Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել սպիտակ «Նիսան Ալտիմա» ավտոմեքենայով. Արեշում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հուլիսի 6-ին Նոր Արեշում 56-ամյա Վաղարշակ Ասոյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015թ. հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ է արձակել քաղաքացի Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամսոն Մաթևոսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ։

Սեղմ ժամկետում ձեռնարկվել են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Նախքաննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննության են ենթարկվել հարակից տարածքների տեսախցիկների ձայնագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ հանցագործություն կատարող անձը դեպքի վայրից փախուստի է դիմել սպիտակ «Նիսան Ալտիմա» մակնիշի 89 NL 888 հերթական համարանիշի ավտոմեքենայով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այն շահագործվում է Երևան քաղաքի բնակիչ Գագիկ Ղանդիլյանի կողմից: Վերջինիս հայտնաբերելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, սահմանափակվել է վերջինիս ելքը ՀՀ-ից:

06.07.2015թ. ժամը 18.05-ին Բավրա» սահմանային անցակետից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Գագիկ Վեսպանսիոնի Ղանդիլյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է: Կասկածյալը հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք և հայտնել հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգի և «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի գտնվելու վայրը։

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ՝  կասկածյալի մատնանշած վայրում հայտնաբերվել է «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենան, իսկ սրահում՝ «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, և 20 փամփուշտ:

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս