր իրավիճակներից. Հովհ. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում հուլիսի 7-ին մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը:

Այն ներառում է օրենսդրության միջազգային փորձաքննությունը երեխայի իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության տեսանկյունից, անչափահասների արդարադատության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործողությունների պլանի մշակումը,  օրենքի հետ խնդիրներ ունեցող, վկա և տուժող երեխաների հետ առնչվող անձնակազմի կարողությունների զարգացումը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել, որ այս տարվա հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը,  Արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ սկիզբ է դրել Հայաստանում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված մի նոր նախաձեռնության, որն արտացոլում է ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականության ուղղությունները  և բխում  է  համատեղ  հաստատված  գործողությունների պլանից:

«Ցավոք, որևէ հասարակություն ի զորու չէ հեռու պահել երեխաներին տարբեր իրավիճակներից.երեխաները կարող են առնչվել քաղաքացիական, վարչական քրեական արդարադատության մարմիններին, լինել տուժող, վկա, մեղադրյալ, դատապարտյալ:  Կարևոր է, որ  նշված  մարմինները մատչելի լինեն երեխաների համար, առավելագույնս ապահովեն նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը,  հարմար և ընկալելի լինեն` զերծ պահելով նրանց հետագա խնդիրներից և պիտակավորումից»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖԻ-ին գործընկերության փորձը զարգացնելու համար:

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացմամբ կունենանք նաև էական ձեռքբերումներ օրենսդրական երաշխիքները կյանքի կոչելու առումով, մասնավորապես` միասնական տեղեկատվության համակարգի ստեղծմանն ուղղված գործողությունների պլան, արդարադատության ոլորտում տարբեր մարմինների կարողությունների բարձրացում, երեխաների հետ վարվելակերպի նոր մոտեցումների ամրագրում և դրանց կիրառման խթանում:

Նախարարն ընդգծել է այս ոլորտում բոլոր մարմինների համատեղ և համագործակցված աշխատանքի կարևորությունը և նշել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստ է բոլոր շահագրգիռ կառույցների, անհատների ջանքերը մեկտեղելու՝ Հայաստանում արդարադատության ոլորտում երեխաների պաշտպանության միասնական և գործուն համակարգ զարգացնելու ուղղությամբ:

Հայաստանում ՄԱԿ-­ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը պատրաստակամության և արդյունավետ համագործակցության համար և նշել, որ արդարադատության համակարգի հետ առնչվող երեխաները նույնպես ունեն իրենց իրավունքները, որոնք պետք է առավելագույնս պաշտպանված լինեն. հակառակ դեպքում այդ երեխաները կարող են բարոյական և հոգեբանական վնասներ կրել: «Վերջին տարիներին Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման առումով: Ներկայում Հայաստանում ազատազրկված երեխաների թիվը փոքր է, ինչն էլ խոսում է այս ոլորտում երկրի դրական առաջընթացի մասին»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-­ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ընթացքում՝ արդարադատության հետ առնչվող երեխաների հետ աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Հաշվի առնելով տարբեր գերատեսչությունների դերակատարության և համագործակցության կարևորությունը անչափահասների արդարադատության համակարգի կայացման գործում՝ միջոցառման ընթացքում հայտարարվել է անչափահասների արդարադատության հարցերով խորհրդի ստեղծման մասին:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ Խորհրդի աշխատանքներն ուղղված են լինելու շահագրգիռ և պատասխանատու մարմինների ներգրավմամբ Հայաստանում անչափահասների արդարադատության ոլորտում այս ծրագրի, ինչպես նաև հետագա նախատեսվող ծրագրերի, ռազմավարական պլանների   համատեղ, միասնական դիտարկմանը, զարգացման ապահովմանն ու 2016-2020 թվականների ընթացքում ոլորտի ամբողջական կայացմանը:

Խորհրդի կազմում կընդգրկվեն ՀՀ առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, ՀՀ ոստիկանության, քննչական մարմինների, Դատախազության, հասարակական կազմակերպությունների և բոլոր այն շահագրգիռ  մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչվում են երեխաների համար արդարադատության իրականացման գործընթացին:

Ծրագրի մեկնարկը հայտարարող միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:




Լրահոս