Սեպուհ Ապիկյանը` դժոխքի միջով անցնելու, միայնակ մնալու և աշխատանքը փոխելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերիալներից եւ հումորային ծրագրերից հայտնի դարձած դերասան Սեպուհ Ապիկյանը, ում ընթերցողները կարող են հիշել Ճպըլի, Բշտիկյանի եւ Խափլանյանի կերպարներում, տեւական ժամանակ է` գործազուրկ է: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե անգործության այս շրջանն ինչով է պայմանավորված, եւ ինչպես է մտադիր դերասանը հաղթահարել կյանքի այս դժվարին փուլը:

-Սեպո՛ւհ, շուրջ մեկ տարի առաջ Դուք հանդիսատեսին գրավում էիք Ձեր բազմազան կերպարներով, սակայն արդեն տեւական ժամանակ է` չեք երեւում էկրաններին, բեմում, իսկ պատճառը երկրպագուների համար շարունակում է մնալ անհայտ: Ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում նոր նախագծերում:

-Ես արդեն նշել եմ, որ այժմ ոչ մի տեղ չեմ աշխատում: Իսկ թե ինչու, ինքս այդ հարցի պատասխանը չունեմ: Այս ընթացքում ունեցել եմ ֆիլմերից, որոշ նախագծերից հրավերներ, սակայն այդ խոսակցությունները մնացել են օդի մեջ: Հստակ հրավերներ չկան: Չգիտեմ… Երեւի դերասանները շատացել են, գուցե էլ իմ կարիքը չի զգացվում: Այս պահին թատրոնում էլ զբաղվածություն չունեմ:

-Կարծում եք` ժողովուրդը հոգնե՞լ է Ձեր կերպարներից, թե՞ խնդիրն այլ տեղ պետք է փնտրել:

-Միանշանակ, այս իրավիճակի հետ ժողովուրդը կապ չունի. խնդիրը հեռուստաընկերությունների հետ է կապված, որոնց կողմից հրավերներ պարզապես չկան, ինչպես ասացի՝ ինքս էլ չգիտեմ` ինչու: Իսկ ժողովրդի մի ստվար զանգված մշտապես ասում է, որ կարոտել է ինձ, իմ կերպարներին…

-Իսկ անգործության այս շրջանը շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարի հետ կապ ունի՞:

-Դե, այդ ավտովթարից հետո ես շուրջ մեկ տարի ֆիզիկապես հնարավորություն չունեի աշխատելու. ամեն հնարավորություն՝ այս հանգամանքով պայմանավորված, կորավ: Բայց արդեն մի քանի ամիս է` ես ոտքի եմ կանգնել, այսպես ասած` սպասողական վիճակում եմ:

-Այդ ավտովթարից հետո չարացած էիք մարդկանց, հայրենիքի, աշխարհի նկատմամբ: Այդ պահերին Ձեր կողքին ունեի՞ք մեկին, ով հոգեպես կսատարեր Ձեզ: Առհասարակ, սոցցանցերում թողած Ձեր գրառումներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Դուք մշտապես միայնակ եք:

-Այդ ամիսներին ես դժոխքի միջով եմ անցել, մենակություն եմ զգացել: Կային հազվագյուտ մարդիկ, որոնք ֆինանսապես օգնեցին ինձ` Գրիգոր Դանիելյանը, Արմեն Պետրոսյանը. նրանց շատ շնորհակալ եմ: Բայց ընդհանուր առմամբ ես լիովին միայնակ եմ եղել, մարդկանց հետ շփման կարիք կար, որը ես չունեի: Միայնակ դուրս եմ եկել այդ վիճակից:

-Իսկ ընտանիքի անդամնե՞րը…

-Ոչ, խոսքը նրանց մասին չէ. նրանք իմ կողքին են եղել:

-Իսկ հիմա, երբ գործազուրկ եք, ֆինանսական առումով Ձեզ համար դժվար չէ՞, օգնողներ ունե՞ք: Ի՞նչ եք մտադիր անել:

-Օգնողներ, միանշանակ, չունեմ. բոլոր դժվարություններն իմ ուսերին են: Դե, Աստված մի ճանապարհ կբացի, կամ էլ, երեւի, վերջնականապես կփոխեմ աշխատանքս, դեռ չգիտեմ… Գուցե իմ երկրորդ մասնագիտությամբ զբաղվեմ, երաժշտության ոլորտ մուտք գործեմ: Ինքս կոնսերվատորիայի սան եմ, երգեր եմ գրում, հիմնականում` ջազային: Գուցե սկսեմ երգել…Տեսնենք:

-Եղե՞լ է, որ ընտանիքի անդամները խրախուսեն հետ կանգնել դերասանի Ձեր մասնագիտությունից:

-Շատ է եղել, որ ասել են` տեսնո՞ւմ ես՝ Հայաստանում քո մասնագիտությունը չի գնահատվում ինչպես հարկն է…

-Իսկ կին-տղամարդ հարաբերություններում ո՞ր խնդրին եք բախվել: Ինքներդ էմոցիոնալ անձնավորություն եք. դա Ձեզ չի՞ խանգարել:

-Այդ հարաբերություններում ամենակարեւորը անկեղծությունն է, հարգանքն ու սերը: Ես կուզենայի ավելի սառնասիրտ լինել, ամեն բան սրտիս մոտ չընդունել, այդքան էմոցիոնալ չլինել, բայց ես այնքան «սնդիկ» բնավորություն ունեմ, երբեմն մեկ ձեռքով ուզում եմ տասը ձմերուկ բռնել… Իսկ, առհասարակ, մարդկային հարաբերություններում ես ինքս նվիրվող տեսակ եմ, բայց նույն վերաբերմունքը փոխադարձաբար չեմ ստանում կամ շատ քիչ եմ ստանում…

Կուզենա՞ք` Ձեր երեխաներն էլ Ձեր ոլորտն ընտրեն:

-Երեխաներիցս մեկը համակարգչային ծրագրերով է հետաքրքրվում, մյուսը` պարով: Երբ տղաս փոքր էր, ուզում էր իմ ուղին բռնել, բայց որ անկեղծ լինեմ` ինքս չեմ ուզենա, որ նա դերասան դառնա Հայաստանում: Այստեղ այդ մասնագիտությանը լուրջ չեն մոտենում, իսկ ես չեմ ուզում, որ նա միջակություն լինի, սերիալների` փողոցից բռնած դերասան դառնա: Բայց թե ինչպես կդասավորվի նրանց կյանքը, ժամանակը ցույց կտա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս