ԱՆՊԱՇՏՊԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանության օրը Հայ ազգային կոնգրեսը նշեց բազմամարդ երթով: Նախքան երթի մեկնարկը Ազատության հրապարակում փոքր ելույթներով հանդես եկան ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ երթի մասնակիցների անունից հայտարարություն են նախապատրաստել՝ ԵԽԽՎ հայաստանյան ներկայացուցչություն հանձնելու համար: «Երթի մասնակիցներս կոչ ենք անում մեր ամբողջ ժողովրդին, հաշվի առնելով, որ գալիս են բախտորոշ նախագահական ընտրություններ՝ համախմբվել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ եւ ամեն ինչ անել այս երկրից բռնապետներին քշելու  համար»,-նշեց նա՝ հորդորելով քաղաքական ուժերին՝ գիտակցելով պատմական պահի կարեւորությունը, անել ամեն ինչ համախմբումը կայանալու եւ ժողովրդի ազատագրության համար: Այնուհետեւ բազմությունը Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով շարժվեց ՀՀ-ում ԵԽԽՎ գրասենյակ: Պատկերացնելու համար երթի բազմամարդությունն ընդամենը նշենք, որ առաջին շարքերը հասել էին Հանրապետության հրապարակ, իսկ վերջին շարքերը Մաշտոցի պողոտայից թեքվում էին Ամիրյան փողոց:
Երթի մասնակիցները ԵԽԽՎ գրասենյակին հանձնեցին նամակը, որտեղ ֆիքսված է Կոնգրեսի պահանջը՝ ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, դադարեցնել ՀԱԿ մյուս 3 երիտասարդ ակտիվիստների դեմ քրեական հետապնդումը: Նամակում նշված է, որ ՀՀ-ում, ի դեմս մարտի 1-ի 10 զոհերի, մերժվում է քաղաքացու կյանքի իրավունքը, ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը, եւ ՀՀ-ում չի պահպանվում ժողովրդի՝ սեփական իշխանությանն ընտրելու իրավունքը: ԵԽԽՎ գրասենյակի մոտ եւս ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը փոքր ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ ՀՀ իշխանությունները չեն իրականացնում ԵԽԽՎ առաջ ստանձնած իրենց պարտականությունները: Նա նաեւ նշեց, որ  ՀՀ-ում ժողովրդավարություն պետք է հաստատեն ոչ թե դրսի ուժերը, այլ դա ՀՀ քաղաքացիների պարտքն է: Նա հավաքվածներին  ակտիվ պայքարի կոչ արեց: Այնուհետեւ ԵԽԽՎ գրասենյակի մոտից ակտիվիստները Նալբանդյան-Թումանյան փողոցներով կրկին վերադարձան Ազատության հրապարակ: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշեց, թե իրենք պայքարելու են այնքան, մինչեւ Հայաստանը դառնա իրենց երազած երկիրը: Նաեւ նշեց, որ առաջիկա օրերին բարի լուր կլսեն, ու կսկսվի պայքարի հետագա փուլը: «Եթե չկարողացանք, փետրվարից հետո մեր վիճակը ահավոր ծանր է լինելու»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ը այս 5 տարիներին ընթացել է իր ծրագրին համընթաց.-մենք ծրագիրը տանում ենք առաջ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս ինչ անում է՝ ճիշտ է անում, ե՛ւ հավատում ենք, ե՛ւ վստահում ենք նրա քաղաքական խոհեմությանն ու հեռատեսությանը»: Ի դեպ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ չէր մասնակցում երթին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս